ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ն իրավական քայլեր է ձեռնարկում Հայաստանի դեմ՝ անդամավճարները չմուծելու հիմքով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կառույցի Կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հարցը: Պատճառը Երևանի կողմից ավելի քան երկու տարի անդամավճարները չվճարելն է, Կազանում ընթացող ՀԱՊԿ–ի արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելով՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հայաստանն ավելի քան երկու տարվա պարտք է կուտակել կազմակերպության բյուջեին։ Գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ քարտուղարությունը կնախապատրաստի իրավական վերլուծություն՝ Կանոնադրության դրույթների կիրառման վերաբերյալ, որոնք կարգավորում են նման իրավիճակները»,- նշել է Լավրովը:

ՀԱՊԿ Կանոնադրության համաձայն՝ ֆինանսական պարտավորությունները չկատարելու դեպքում անդամ պետությունը կարող է ժամանակավորապես զրկվել կազմակերպության մարմիններում քվեարկելու և քվոտավորված պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից, քանի դեռ պարտքն ամբողջությամբ չի մարվել:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը, մեկնաբանելով իրավիճակը, հստակեցրել էր Երևանի դիրքորոշումը. «Մենք անդամավճարներ չենք վճարում, որովհետև պարզապես չենք մասնակցում կազմակերպության աշխատանքներին»:

Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ կառույցին մեղադրելով Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ: ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն բացառում նաև կազմակերպությունից դուրս գալու հավանականությունը:

Կարդացեք նաև

Back to top button