ՀարցուԳԻՏԱփորձ

Ինչպե՞ս ապրել նոյեմբերից հետո․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Այդ սեզոնում ինքնազգանության փոփոխություններ են տեղի ունենում, և մեծ մասամբ հոգեբանական մակարդակով դրանք ախտաբանություն չեն, սակայն կան մարդիկ որոնք ունեն հակվածություն դեպի դեպրեսիվ խանգարումները։ Իրենց մոտ հուզական փոփոխությունները ավելի արտահայտված են լինում»։

Եթե ամեն տարի նոյեմբերի գալով գնում է խոսելու, շարժվելու, գործելու, ապրելու էներգիան, ապա դուք, ինչպես Երկրի բնակչության ավելի քան 9 տոկոսը, ունեք սեզոնային աֆեկտիվ խանգարում։ Եթե իրավիճակը կրիտիկական է ու դուք չեք ունենում նույնիսկ բազային գործողություններն անելու ուժ ու կյանքը ձեզ անհնարինության չափ բարդ է թվում, ապա դուք ավելի նեղ՝ բնակչության մոտ 5 տոկոսը ընդգրկող ակումբի անդամ եք։

— Այն մակարդակի չի, որ մարդուն ամբողջովին ուժասպառ անի և իր բոլոր սոցիալական, տնտեսական, մարդկային, անձնային այդ գործառությունները խաթարվեն, չէ։ Այդ ամենը կա, բայց ներքուստ մարդ բավարարված չի լինում իր արածից: Մի կողմից հիվանդ է, բայց մյուս կողմից հիվանդ չի։ Իսկ եթե խնդիրը ախտաբանական՝ արդեն դեպրեսիայի մակարդակի է, ապա բոլոր սիմպտոմները այն աստիճանի արտահայտված են լինում, որ ոչ մեկի երեսը չեն ուզում տեսնեն, ամբողջ օրը պառկած դեմքով դեպի պատը։ Ինչի՞․ որովհետև շփվելու ցանկացելու չկա։ Ուժ չկա, անգամ միտք չկա որևիցե բան ձեռնարկելու։ 

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք հասկանալ՝ ինչու է ապրելը երբեմն այսքան բարդ։ 

***

Մարդն ապրում է իր լավագույն կյանքը՝ պսպղուն-զրնգուն, հիմնականում՝ խիստ երջանիկ, տիեզերքի ուղարկած անակնկալները՝ սրտաբաց, բոլոր փորձությունները գրկաբաց ընդունելով, լիաթոք շնչելով, բարձրաձայն ծիծաղելով, երբեմն՝ հուսահատվելով, ավելի հաճախ՝ երկնքից աստղեր բերելու, աշխարհներ նվաճելու պատարաստ լինելով։ Մի խոսքով՝ սիրում է կյանքը։ Ապրում է բոլոր էմոցիաները։ Հետո նրա հետ նոյեմբեր է պատահում։ Ու փշրվում է ամեն ինչ։
Սա մի բան է, որ տեղի է ունենում միլիոնավոր մարդկանց հետ տարվա ամենամութ եռամսյակի ընթացքում ու գիտական լեզվով կոչվում է սեզոնային աֆեկտիվ խանգարում։ 

Եթե դուք ունեիք էներգիա, որը մառախուղի առաջին ծվենների հետ հօդս է ցնդում, եթե արևի լույսի պակասի հետ պակասում է որևէ բան անելու ցանկությունը, ապա դուք, մեծ հավանականությամբ, տերյանական թախիծով կյանքը դրամատիզացնող, գեղեցիկ տխրող, պարզապես ձեզ այդպես ծրագրավորած-տրամադրած մեկը չեք։

Ի՞նչ է տեղի ունենում որոշ մարդկանց հետ ուշ աշնան ու ձմռան օրերին, ի՞նչ է ուզում նրանց օրգանիզմը, որ չի ստանում, ինչպե՞ս ապրել, երբ չկա դա անելու էներգիա․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։ 

«Հյուսիսային մասնագետները սկսել են այս երևույթը ուսումնասիրել և այն աստիճանի խորությամբ, որ հոգեբուժական խանգարումների հիվանդությունների դասակարգման մեջ առանձնացվել է «սեզոնային աֆեկտիվ խանգարում» հասկացողությունը։ Որպես հիվանդություն, որպես ախտաբանական միավոր դա եղել է անցած դարի մոտավորապես 80-ական թվականներին»:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռուսաստանյան բնագիտական ակադեմիայի իսկական անդամ, բժիշկ-հոգեբույժ Սամվել Սուքիասյանն ասում է՝ ձեր տրամադրության անկումը գիտնականների ուսումնասիրության առարկան է եղել։ Նախ տեղի ունեցողի մասին՝ պարզ մարդկային լեզվով․ պատկերացրեք՝ օրգանիզմը մեքենա է, որը շարժվելու համար էներգիայի կարիք ունի։ Այդ էներգիան, ի թիվս այլ բաների, արտադրվում է ցերեկային լույսի ու ջերմության շնորհիվ։ Ձեր օրգանիզմը իր բնական կենսագործունեության համար օգտագործում է նաև այդ աղբյուրից եկած էներգիան, որը մի օր սպառվում է։ Բայց դուք հո հիշո՞ւմ եք, որ այն կար։ Օրգանիզմը շվարում է, սկզբում՝ մատնվում խուճապի, հետո՝ անգործության։ Հասկանալի է՝ ցերեկն ավելի կարճ է, արևը՝ ավելի թաքնված․ չկա լույս, չկա ջերմություն, չկա էներգիա, ուստի չկա նաև բնականոն աշխատանք։ Բայց հոգեբույժն ասում է՝ այստեղ պետք է լինել ուշադիր, քանի որ լույսի պակասը գուցե ոչ թե առանձին ախտորոշման հիմք, այլ արդեն դեպրեսիայի նախադրյալները խորացնող գործոն է․

