
Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացրել է համաշխարհային պրեմիերա՝ «Լռությունից՝ հնչյուն» խորագրով համերգի շրջանակում կատարելով հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Կոնչերտո Գրոսսո №3» ստեղծագործությունը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Գրիգոր Առաքելյանը, մենակատարներ էին տաղանդաշատ ջութակահարուհի Անի Աղաբեկյանը և գերմանացի անվանի դաշնակահարուհի Զոնթրաուդ Շպայդելը։
«Լռությունից՝ հնչյուն». Այս խորագրի ներքո անցկացված երևանյան համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն էր բերել համաշխարհային հռչակ վայելող միանգամից մի քանի երաժիշտների։ Գերմանաբնակ հայ ջութակահար Անի Աղաբեկյանին և դաշնակահար Զոնթրաուդ Շպայդելին դժվարությամբ է հաջողվել իրենց հագեցած գրաֆիկում գտնել ազատ պատուհան տարվա մեջ այս մի օրը նույն բեմում միասին հանդես գալու համար։
Իսկ պատճառը կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Կոնչերտո Գրոսսո №3» ստեղծագործությունն է, որը հայ ժամանակակից երաժշտության խորհրդանիշ համարվող երգահանը գրել է հենց երաժիշտներ Անի Աղաբեկյանի եւ Զոնթրաուդ Շպայդելի առաջարկով։ Ստեղծագործությունը բազմաշերտ է, լի մեղեդայնությամբ եւ հարմոնիկ աղմուկների համադրությամբ, հայկական և արևմտյան քաղաքակրթությանը բնորոշ հնչյունների զուգամիտմամբ։ Այս ստեղծագործության մեջ Վաչե Շարաֆյանի երաժշտական լեզուն համամարդկային է` համեմված համաշխարհային պատմությամբ։ «Կոնչերտո Գրոսսո №3» -ն մշակութային ինքնատիպ երկխոսություն է։

Շարաֆյանի «Կոնչերտո Գրոսսո» ստեղծագործության մեջ առաջին անգամ օգտագործվել է յուրահատուկ հնչողությամբ հարվածային երաժշտական մի գործիք` վոթերֆոնը (waterphone), որի արտահայտչական երանգները բազմազան են, քանի որ մի քանի գործիքների ձայներ է համադրում։
Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի արվեստը ոչ միայն ներկայացնում է ժամանակակից Հայաստանի երաժշտական ինքնությունը, այլև կապում է հայկական մշակույթը համաշխարհային արվեստի մեծ հոսանքներին՝ նոր շունչ և իմաստ հաղորդելով մեր դարաշրջանի երաժշտությանը։
Գերմանաբնակ անվանի ջութակահար Անի Աղաբեկյանը օրեր առաջ Հայաստանում էր հատուկ Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունը ներկայացնելու համար։ Աղաբեկյանը երաժշտությունն իր կյանքն է համարում, նշում, որ այն աշխատանք չէ, երաժիշտի համար չկան շաբաթ կամ կիրակի, նույնիսկ ժամացուցակն է տարբեր: Ինձ թվում է՝ շատ բարդ է այն մարդկանց վիճակը, որոնց համար երաժշտությունն ուղղակի մասնագիտություն է»,-կարծում է համատեղությամբ նաեւ Բադեն Վյուրթեմբերգում ՀՀ պատվո հյուպատոսի մշակութային հարցերով հանձնակատար Անի Աղաբեկյանը։ Գերմանահայկական երաժշտության միության հիմնադիր երաժիշտի համար առաջին տեղում կարգապահությունն է.

Մեր սերնդի ամենանշանավոր և ազդեցիկ ջութակահարուհիներից մեկը համարվող Անի Աղաբեկյանը իր վիրտուոզ կատարմամբ և նյութի մատուցման խոր արտահայտչականությամբ մշտապես բարձր է գնահատվում համաշխարհային երաժշտական հանրության կողմից։ Անին դեռ պատանի տարիքում է իր նվագով, եզակի հասունությամբ և փայլուն կատարողական տեխնիկայով աչքի ընկել` վայելելով անվանի երաժիշտների բարձր գնահատականը: Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը նրան նույնիսկ անվանում էր «փոքրիկ Պագանինի»` ընդգծելով ջութակահարի բացառիկ արտիստիզմը։ Միջազգային բազմաթիվ փառատոնների հաղթող մասնակից Անի Աղաբեկյանի կատարողականությունն աչքի է ընկնում իր ոճական բազմակողմանիությամբ, այսօր արդեն նրա երկացանկում բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտության բազմաթիվ ստեղծագործություններ են ընդգրկված։
Շատ կոմպոզիտորներ նրան են նվիրել իրենց ստեղծագործությունները։ Անի Աղաբեկյանի կամերային գործընկերներից են Վոլֆգանգ Մայերը, Մարիա Էլիզաբեթ Լոտը, Լուսինե Խաչատրյանը, Սերգեյ Խաչատրյանը, Ալեքսանդեր Հյուլշոֆը, Լասլո Ֆենյոն, Զոնթրաուդ Շպայդելը։ Անի Աղաբեկյանի ջանքերով օրերս, հերթական անգամ Գերմանիայից Հայաստան էր ժամանել պրոֆեսոր, դաշնակահար Զոնթրաուդ Շպայդելը, ով Գերմանահայկական միության շրջանակներում մի քանի անգամ վարպետաց դասեր է անցկացրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:
81-ամյա դաշնակահարուհին առաջին գերմանուհին է, ով արժանացել է Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակին և «Ջեքսոն» մրցանակին Բոստոնի ժամանակակից երաժշտության սիմֆոնիկ նվագախմբի կողմից: Նա ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս վարպետաց դասերով Եվրոպայում, ԱՄՆ-ում և ասիական երկրներում: Զոնթրաուդ Շպայդելին իրենց ստեղծագործություններն են նվիրել և պրեմիերաները վստահել մի շարք կոմպոզիտորներ, ինչպես օրինակ Օյգեն Վերներ Վելտեն, Վիոլետա Դինեսկուն, այսօր արդեն նաև Վաչե Շարաֆյանը։
Գերմանացի անվանի դաշնակահարուհի Զոնթրաուդ Շպայդելի և տաղանդաշատ ջութակահարուհի Անի Աղաբեկյանի մասնակցությամբ համերգը տեղի է ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Լռությունից՝ հնչյուն» խորագրով համերգի շրջանակներում։ Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի դիրիժոր Գրիգոր Առաքելյանը։ Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Կոնչերտո Գրոսսո թիվ 3» ստեղծագործության համաշխարհային պրեմիերայով համերգի մասնակից կատարողները ևս մեկ անգամ հանրահռչակել են հայ ժամանակակից դասական մշակույթի հարյուրից ավելի երաժշտական ստեղծագործությունների տաղանդաշատ հեղինակին։




