Հասարակություն

Շահեն Պետրոսյան.«Բաց երկնքի քաղաքականության հայտարարմամբ՝ մենք կորցրեցինք ավիացիան»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Բաց երկնքի քաղաքականության հայտարարմամբ՝ մենք կորցրեցինք ավիացիան։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Հայաստանի կառավարության իրականացրած բաց երկնքի քաղաքականությանն անդրադառնալով՝ նա հիշեցրել է, որ դեռ 90-ականներից էր մեր երկրի առջև դրված բաց երկնքի քաղաքականության խնդիրը: «Այդ տարիներին չէր կարելի ազատականացնել ավիացիան, քանի որ ավիացիան առաջին հերթին անվտանգություն է: Այդ տարիներին արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում հայկական ավիաուղիների նկատմամբ, և այդ ստեղծված խնդիրներից առաջացած փշրանքների շուկայի վրա ստեղծվեց «Արմավիա» ընկերությունը: Իսկ 2006 թվականի Սոչիի վթարից հետո, բնական է, որ Արմավիան պետք է սնանկանար: Այդ վթարի վերաբերյալ որևէ քննություն չեղավ, և ամեն ինչ գցվեց օդաչուի վրա»,-ասաց քաղավիացիայի վարչության նախկին պետը:

Նա շեշտել է՝ բաց երկնքի քաղաքականության հայտարարմամբ մենք կորցրեցինք ավիացիան:

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյան. «Կարծում եմ, որ այս ամենի թիկունքում կանգնած է ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը: Նրանք էինք մեզ դրդում դրան»,-հայտարարել է Շահեն Պետրոսյանը հավելելով,-«բաց երկինքի քաղաքականությունը սիմետրիկ հայտարարություն է, այն չի կարող միակողմանի լինել։ Կներեք այս խոսքի համար, բայց մենք այսպիսով դառնում ենք «պրոխոդնոյ դվոր» ամեն մի արկածախնդրի համար: Վաղը, մյուս օրը «Աէրոֆլոտը» գրավելու է մեր շուկան: Վերականգնվում է հին Սովետական միության պատկերը, ինչը սկսել է նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից: Չգիտեմ, ԵՏՄ-ն իրականություն կդառնա՞, թե ոչ, բայց այն շատ վտանգավոր է մեզ համար: Մենք կորցնում ենք ոլորտը ոլորտի հետևից: Չի բացառվում, որ մի օր Լենինի արձանն էլ վերականգնվի»:

Կարդացեք նաև

Back to top button