
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է ընդունել 6 ամիս ժամկետով արգելել ցորենի արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրներ:
Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Ըստ հիմնավորման՝ տեղական արտադրությունը չի բավարարում ներքին շուկայի պահանջարկը, որը հիմնականում լրացվում է ներմուծման ծավալների հաշվին։ Նշվում է, որ սահմանված արգելքը չի տարածվի այն ապրանքների վրա, որոնք Հայաստան են ներմուծվել և ձևակերպվել «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ նույնպես 6 ամիս ժամկետով, արգելվել է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը:
Այս քայլը պայմանավորված է շրջակա միջավայրի պաշտպանությամբ և մեքենաների կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Արգելքը թույլ կտա նվազեցնել մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումները, որոնք առաջանում են առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով։




