ՀարցուԳԻՏԱփորձ

Մանկական տրավմա․ ինչո՞ւ է 50 տարեկան մարդը տառապում 5 տարեկանում զգացած ցավից․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Մաման չեկավ իմ հանդեսին, որովհետև ոչ թե մաման զբաղված է, այլ ես կարևոր չեմ եղել, ուրեմն ես կմեծանամ ու կլինեմ կարևոր, կլինեմ ղեկավար, կլինեմ տնօրեն, շատ մարդկանց կյանքում շատ հարցեր կորոշեմ։ Բայց ինչ-որ տեղ ես պայթելու եմ, որովհետև իմ ամբողջ կյանքում ուժերի մաքսիմալ լարումով ինչ-որ բան եմ ապացուցել, ու հանկարծ․․․»

Ու հանկարծ մարդը, որն իր հաջողության գագաթնակետին էր, սկսում է փուլ գալ։ Կարծես ամեն ինչ ունի կատարյալ երջանկության համար, ապրում է երանելի կյանքով, շրջապատված է նյութական ու էմոցիոնալ բոլոր բարիքներով, սիրուն է, խարիզմատիկ, սիրող ու սիրված։
Մեկ էլ հանկարծ փլվում է։ Դետալ առ դետալ։

«Կա՞ն մարդիկ, որոնք ընդհանրապես ցավ չունեն իրենց կյանքում․ կարծում եմ՝ ոչ։
Մենք բոլորս մեր հոգեբաններին պատմելու բան ունենք»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօրվա թողարկումը մանկական տրավմաների մասին է։

***

Կյանքը բոլորի համար պահած մի տրավմա ունի։ Մենք բոլորս ապրել ենք ու դեռ ապրելու ենք մեր բաժին սթրեսը․ պատերազմից՝ սիրելի խաղալիքի կորուստ, աղքատությունից՝ մանկության երևակայական ընկերոջ հիվանդանալու ժամանակ մայրիկի ցուցաբերած անտարբերություն, բռնությունից՝ «տես՝ հարևանի տղան ինչ ուժեղ է, իսկ դու ամեն փոքր բանից լաց ես լինում» արտահայտություն։ Բայց որոշ մարդկանց կյանքում տեղի ունեցածը, առաջին հայացքից, հետք չի թողնում, իսկ մյուսները 20, 30, 50 տարի հետո էլ չեն կարողանում կյանքին նայել՝ առանց այդ իրադարձության ստվերը տեսնելու։

Բոլո՞րն ունեն մանկական տրավմա, ինչի՞ց կարող է այն ձևավորվել, ինչո՞ւ է մանկության վերքը հետապնդում նույնիսկ ուշ ծերության հասած մարդուն և ինչպե՞ս կարելի է ներել մարդկանց, որոնք գաղափար անգամ չունեն, որ շրջել են մեր կյանքի ընթացքը առաջին հայացքից խիստ անմեղ մի քայլով։ Մանկական տրավմաները լիարժեքորեն բաց թողնել հնարավո՞ր է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Շատերը մեզ լսելիս կհիշեն «տրավմա» բառի հետ առաջ եկող ասոցիացիաները՝ «պատերազմ», «աղետ», «վթար», «ֆիզիկական ծանր վիճակ» և այլն։ Բայց հոգեբանական տեսանկյունից խոսքը կարող է չլինել աղետալի իրադարձությունների մասին, այլ ուղղակի այն կրկնվող կամ միանվագ իրավիճակի մասին, որին երեխան պարզապես պատրաստ չէր, երեխայի հոգեկանը պատրաստ չէր այդ փորձառությունը ինտեգրել, հասկանալ, ներքնայնացնել, վերապրել և անցնել առաջ»։