«Կլասիկ, տիպիկ դեպրեսիան ընթանում է տրամադրության անկումով, հոռետեսական մռայլ մտքերով, հոգեշարժական պասիվությամբ, ընդհուպ մինչև արգելակմամբ, մտածողության դանդաղումով և սրանք գումարվում են շատ-շատ-շատ ֆիզիկական, սոմատիկ գանգատներ, այսինքն՝ ընդհանուր թուլություն, գլխացավեր, մկանային լարվածություններ, ախորժակի, քնի հետ կապված խնդիրներ՝ անքնություն և այլն, և եթե այս ամեն ինչը նաև բացատրվում է ջերմության և լույսի սակությամբ, սա ռեկուրենտ դեպրեսիան է: Ինչո՞վ է տարբերում սեզոնային աֆեկտիվ խանգարումը․ մի շարք նույնատիպ գանգանտների հետ միասին ոչ թե ախորժակը բացակայում է, այլ, ընդհակառակը, ախորժակը բացվում է, այս մարդիկ ոչ թե անքնությունից են տառապում, այլ ընդհակառակը՝ արջի սիմպտոմն է առաջ գալիս, անընդհատ ուզում են քնեն և շատ երկար են քնում, բայց էլի այդ նույն պասիվությունը, անտարբերությունը, ուժասպառությունը, տրամադրության արտահայտ անկումը, այս ամենն առկա է»։

Այսպես կա երեք տարբերակ․ եթե դուք պարզապես այնքան էլ չեք սիրում այս եղանակը ու ավելի ուրախ կլինեք, եթե այն չլիներ, բայց ձեր օրգանիզմը առարկություններ չունի, ապա անհանգստանալու ոչինչ չկա․ թախծեք։ Տարբերակ երկրորդ՝ եթե ամեն ինչ ավելի լուրջ է, ապա հավանաբար գործ ունեք սեզոնային աֆեկտիվ խանգարման հետ, իսկ եթե նկատում եք խիստ արտահայտված դեպրեսիվ վարք, ապա կա հավանականություն, որ ձեզ մոտ ռեկուրենտ դեպրեսիա է։ Սա դեպրեսիայի տեսակ է, որը մարդու մոտ կրկնվում է մի քանի անգամ՝ մի քանի ամսով։ Նշանակում է՝ հակումը կա, իսկ լույսի պակասը պարզապես խթան է։ Եվ քանի որ բոլոր դեպքերում լույսի նշանակությունը շատ մեծ է, առաջարկվում է խնդրի լուծման տարբերակ՝ լուսային թերապիա․

— Ստեղծվեցին հատուկ կաբինետներ, որտեղ արհեստականորեն ապահովում էր և՛ ջերմությունը, և՛ լույսի քանակը՝ արևի տևած էներգիայի և լույսին հավասար և մարդիկ 24 ժամ ապրում են էդ սենյակում։ Մեծ մասամբ այդ լույսի ազդեցության տակ իրենք կարգավորում, դուրս էին գալիս այդ վիճակից։
— Հիմա որքանո՞վ է դա տարածված։
— Դա տարածված է մեծ մասամբ հյուսիսյան երկրներում։ Բայց լույսի մեխանիզմը պատոգենեզի մի ուղղությունն է միայն, հասկանու՞մ եք, որովհետև դեպրեսիան մենակ սերոտանինը չի, դեպրեսիան մենակ էդ լույսը չի։ Դեղորայքային բուժումը հիմնական բուժման շեշտը բուժման դրվում է հակադեպրեսանտների վրա: 

Ինչպես առողջությանը վերաբերող բոլոր դեպքերում, այստեղ ևս հորդորը հստակ է՝ մի ինքնախտորոշվեք։ Մասնագետները երկար, բարդ գործընթաց են անցնում հասկանալու համար՝ ինչ է կատարվում մարդու հետ։ Դրա համար տեղի է ունենում հոգեբուժական զննում, հոգեբանական զննում և լաբորատոր-գործիքային զննում։

