ՀասարակությունՌեպորտաժներ

Նոր հնարավորություններ արտահանողների համար․ կառավարությունը կաջակցի նաև խաղողի մթերմանը

Կառավարությունը քննարկել է թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության նոր միջոցառումը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում հունիսին արտահանող տնտեսվարողները ևս կստանան փոխհատուցում։ Արման Խոջոյանը ներկայացրել է նաև ծրագրի շահառու դառնալու ընթացակարգը։ Արտահանելուց հետո տնտեսվարողները պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնեն երկու փաստաթուղթ՝ արտահանման կամ տարանցման հայտարարագրի պատճենը, ինչպես նաև հաշիվ-ապրանքագիրը։

Հայաստանի գյուղատնտեսները մտահոգված են արտահանման շուկաների շուրջ ստեղծված անորոշությամբ և ներքին շուկայում առաջացած լճացումով։ Գյուղատնտես Սամվել Գևորգյանն ասում է՝ հատկապես բերքահավաքի սեզոնին արտահանման խափանումները կարող են ծանր հետևանքներ ունենալ ողջ տարվա համար․

«Մեզ ասում են՝ մի երկու ամիս դիմանանք, բայց հենց այդ երկու-երեք ամիսն է բերքահավաքի շրջանը։ Եթե այդ ընթացքում չենք կարողանում արտահանել, ամբողջ տարվա խնդիր ենք ունենում»։

Սամվել Գևորգյանը արդեն շուկայում լոլիկի և կարտոֆիլի վաճառքի լճացում է նկատում։ Նրա կարծիքով՝ դրա պատճառներից մեկն այն է, որ արտահանման դժվարությունների պայմաններում խոշոր ջերմոցային տնտեսությունները չեն կարողանում իրենց արտադրանքը դուրս բերել արտաքին շուկաներ և փորձում են իրացնել ներքին շուկայում՝ ավելացնելով առաջարկը․

«Ապրանքը շատ է լինում, չի վաճառվում։ Շուկան լճանում է»։

Սամվել Գևորգյանը մտադիր է այս տարի մոտ 40 տոննա կարտոֆիլ իրացնելու։ Սակայն արտահանման սահմանափակումներն արդեն ազդել են գների վրա։ Եթե մի քանի օր առաջ կարտոֆիլի մեկ կիլոգրամը վաճառվում էր շուրջ 300 դրամով, այժմ գինը նվազել է մինչև 170 դրամ։

«Եթե արտահանեինք, մոտ 280 դրամով կվաճառեինք։ Հիմա էլ, հնարավոր է, մեկ շաբաթից գինը հասնի 80-100 դրամի»։

Պետությունը հայտարարում է, որ կանգնած է գյուղացու կողքին։ Արտահանման աջակցության ծրագրով կառավարությունը փոխհատուցում կտրամադրի մի շարք գյուղատնտեսական և վերամշակված ապրանքներ արտահանողներին։ Մասնավորապես՝ ծիրանի յուրաքանչյուր կիլոգրամի համար նախատեսվում է 200 դրամ աջակցություն, սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250, իսկ կեռասի համար՝ 400 դրամ։ Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր լիտրի արտահանման դեպքում կտրամադրվի 350 դրամ, բրենդիի յուրաքանչյուր լիտրի համար՝ 830 , իսկ հանքային ջրի համար՝ 150 դրամ փոխհատուցում։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասում է, որ այսպիսով կառավարությունը ձգտում է դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները և կազմակերպել տնտեսվարողների անխափան գործունեությունը։

«Տնտեսվարողների համար ծրագրի շահառու դառնալու մեխանիզմն ավելի հասկանալի լինելու համար ներկայացնեմ, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է Էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնում է երկու փաստաթուղթ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթը, նույն ինքը` հաշիվ ապրանքագիրը»։

Ծրագիրը տարածվելու է նաև հունիսի 1-ից կատարված արտահանումների վրա։ Փոխնախարարի խոսքով՝ կառավարության նախնական հայտարարությունից հետո արդեն իսկ արտահանվել է շուրջ 257 հզր կգ կեռաս և գրեթե 65 հզր կգ ծիրան։

«Այդ արտահանումներ կատարած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին և ամսվա ավարտին ստանալ փոխհատուցում»։

Ծրագիրը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց հնարավոր ռիսկերի վրա, այն է՝ արդյո՛ք արտահանման համար նախատեսված աջակցությունները ներքին շուկայում ապրանքի պակաս չեն առաջացնի։ Վարչապետը կատակով նկատեց, որ չպետք է ստեղծվի իրավիճակ, երբ Երևանի բնակիչները ստիպված լինեն Փարիզում բնակվող հարազատներին խնդրելու ծիրան ուղարկել Հայաստան, քանի որ տեղում այն հնարավոր չի լինի գտնել։

«Համոզվա՞ծ եք, որ հետո ստիպված չենք լինելու ներմուծելու այդ նույն մեր ապրանքները, որովհետև սենց մեծ խթաններ ենք դնում։ Հետո կարող է պարզվել, որ մեզ ծիրան չմնաց Հայաստանի Հանրապետությունում»։