Մանկական տրավմաներ առաջացնող երևույթներն այնքան բազմազան են, որ նույնիսկ առանձին կատեգորիաներում տեղավորելը բարդ մարտահրավեր է։ Դրանք կարող են առաջանալ ինչից ասեք։ Բնույթը, մարդու վրա ազդեցության ձևը, առաջացրած խնդիրը հասկանալու համար հոգեբան, հոգեթերապևտ Մարիետտա Խուրշուդյանի հետ ընտրում ենք մեկ պարզ օրինակ․ 3 տարեկան երեխան մանկապարտեզում է, սպասում է մայրիկին։ Մայրիկը խցանման մեջ է, ժամը 5-ի փոխարեն հասնում է 5։15։ Նայում ենք այս իրավիճակին երեխայի աչքերով․

«Քանի որ 3-4 տարեկան երեխան դեռ չի կարողանում իր անձից տարանջատել այն, ինչ տեղի է ունենում իր հետ, չի կարողանում հասկանալ, որ դա իր պատճառով չէ, ի՞նչ է այդ պահին մտածում․ ես լավը չեմ, ինձ մոռացան, ինձ լքեցին, ես դրան արժանի էի, ես ինչ-որ ձևով չեմ համապատասխանել իմ մայրիկի սպասումներին և դրա համար մայրիկս ինձ թողեց։ Ի՞նչ կարող եմ անել․ կարող եմ, օրինակ, դառնալ շատ լսող, խոնարհ, բոլորի պահանջմունքները բավարարող, բոլորի ցանկությունները մի ոտք առաջ կանխագուշակող անձնավորություն, որ հանկարծ ինձ չթողնեն։ Ես այդ եզրակացության եկա 3 տարեկանում»։

Մեզ կարող է թվալ, որ 30 տարեկան մարդը չի հիշի 3 տարեկանում տեղի ունեցած այս դրվագը։ Բայց մարդն, իրականում, ավելի հետաքրքիր ու բարդ, խորը համակարգ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Մեր ենթագիտակցության մի անկյունում, ըստ հոգեբանի, հստակ պահպանված են նույնիսկ այն բառերը, որոնք լսել ենք մայրիկի վերադարձի պահին․

«Շատ մեծ նշանակություն ունի՝ ինչ է անում ծնողը այդ ժամանակ։ Ծնողը եկավ, կռացավ երեխայի մոտ, նայեց աչքերին և ասեց՝ «բալիկս, կներես, ճանապարհը խցանված էր, լիքը մեքենաներ կային, ես քո մոտ չհասա», իր համար հասանելի լեզվով բացատրում է իրավիճակը, գրկում է, ասում է՝ որքան շատ է սիրում, և ասում է՝ կներես, որ այսպես ստացվեց, և դու իրավունք ունես հիմա տխրելու։ Կամ մաման գալիս է արդեն շատ լարված (ու դա շատ նորմալ է, որովհետև խցանման մեջ ժամերով կանգնել է, գիտի՝ երեխան սպասում է, ունի ներքին մեղքի զգացում) և զայրանում է, ասում է՝ լավ դե, ի՞նչ ես նվնվոցը դրել, հիմա 5 րոպե ուշացել եմ, քո հե՞տ է մենակ տենց բան լինում։ Ռեակցիաները տարբեր են»։

Կարևոր շեշտադրում․ ծնողը մեղավոր չէ։ Հոգեբանն ասում է՝ եթե կարողանար այլ կերպ վարվել, եթե իմանալ՝ ինչպես են դա անում, կաներ։ Բայց փաստն այն է, որ երեխան արդեն ունի շատ տարիներ անց հոգեբանի մոտ պատմելու պատմություն։ Դա՝ լավագույն դեպքում։ Իսկ էլ ավելի հաճախ մանկական տրավմաները հետապնում են մարդուն ողջ կյանքի ընթացքում և մնում չգիտակցված։ Մարդն այդպես էլ չի իմանում, որ 3 տարեկան երեխան կարող էր չհասկանալ մայրիկին․ 30 տարեկանում ամեն բան ավելի պարզ է, եթե մարդը համաձայնում է օգտվել հոգեբանության տված հնարավորություններից․

