ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սեփականությունը՝ եկեղեցուն, վերահսկողությունն ու օտարման իրավունքը՝ կառավարությանը

Եկեղեցիները, կրոնական հուշարձաններն ու շինությունները կարող են օտարվել կամ նվիրաբերվել միայն կառավարության համաձայնությամբ։ Գործադիրը կարող է մերժել սեփականության փոփոխությունը, եթե առկա է գույքի ոչ հանրօգուտ օգտագործման ռիսկ:

Այս փոփոխությունը նախատեսող օրինագիծն այսօր քննարկվել է երկրորդ ընթերցմամբ ու ստացել ԱԺ ոլորտային հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Հեղինակների  խոսքով՝ նախաձեռնությունը միտված է հուշարձանների պահպանությունն ավելի ինստիտուցիոնալ դարձնելուն, ընդդիմադիրները առաջարկը Մայր Աթոռի իրավասություններին միջամտելու փորձ են համարում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի առաջարկած փոփոխությունները մշակութային և կրոնական հուշարձանների  օտարման մասին երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն  խորհրդարանի լիագումար  նիստում։  Ոլորտային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։ Հեղինակներն ասում են, որ առաջինից երկրորդ ընթերցում գրավոր առաջարկներ պատգամավորներից չեն ստացել։ Մեկ առաջարկ արել է կառավարությունը, որն ընդունվել է։

Հեղինակներն առաջարկում են փոփոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը և ամրագրել, որ  հուշարձանների պետական ցանկեր ներառված պաշտամունքային կառույցները երրորդ անձանց կարող են օտարվել կամ նվիրաբերվել բացառապես կառավարության համաձայնությամբ:

Հեղինակների հիմնավորմամբ՝ Հայաստանի հուշարձանների մեծ մասը գրանցված է պետական ցանկերում, բայց վաճառքի կամ փոխանցման սահմանափակումներ կան միայն այն հուշարձանների համար, որոնք պետական սեփականություն են։ Իսկ մասնավոր հուշարձանների, եկեղեցիների ու պաշտամունքային այլ կառույցների դեպքում նման սահմանափակումներ չկան, ինչը չի երաշխավորում դրանց՝ հանրային շահին համապատասխան օգտագործումը։

Նախագծի համահեղինակ Թագուհի Ղազարյան․ «Խոսքը պատմամշակութային այն հուշարձանների մասին է, որոնք կրոնական են, և որոնց օտարման կամ սեփականության իրավունքի փոփոխության պարագայում պետք է համաձայնություն լինի կառավարության հետ։ Սա այն հուշարձաններինն է վերաբերում, որոնք ներառված են հուշարձանների պահպանման ցանկերի մեջ»։

Հեղինակներն իրավիճակի ռիսկայնությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ պետության և հասարակության համար արժեքավոր, հենց այդ արժեքի պահպանության նպատակով հաշվառված հուշարձանները կարող են օտարվել առանց ընթացակարգային որևէ սահմանափակման։

Ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվում են, թե արդյոք գրանցվել են նախադեպեր, եղել են եկեղեցական գույքի սեփականության իրավունքի փոփոխման դեպքեր, որոնք նման առաջարկով հանդես գալու անհրաժեշտություն են ստեղծել։

Հարցը մասնավորապես հետաքրքրում է «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանին։

«Եկեղեցիները, վանքերն ու վանական համալիրները որևէ կերպ օտարման ենթակա չպետք է լինեն, և մենք չունենք փաստ, որ երբևէ պետական ցուցակներ ներառված պաշտամունքային որևէ կառույց օտարվել է»։

Նախագծի համահեղինակ Թագուհի Ղազարյանն առաջին ընթերցմամբ քննարկմանն էր ներկայացրել իրավիճակն ու մտավախությունները։

«Նման նախադեպեր չեն եղել, բայց կան չհերքված տեղեկություններ։ Մասյացոտն թեմի առաջնորդն ասաց, որ եկեղեցին կամ կազմակերպությունն իր փաստացի  ղեկավարի ընտանիքի անդամներին օտարել է գույքեր, ինչից հետո մամուլում տեղեկություններ հրապարակվեցին կոնկրետ հասցեներով և մարդկանց անուններով, որոնք ես այստեղ չեմ կրկնի՝ մարդկանց և նրանց հասցեները չթիրախավորելու համար»։

Այս առիթով Թագուհի Ղազարյանը մեջբերել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի՝ լրատվամիջոցների հետ զրույցից այն հատվածը, որը քննարկման առարկա էր դարձել։

«Եկեղեցուն պատկանող Գեղարդից փշրանք է նվիրվել Ռուս ուղղափառ եկեղեցու պետին՝ ծննդյան 75-ամյակի առիթով։ Քահանան ասաց, որ Գարեգին Բ-ն իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի՝ լինի աշխարհական, թե եկեղեցական, կարող է նվիրաբերելդա եկեղեցու հովվապետի բացառիկ իրավունքն է, որտեղ որևէ մեկը իրավունք չունի ձայն անգամ արձակելու»։

Ընդդիմադիր պատգամավորները մինչդեռ կարծում են, որ մշակութային ու կրոնական հուշարձաններն ընդհանրապես  օտարման ենթակա պետք է չլինեն։ Լիլիթ Գալստյանի խոսքով՝ այս տեսակետն ունեն նաև Մայր Աթոռը ներկայացնող հոգևորականները։

«Մայր Աթոռը ներկայացնող տարբեր հոգևորականներ ընդհանրապես դեմ են պաշտամունքային, կրոնական շինությունների, եկեղեցիների, վանքերի և վանական համալիրների օտարմանը»։

Հեղինակներն ասում են՝ նման լուծումը  կարող է հակասել Սահմանադրությանը։ Սիսակ Գաբրիելյանն էլ նշում է դեպքեր, երբ կառույցների օտարումը կարող է հանրային շահով պայմանավորված լինել։

«Կարող է այդ պետական ցանկում ունենանք այնպիսի հուշարձաններ, որոնք, օրինակ, եկեղեցուն կամ կրոնական կազմակերպությանը չեն պատկանում, այլ պատկանում են համայնքին կամ նախարարության ենթակայության տակ են։ Եվ որոշում է կայացվում, որ եկեղեցին դա ավելի լավ է կառավարում և ուզում է, որ այդ օբյեկտն օտարեն իրեն։ Եթե այդ արգելքը դնենք, կարող է ստացվել այնպես, որ օտարման փոփոխությունը չի կարող լինել»։

Սիսակ Գաբրիելյանն ուրախ է, որ եկեղեցին թեև ոչ պաշտոնական, բայց այլ խողովակներով փոխանցել է իր կարծիքը նախագծի վերաբերյալ։ Այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի հաջորդ շաբաթ գումարվելիք ԱԺ լիագումար նիստին։

Կարդացեք նաև

Back to top button