ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Վաշինգտոնյան հռչակագրի նրբերանգները ԵԱՏՄ շրջանակում․ միջկառավարական խորհրդի նիստին տասը փաստաթուղթ է ստորագրվել

Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում օգոստոսի 14-ից 15-ը տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները մեծ մասամբ քննարկել են առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացման հարցեր։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Դիտորդի կարգավիճակում ներկա են եղել Ուզբեկստանի, Կուբայի և Իրանի ներկայացուցիչները։ Նախօրեին անցկացվել է նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստից հետո ՌԴ փոխվարչապետը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ առաջիկայում կմեկնի Հայաստան վաշինգտոնյան հռչակագրի որոշ հարցեր քննարկելու համար։ Աննա Նազարյանի ռեպորտաժը։

Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ավելի քան տասը փաստաթուղթ է ստորագրվել։ Դրանք մեծ մասամբ վերաբերում են ԵԱՏՄ երկրների միջև առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորմանը, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացմանը։

ԵԱՏՄ նիստին Հայաստանը ներկայացված էր փոխվարչապետի մակարդակով, քանի որ ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է։ Մհեր Գրիգորյանն իր ելույթում շեշտել է ՀՀ–ի  առաջնահերթությունները ԵԱՏՄ շրջանակում․

«Միության ընդհանուր էներգետիկ շուկաների հետագա ձևավորումը և էներգետիկ անվտանգության ապահովումը առաջնահերթ են մնում ՀՀ-ի համար։ Էներգակիրների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ ոչ խտրական գործունեության սկզբունքներով, պետք է դառնա ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը»։

ՀՀ փոխվարչապետը տնտեսական աճի համար նպաստավոր հանգամանք է համարել ԵԱՏՄ թվային օրակարգի ամրապնդումն ու զարգացումը։ Ըստ նրա՝ արհեստական ​​բանականությունը և թվային տեխնոլոգիաները կարևորագույն ռեսուրս են տնտեսության, պետական ​​կառավարման ոլորտներում փոխգործակցության ավելի արդյունավետ մոդելներ ձևավորելու համար։

Մհեր Գրիգորյանն ասել է, որ տնտեսական համագործակցության առանցքային տարրերից է նաև տրանսպորտային-լոգիստիկ ուղղությունը։

«Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհաղորդի ինչպես ապրանքների արտահանմանը երրորդ երկրներ, այնպես էլ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել մեր նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային նախագծի կարևորությունը, որի նպատակն է ստեղծել հուսալի և փոխկապակցված տրանսպորտային երթուղիներ, ինչպես նաև ապահովել կայուն տարածաշրջանային զարգացում և տնտեսական կապերի ամրապնդում շահագրգիռ բոլոր երկրների միջև՝ պետությունների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգանքի և փոխադարձության սկզբունքի հիման վրա»։

ՀՀ փոխվարչապետի վստահեցմամբ՝ ԵԱՏՄ-ում բժշկական միջոցների և արտադրանքի ընդհանուր շուկայի կայուն գործունեության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքի շնորհիվ արդեն եկող տարվանից կսկսի գործել դեղամիջոցների շրջանառության ընդհանուր շուկան։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը արձանագրել է, որ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն անցած տարի աճել է մոտ 4,5%-ով։ Տարեսկզբից ցուցանիշն ավելացել է ևս 2%-ով, ինչը մեծապես պայմանավորված է արդյունաբերական արտադրության ծավալների, շինարարության, գյուղատնտեսական արտադրանքի, մանրածախ առևտրի, հիմնական կապիտալում ներդրումների ավելացումով։

Միշուստինը վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ն իր գոյության տասը տարվա ընթացքում դարձել է համաշխարհային զարգացման հիմնական կենտրոններից մեկը։

ՌԴ վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը ակտիվորեն աշխատում են «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ։ Նրա կարծիքով՝ այդ ռազմավարական մայրուղին կապահովի եվրասիական ողջ տարածաշրջանի կապը։

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը մոտ 7 հազար կմ երկարությամբ երթուղի է, որը ձգվում է Սանկտ Պետերբուրգից մինչև Հնդկաստանի Մումբայի նավահանգիստ։ 2023 թվականի մայիսին Ռուսաստանը և Իրանը ստորագրեցին «Հյուսիս-հարավի» արևմտյան երթուղու վերջին հատվածի կառուցումն ավարտելու մասին փաստաթուղթ։ «Հյուսիս-հարավն» անցնում է նաև Հայաստանի տարածքով։ Մայրուղու  շինարարությունը դեռ ավարտված չէ։

Միխայիլ Միշուստինը շեշտել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են ցանկանում ընդլայնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ, ինչի վկայությունը դիտորդի կարգավիճակում Իրանի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայությունն է ԵԱՏՄ նիստին։

«Այս տարվա մայիսին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Համաձայնագրեր են ստորագրվել նաև ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ։ ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ այդ համաձայնագրերի վավերացման ներքին ընթացակարգերը շուտով կավարտվեն։ Դրանց գործնական կիրառումը կբարձրացնի առևտրաշրջանառության մակարդակը և կնպաստի համագործակցության ընդլայնմանը։ Իսկ ձեռնարկատերերը լրացուցիչ հնարավորություններ կստանան իրենց արտադրանքը արտահանելու գլոբալ հարավի աճող շուկաներ»։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին՝ իր ելույթը ավարտելուց հետո, Միշուստինը վերադարձել է Մոսկվա։

«Գիտեք, որ Ալյասկայում տեղի է ունենալու ռուս–ամերիկյան գագաթնաժողովը՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ: Ես պետք է Ռուսաստանում լինեմ, սակայն ԵԱՏՄ այս նիստին ռուսական պատվիրակությունը կշարունակի իր աշխատանքը»։

ԵԱՏՄ-ն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովն ասել է, որ ապրանքների համաշխարհային առևտրի կրճատումն անկասկած կազդի ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա։ Ըստ նրա՝ այս տարվա արդյունքներով՝ ապրանքների համաշխարհային առևտուրը կարող է կրճատվել 0,2%-ով՝ ակնկալվող աճի փոխարեն, ինչը, նրա կարծիքով, կազդի ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա։ Մեջբերելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականները՝ նա ասել է, որ առաջիկա տարիներին, հնարավոր է, համաշխարհային ցուցանիշների աճի դանդաղում արձանագրվի։

ԵԱՏՄ նիստին զուգահեռ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը TASS-ի հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը։ Նա վստահեցրել է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» կոչվող տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում։ Օվերչուկն ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, և եթե Երևանը կարծում է, որ իր համար ինչ-որ բան լավ է, ապա Մոսկվան աջակցում է Հայաստանին։

Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ եկող շաբաթ Երևան կմեկնի՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործունեությունը քննարկելու համար․

«Վաշինգտոնում հանդիպում է տեղի ունեցել և ստորագրվել է հռչակագիր։ Հետևաբար հնարավոր է՝ հանդիպում լինի Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ կքննարկենք որոշակի նրբություններ, որոնք մեծ մասամբ առնչվում են Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը»։

Օվերչուկը հայտարարել է, որ մոտ ապագայում Ռուսաստան կայցելի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button