«Եթե ես մտածում եմ, որ ես միշտ զոհ եմ, որ ինչ-որ մեկի սիրուն արժանանալու համար պետք է անեմ ամեն ինչ, որովհետև ինձ կլքեն և կթողնեն, կգնան, ապա արդեն էական չէ՝ երբ դա ձևավորվեց, ո՞ւմ խոսքերն են։ Մենք կարող ենք փորձել այդ մտքի հետ աշխատել։ Մենք ունենք նաև տրանզատ վերլուծություն, որը թույլ է տալիս վերադառնալ այդ իրավիճակին, երբ որ ծնողից չես ստացել ինչ-որ բան։ Հիմա աշխարհի բոլոր մեղքերը ծնողի ուսերին դնելու փոխարեն մենք անում ենք Reparenting, այսինքն՝ դառնում ենք մեր ծնողը, կարծես թե վերարտադրում ենք ծնողական վարքը ինքներս մեր հանդեպ։ Նախ հասկանում ենք՝ որտեղ է եղել պակասը, ո՞նց կուզեի ստանալ դա, ինչո՞ւ եմ մեղադրում իմ ծնողին․ հիմա ես ի՞նչ կարող եմ անել։ Կարո՞ղ եմ ես ինձ ներքուստ գրկել և ասել, որ ես քեզ սիրում եմ, դու արժանի էիր սիրված լինելու, անկախ նրանից՝ ի՞նչ է քո կյանքում կատարվում։ Կարո՞ղ եմ ես ձեռքս բռնել, ինձ տանել խանութ և իմ ուզած զգեստը գնել և հայելու մեջ տեսնել այդ գեղեցիկ աղջկան, որին ուզում էի տեսնել։ Այո՛, ես կարող եմ դրանք անել ինձ համար, և երբ որ մարդիկ ճանապարհը անցնում են՝ այդ բոլոր վիրավորանքները շատ-շատ նվազում են, փոխվում են, շատ հաճախ հարաբերություններ վերականգնվում են, մեղադրանքները դադարում են»։

Մանկական տրավմաների հետ չաշխատելու պատճառները տարբեր են։ Մարդիկ վախենում են վերադառնալ այնտեղ, ուր վատ են զգացել․ երբեմն մանկությունը մարդու կյանքի ամենաքաղցր կտորը չէ։ Մարդիկ չեն գիտակցում, որ խնդիրը կարող է այնտեղ լինել, չեն հավատում, որ որևէ մեկը կօգնի իրենց։ Ահա մեկ այլ պատճառ ևս․ մարդը մտածում է, որ իր տրավման ծնողների կոնկրետ վարքի հետևանքն է, այն ծնողների, որոնց հետ ապրում է մինչև օրս, այն վարքի, որը շարունակվում է նաև այսօր։ Ի՞նչ իմաստ ունի գնալ հոգեբանի մոտ, փորձել առողջանալ ու վերադառնալ մի միջավայր, որը խնդրի աղբյուրն է՝ մտածում են մարդիկ։

«Հենց այդ իրավիճակում իմաստ ունի, որովհետև հոգեբանը ոչ միայն քեզ ցույց է տալիս այդ բացերը, այլև ասում է՝ ինչպե՞ս հակազդեմ ծնողի նման դրսևորման, ինչպե՞ս այլևս չունենամ ծնողի այլ դրսևորումների ակնկալիք, որովհետև կհասկանամ, որ էդ մարդն էլ էսպես է մեծացել, ինքն էլ այսպես գիտեր, ինքը իրականում չէր ուզում ինձ ցավացնել, ինքը իրականում չէր ուզում «չսեր» ցույց տալ, պարզապես այն, ոնց որ ինքը դրսևորվել է, ես ընկալել եմ որպես «չսեր»։ Բայց իր համար դա եղել է սեր։ Օրինակ, երբ շատ խիստ և պահանջկոտ ծնողի հետ խոսես և հարցնես՝ դու քո երեխային սիրե՞լ ես, ինքը ասելու է՝ աշխարհի չափ սիրել եմ։ Բայց երեխան ընկալել է միայն խստությունը, միայն պահանջները, գերազանց սովորելը, «մարդ դառնալը» և բնականաբար մտածում է, որ ինձ չի կարելի սիրել առանց այդ պայմանների, եթե ես կյանքում նվաճումներ չեմ ունեցել, ինձ չի կարելի սիրել»։