Ի պատասխան՝ փոխնախարար Արման Խոջոյանը վստահեցրեց, որ փոխհատուցման չափերը հաշվարկվել են՝ հաշվի առնելով գյուղատնտեսական սեզոնի առանձնահատկությունները։ Նրա խոսքով՝ այս տարի եղանակի պատճառով բերքահավաքը ուշացել է, և եթե անցած տարի ծիրանի հավաքը սկսվել էր մայիսի վերջին, այս տարի հիմնական բերքահավաքը սպասվում է հունիսի կեսից հետո։ Դա նույնպես ազդել է գնային հաշվարկների վրա։

Վարչապետն էլ հանձնարարեց շարունակել շուկայի օպերատիվ մոնիթորինգը՝ բացառելու անտրամաբանական գնաճը կամ ներքին շուկայում հնարավոր խնդիրները։ Նա նաև հիշեցրեց, որ սպառման վրա կարող են ազդել նաև զբոսաշրջային հոսքերը։

Միևնույն ժամանակ վարչապետը դրական համարեց արտահանման աջակցության նախորդ ծրագրի արդյունքները։

«Իսկ նախորդ ծրագիրը, որ ընդունել եք, ես ներկա չեմ եղել, հետո շուկայի արձագանքները գիտենք և, համենայն դեպս, լրահոսից տպավորություն է, որ էդ ծրագիրը արդեն իսկ որոշ ուղղություններ ավելի գրավիչ է դարձրել և մեր արտահանողները սկսել են ավելի լայն տեսնել աշխարհը»։

Խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս ասել է, որ արտահանման ծավալները ավելանում են, իսկ հայկական արտադրությոն ապրանքը որակապես չի զիջում եվրոպականին․

«Խնդիրն ընդամենը մեկն է՝ այո՛, լոգիստիկան բարդ է, լոգիստիկան երկար է, հեռու է, փակ սահմաններ, ծովի ելքի բացակայություն, տրանզիտ ժամանակի երկարություն, սրանք, բնականաբար, գնի վրա ազդում են և ազդում են գնային առումով մրցունակության վրա: Որակական առումով մրցունակության խնդիր հայկական ապրանքը չունի, և վաղուց անցել են այն ժամանակները, որ ասում էին, թե մեր ապրանքներն ո՞վ կառնի մերը որակով չէ: Այն ելակը, որն արտադրվում է Հայաստանում, այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում: Նույն մեթոդներով և տեխնոլոգիայով է աճեցվում, և չկա մի բան, որով տարբերվում է»։

Պապոյանը չհերքեց, որ հայկական արտադրանքը նոր շուկաներ արտահանելու խնդիրներ կան:

«Միայն այն, որ մարդիկ տարիներով իրենց արտադրանքն արտահանել են ՌԴ, իսկ հիմա Հունաստան, իրենց համար արդեն իսկ շոկային է, նոր բան պիտի սովորեն, նոր տրանզիտի հետ կապված օրենսդրական խնդիրներ կան»։

Կառավարության նիստին վարչապետը խոսեց նաև արտահանման ենթակառուցվածքների և նոր հնարավորությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը նշեց է, որ վերջին շրջանում բարելավվել են տրանսպորտային հնարավորությունները։ Նրա խոսքով՝ Ախալքալաք–Կարս երկաթուղային ուղղությամբ այժմ շահագործվում են արդեն երկու գծերը, մինչդեռ նախկինում գործում էր միայն մեկը։ Վարչապետը հայտնեց, որ այս հարցը քննարկել է նաև Վրաստանի վարչապետի հետ, որը հավաստիացրել է, որ բեռնափոխադրումների երկու ուղղություններով էլ առաջընթաց է սպասվում։ Թեման քննարկվել է նաև Թուրքիայի նախագահի հետ, և թուրքական կողմը ևս վերահաստատել է գործող ուղղությունների հասանելիությունն ու աշխատանքը․

«Մենք հույս ունենք, որ Հայաստան–Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի, էլ չեմ ասում` TRIPP-ի իրագործման շրջանակում, իհարկե, հնարավորությունները էականորեն կավելանան»։

Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունվել է աջակցության ևս մեկ ծրագիր, որն ուղղված է խաղողի մթերման խթանմանը։  Ծրագիր վերաբերում չշշալցված կոնյակի սպիրտի արտահանմանը և կապակցված է խաղողի մթերման ծավալներին։ Այն կազմակերպությունները, որոնք արտահանում են 100 հզր լիտրը գերազանցող ծավալով, յուրաքանչյուր բացարձակ լիտրի համար վճարում են 100 դրամ տուրք։ Ըստ այս ծրագրի՝ կառավարությունը պարտավորվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը փոխհատուցելու այդ գումարը՝ պայմանով, որ տնտեսվարողները խաղողի մթերման սեզոնին համապատասխան ծավալի խաղող մթերեն տեղական արտադրողներից։

Կարդացեք նաև

Back to top button