
Այսօր կրթական համակարգը կանգնած է արագ փոփոխությունների առաջ։ Փոխվում են սովորողների կարիքները, դասավանդման մոտեցումները, կրթական տեխնոլոգիաները և նույնիսկ ուսուցչի դերի ընկալումը։ Ժամանակակից ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ․ նա առաջնորդ է, փոփոխությունների նախաձեռնող և համայնքի զարգացման կարևոր դերակատար։
Հենց այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն այն կրթական ծրագրերը, որոնք աջակցում են ուսուցիչների մասնագիտական աճին, առաջնորդական կարողությունների զարգացմանն ու շարունակական ուսումնառությանը։
Այսօր առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը, որը միավորում է կրթությունը, առաջնորդությունը և համայնքային ազդեցությունը։
Ինչո՞ւ է ուսուցչի մշտական ուսումնառությունը կարևոր, ի՞նչ դժվարություններ կան այդ ճանապարհին, և ինչպե՞ս կարող է սովորող ուսուցիչը դառնալ կրթական փոփոխությունների առաջնորդ։
Շարունակական ուսումնառությունը պահանջում է նաև ճկուն և հասանելի կրթական ձևաչափեր։ Այս համատեքստում կարևոր նախաձեռնություններից է Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայի շրջանակում իրականացվող 30 կրեդիտ տրամադրող ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուսուցիչներին համատեղել աշխատանքն ու մասնագիտական զարգացումը։
Մասնագիտական աճի կարևոր բաղադրիչներից մեկն էլ ուսուցչի աշխատանքի գնահատումն ու հանրային արժևորումն է։
Այդ տեսանկյունից հետաքրքիր նախաձեռնություն է նաև «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի և «Կորիզ» կրթական ծրագիրի կողմից համատեղ իրականացվող «Տարվա ուսուցիչ» մրցույթը։
Ժամանակակից ուսուցիչը պետք է ոչ միայն փոխանցի գիտելիք, այլ նաև մշտապես զարգանա, առաջնորդի և ձևավորի փոփոխություններ։
«Դպրության» տաղավարում են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի կրթական ծրագրերի նախագծման ավագ ղեկավար Աննա Խաչատրյանը, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 10-րդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդ, «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Արմենուհի Աբրահամյանը, «Էվրիկա» հիմնական և «Եվրասիա» ավագ դպրոցների ուսուցչուհի և «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի ուսանող Վարդուհի Աֆյանը։