Տրավման կարող է փոխանցվել սերնդեսերունդ։ Այսպես մարդն ուզում է՝ իր երեխան լավ ապրի, չսխալվի, չցավի ու դրսևորում է առավելագույն խստություն ու պահանջկոտություն։ Երեխան մեծանում է ու անում ամեն բան՝ շրջապատի սպասումները բավարարելու, լրացուցիչ արժեք ստեղծելու, իր՝ կարևոր ու օգտակար լինելը ապացուցելու, կարճ ասած՝ իր գոյությունը արդարացնելու ու սիրո արժանանալու համար։ Նա անում է ամեն բան, որ իր երեխան ոչնչի կարիք չունեն։

Բայց մի օր իր երեխան կգնա հոգեբանի մոտ ու կասի՝ հայրս գիշեր-ցերեկ անձնազոհաբար աշխատում էր, ինձ ժամանակ չէր հատկացնում, ես նոր խաղալիքի կարիք չունեի, ինձ պետք էր, որ հայրս երեկոյան գա տուն ու ինձ հետ ժամանակ անցկացնի։

Այս շղթան հնարավոր է կտրել սեփական զգացմունքների հետ աշխատելու միջոցով։ Հոգեբանի օգնությանը դիմելն այդ ճանապարհին արդյունավետ, բայց պարտադիր պայման չէ՝ ասում է Մարիետտա Խուրշուդյանը, բայց հիշեցնում՝ այդ ճանապարհը հեշտ չի լինելու ու խոհեմ ուղեկցողի կարիք գուցե ունենաք։ Ի՞նչ երկարություն ունի այդ ճանապարհը՝ հարցնում եմ․

«Հոգեբանը երբեք չի կարող փոխարինել ինքդ քո հետ աշխատանքը, և մեծ հաշվով հոգեբանը քո փոխարեն ոչինչ չի անում, և հենց դրա համար շատ դժվար է ասել, ․․․ եթե ես իմանամ, որ բժիշկ եմ, որը կվիրահատի կույրաղիքը և 10 օր պետք է, որ օրգանիզմը վերականգնվի, նույնիսկ այդտեղ չի կարելի ասել՝ 10 օրից դու լավ կլինես։ Առավել ևս հոգեբանության մեջ։ Հոգեբանը ընդամենը նոր տնկած ծառի կողքին այն փայտիկն է, որին դու ծառը կապում ես այնքան ժամանակ, մինչև ծառի արմատները խորանան և քամիների տակ ինքը չի ճկվի, անձրևի տակ ինքը արմատները չեն մերկանա, ինքը կամրանա և իր կատարն էլ արդեն կկանաչի և ինքը կսկսի աճել։ Սա անձնային աճի մասին է, սա նրա մասին է, թե մենք ինչքան շուտ կարող ենք որպես մարդ գտնել մեր արմատները, գտնել մեզ և շարժվել առաջ առանց հոգեբանի։ Հոգեբանը չպետք է մնա որպես մշտական հենարան մեր կյանքում տարիներով»։

Մանկական տրավման ևս չպետք է տարիներով մնա մարդու կյանքում։ Եթե կա դրան առերեսվելու, դրա հետ աշխատելու հնարավորություն, ապա խուսափել պետք չէ՝ ասում է հոգեբանը հիշեցնելով՝ բարդ ճանապարհները հիմնականում լուսավոր կետերի են հասցնում և ցավը սովորական դարձնելու կարիք չկա։

Իսկ մեր առօրյա կյանքում տեղ գտած մեկ այլ սովորական երևույթի հիմքերը բացահայտելու ակնկալիքով մենք եթերում կլինենք  արդեն հաջորդ շաբաթ։

Կարդացեք նաև

Back to top button