ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մտավորակա՞ն, թե՞ սահմանադրությամբ սահմանափակված գործիչ․ ում դեմ էր պայքարում և ում պաշտպանում խորհրդարանը

Ազգային ժողովը որոշեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն, իսկ Հակոբ Մովսեսի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին անդամակցությունը չի դադարեցվի։ Այս երկու հարցերն արդեն երեք օր բուռն կերպով քննարկվում էին խորհրդարանում։

Ամեն ինչ սկսվել էր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկած փոփոխությունների նախագծի քննարկումից։ Փոփոխություններից մեկով նախատեսվում է արգելել օտարերկրյա տեսալսողական ծրագրերով՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։

«ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն է համարվում, ըստ իս, այն տեղեկատվական, վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում՝ պետական իշխանության ձևավորման, ընտրությունների կամ հանրաքվեների, քաղաքական կուսակցությունների կամ շարժումների գործունեության, հանրային կարծիքի ձևավորման ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ»։

Ընդդիմադիրներն ու որոշ մեդիափորձագետներ կարծում են, որ սա խոսքի ազատությունը սահմանափակող նախաձեռնություն է, որը նախընտրական շրջանում առաջ բերելը պատահականություն չէ։ Ընդդիմադիրները նաև պնդում էին՝ օրինագծում չկան հստակ չափորոշիչներ: «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյան․

«ՀՌԱՀ-ում ճաշակով մարդիկ են նստած, օրինակ՝ Հակոբ Մովսեսը: Երբ որ հարց քննարկվի, օրինակ, թե TRT-ն, օրինակ, Ֆիդանի հայտարարությունը, որ աջակցում է Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, համարե՞նք միջամտություն, թե՞ չէ, Հակոբ Մովսեսը կհամարի, որ չէ, միջամտություն չի, բայց էն Սոլովյովը որ հերթական անգամ էշ-էշ դուրս տա, ինքը անպայման կհամարի, որ միջամտություն է: Դրա համար եմ ասում՝ շատ սուբյեկտիվ է ձևակերպումը»։

Իսկ նույն Հակոբ Մովսեսի անունը դեռ շատ քննարկվեց՝ վերաճելով նրա՝ ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցին։ Խորհրդարանական ընդդիմությունը վստահ էր՝ Հակոբ Հակոբյանը, որը հայտնի է՝ Հակոբ Մովսես գրական անունով, ի պաշտոնե ու սահմանադրական պահանջով պետք է լինի քաղաքականապես չեզոք, սակայն հրապարակային ելույթներում արել է քաղաքական հայտարարություններ, ուստի ո՛չ կարող է լինել այդ հանձնաժողովում, ո՛չ էլ քննարկվող օրենքի ընդունման դեպքում կատարել վերահսկող գործառույթ։

Պատգամավոր Արծվիկ Մինասյան․ «Հակոբ Հակոբյանն իր հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցնում ՀՅԴ հասցեին, այդ գնահատականներն ուղեկցվում են ատելության քարոզով։ Բացի դա՝ քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ ձևակերպումներ է տալիս՝ «խուժան» եւ այլ արտահայտություններով։ Ի՞նչ իրավունք ունի անկախ պետական մարմնի անդամը, որը Սահմանադրությամբ պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, չեզոքություն, նման գնահատականներ հնչեցնել»։

Խնդրո առարկան 1in.am-ին տված հարցազրույցն է, որի ժամանակ Հակոբ Մովսեսը դաշնակցական գաղափարախոսությունը՝ «Մահ կամ ազատություն» կարգախոսը, վտանգավոր էր համարել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել էր, որ վարքականոնի խախտում կա, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ելույթում պնդել էր՝ իրենց եզրակացությունը միայն խախտման մասին է, ոչ թե այդ խախտման հիմքով հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնել-չդադարեցնելու հարցի․

«Մենք, այո՛, մասնագիտական տեսանկյունից կարծում ենք՝ առկա է խախտում, բայց թե արդյոք խախտումի հիման վրա պիտի լիազորություն դադարեցվի կամ չդադարեցվի, դա հանձնաժողովին չի առնչվում, և այդտեղ մենք չենք կարող լինել շահագրգիռ անձ»։

«Չեմ ընդունում, որ ես Դաշնակցության հասցեին քաղաքական ոտնձգություն եմ կատարել, ես պատմական անալիզ եմ արել և եզրակացության հանգել»․ սա է Հակոբ Մովսեսի արձագանքն ի պատասխան այն երկար քննարկմանը, որը ծավալում էին իշխանությունը՝ պաշտպանելով վերջինիս՝ որպես մտավորականի հանդես գալու իրավունքը, և ըննդիմությունը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովի անդամ ընտրվել է ոչ թե մտավորական Հակոբ Մովսեսը, այլ գործիչ Հակոբ Հակոբյանը։

Գեղամ Նազարյան․ «Երբ դուք ընտրում եք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, դուք հանդես էիք գալիս որպես Հակոբ Հակոբյան, որը խոսում էր օրենքներից, խոսում էր օրենքի տարռից, դուք ՀՌԱՀ-ում գործում եք էդ օրենքի տառով։ Հակոբ Մովսեսի հետ ժամով կարող ենք խոսել, ժամով կարող ենք բանավիճել, ժամով կարող ենք համաձայնել կամ չհամաձայնվել, բայց դուք էստեղ կանգնած եք, ոչ թե Հակոբ Մովսես, էն ամեն ինչով, որ եղել է, որ կա, այլ հեռուստատեսության հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյան»։

Ի պատասխան՝ Հակոբ Մովսեսի արձագանքը շատ հակիրճ էր․

— Ես չգիտեմ ձեր ասածի պղտոր ջրերում որտե՞ղ լողանամ։
— (Լռություն)։
— Ավարտե՞ցիք, պարոն Մովսես․․․

Հակոբ Մովսեսը չի ավարտի պաշտոնավարումը նոր լիազորություններ ստացած Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում։

Կարդացեք նաև

Back to top button