«Ախտորոշումը հիմնականում հիմնվում է հոգեբուժական զննման վրա, հաշվի առնելով գանգատները, այդ վիճակի զարգացումը, այդ վիճակի զարգացմանը նպաստող կամ խոչընդոտող գործոնները, հանգամանքները, ժառանգականությունը։ Երկրորդը հոգեբանական զննում է․ հարցաշարերի, սանդաղակների միջոցով մենք կարողանում ենք բացահայտել, թե դեպրեսիայի, տագնապի ինչ մակարդակ է, որովհետև ամեն մի սանդղակ ունի նաև իր նորման: Եվ իհարկե գործիքայինը, բայց գործիքայինով մենք այսօր ավելի շատ ունենք տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ կա խնդիր, բայց չենք կարողանում իմանալ՝ դա խանգարման պատճառն է, թե հետևանքը: Մենք տեսնում ենք, որ ուղեղի տարբեր մասերում, կեղևում, օջախներում կան փոփոխություններ օջախի ձևով, մաշվատության ձևով, բայց էլի նույն հարցն է, դրանք սպեցիֆիկ են, թե չէ, որովհետև թե նևրոզների, թե դեպրեսիաների, թե շիզոֆենիայի ժամանակ այդ նույն գոտիներում, այդ նույն օջախներում ուղիղ հայտնաբերվում են փոփոխություններ»։

Ասել է թե՝ իրականությունն ավելի բարդ է։ Եթե նույնիսկ մտածում եք, թե հասկացել եք խնդիրը ու գտել լուծումը, օրինակ՝ լուսային թերապիան, ապա մեծ է հավանականությունը, որ սխալվում եք։ Քանի որ եթե ձեզ մոտ իրականում դեպրեսիա է, ապա ցերեկային լույսի ազդեցություն թողնող լամպի տակ նստելը կնմանվի հատակն ավլելուն ու աղբը գորգի տակ թաքցնելուն։ Այդպես խնդիրը չի լուծվում, դուք պարզապես դա չեք տեսնում։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ դեռ չեք դիմել մասնագետի օգնությանը, ինչ-որ բաներ անել պետք է․

«Ֆիզիկական ակտիվությունը ի՞նչ է մեզ տալիս։ Ի՞նչ տարբերություն՝ դու էսօր 5000 քայլ քայլեցիր, թե 10 000 քայլ քայլեցիր, ոնց որ թե հարցը քանակի մեջ չի, հարցը մեր օրգանիզմի լարվածության մեջ է։ Լարվածությունը ոչ թե ախտաբանական՝ վատ իմաստով եմ ասում, այլ մեր մկանները աշխատում են, մեր անոթներն էլ են աշխատում, անոթները արյուն են մատակարարում»։

Բայց բարդ է «վազելու, լողալու, մարզվելու գնա» ասել մարդուն, ով նույնիսկ ննջարանից խոհանոց գնալ չի կարողանում։ Սամվել Սուքիասյանն ասում է՝ այստեղ դեղատոմս չկա․պետք է գիտակցել գործողության կարևորությունն ու անել դա, եթե նույնիսկ շարժվելն անհնար է թվում․

«Ես մարդ եմ, պիտի խնդիրս լուծեմ, չէ՞, ոչ թե խնդրի տակ ճռամ, ջարդվեմ, կոտրվեմ։ Ես պիտի խնդիրս լուծեմ։ Ես պիտի կարողանամ ինձ համար այդ մոտիվը ստեղծել, հասկանալ, որ ես դա պիտի անեմ։ Հավատացեք՝ ամեն մարդ չի կարող դա անի: Մեկը հիասթափվում է, քցում, ջարդում, փշրում, հեռանում, մյուսը ասում է՝ չէ, պիտի անեմ դա։ Այսինքն այստեղ կարևոր է նաև այդ մարդու հոգեբանական հոգեկերտվածքը ավելի շատ իր արժեքային համակարգը, մտածողության ձևը, որակը: Էդ դեպքում դու կարող ես քեզ հաղթահարել»։

Կապ չունի՝ սա սեզոնային աֆեկտիվ խանգարում է, հետադարձ դեպրեսիա է, դեպրեսիվ ռեակցիա է, թե բնավորության առանձնահատկություն։ Փաստ է, որ սրանցից որևէ մեկի հետևանքով մարդը հայտնվում է մի վիճակում, որը երբեմն գրեթե նույնական, երբեմն՝ լրիվ համարժեք, երբեմն՝ շատ ավելի սուր է, քան հենց ինքը՝ դեպրեսիան։ 

Մասնագետներն ասում են՝ այստեղ մեկ անելիք կա․ չթերագնահատել տեղի ունեցողը։ Ընդ որում՝ սա խորհուրդ-հորդոր է թե՛ խնդրի կրողին, թե՛ նրա շրջապատի մարդկանց։ Անաշխատունակության անդունդում հայտնվող մարդը «սիրուն եղանակ է, մի դրամատիզացրու» կամ նմանատիպ արտահայտություններ լսելիս դժվար թե իրեն ավելի լավ զգա։ Այդ մարդը ինքն իրեն «երևի հոգնել եմ, կանցնի» ասելով դժվար թե կազդուրվի։ Սա կարող է թվալ սովորական մի երևույթ, որն, իրականում, գիտական լուրջ բացատրություն ունի։

Կարդացեք նաև

Back to top button