Սփյուռքի ձայնը

Կամուրջ դեպի հայրենիք․ սփյուռքահայ երիտասարդների նոր ռազմավարությունները․ «Սփյուռքի ձայնը»

Վերջերս Երևանում կայացած Ազգային երիտասարդական ֆորումը դարձավ ոչ միայն հանդիպումների հարթակ, այլև յուրօրինակ հայելի, որտեղ արտացոլվեցին սփյուռքահայ երիտասարդության կարոտն ու մտահոգությունները։ Երբ Ֆրանսիայից, Ռուսաստանից և Հայաստանից երիտասարդները նստում են նույն սեղանի շուրջ, անխուսափելիորեն առաջ է գալիս հարցը՝ ինչպես կառուցել այն ամուր կամուրջը, որը Սփյուռքի նոր սերնդին անխզելիորեն կկապի հայրենիքի հետ։ «Սփյուռքի ձայնը» հաղորդման եթերում հնչեցին երեք տարբեր, բայց միևնույն նպատակին միտված տեսակետներ։

Կամուրջ՝ մշակույթի միջոցով․ ֆրանսիական տեսլականը․ Ֆրանսիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Անդրե Ներսիեն նկարագրում է մի իրականություն, որտեղ շատ հայ երիտասարդների համար Հայաստանը երբեմն օտար երկիր է թվում։ Նրանք իրենց հայ են զգում, բայց կապը հայրենիքի հետ մշուշոտ է։ Անդրեի համոզմամբ՝ քաղաքական բանավեճերով նրանց չես գրավի․ բանալին մշակույթի մեջ է՝ ժամանակակից, հասկանալի և ճկուն մշակույթի։ Նա պատմում է, թե ինչպես Հայաստանի կամերային նվագախումբը Ֆրանսիայում ոչ միայն հնչեցրել է Ազնավուրի ստեղծագործությունները, այլև կատարել է հին, նոստալգիկ երգեր, օրինակ՝ «Չքնաղ երազը»։ Ամենակարևորը՝ նվագախումբը եկել էր Հայաստանից, իսկ մենակատարներն ու դիրիժորը սփյուռքահայ տաղանդներ էին։

«Սա է կամուրջը, երբ Հայաստանի և Սփյուռքի արտիստները միասին են ստեղծագործում։ Մեր մշակույթը պետք է ցույց տա, որ այն ոչ թե թանգարանային նմուշ է, այլ կենդանի ու շնչող օրգանիզմ»,-ասում է Անդրեն։ Միևնույն ժամանակ նա մատնանշում է նաև լուրջ խոչընդոտ՝ բանակային ծառայության հարցը, որը շատ երիտասարդների հետ է պահում Հայաստան գալուց կամ քաղաքացիություն ստանալուց։

Հայրենիքը անձ չէ․ հայաստանյան հայացք․ Հայաստանից լեզվաբան, ուսուցիչ և հրատարակիչ Տաթև Պապոյանը կամուրջներ է կառուցում բառերի միջոցով։ Նա ստեղծել է քառալեզու բառարաններ, որոնք օգնում են սփյուռքահայ երեխաներին պահպանել մայրենի լեզվի հետ կապը։ Տաթևը հիշում է, թե ինչպես Սփյուռքի համայնքներում զարմացել է՝ տեսնելով, որ օտար հողում ծնված երեխաները սիրով ու հուզմունքով են արտասանում Թումանյան ու Չարենց։

Նրա համոզմամբ՝ միավորման գլխավոր գրավականը պարզ, բայց հզոր գաղափար է․ «Հայաստանը չպետք է անձնավորել։ Չպետք է հայրենիքը սիրել կամ ատել՝ կախված նրանից, թե ով է երկրի ղեկավարը։ Պաշտոնյաները գալիս ու գնում են, բայց հայրենիքը և ազգը պետք է մնան միասնական։ Եթե պառակտվենք, տարիներ անց որպես ազգ չենք գոյանա»։ Նրա խոսքով՝ իրական ուժը զգում ես հենց հայրենի հողի վրա։

Թվային դեսպաններ․ ռուսաստանյան ռազմավարություն․ Ռուսաստանից Սյուզի Մինասարյանը, Սփյուռքի երիտասարդ դեսպան ՌԴ-ում, շուտով պատրաստվում է հայրենադարձվել։ Նա ներկայացնում է 21-րդ դարի մոտեցումը՝ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ իր երկրի դեսպանն է, հատկապես թվային աշխարհում։ Կազմակերպությունը ,որը ներկայացնում է և որի կառավարչական խորհրդի անդամն է, ապացուցում է, որ անգամ փոքր քաղաքից կարելի է համահայկական ազդեցություն ունենալ։

«Մեր ամեն քայլը պետք է նպատակ ունենա։ Եթե նկարում ենք հումորային տեսանյութ, դա լսարան ներգրավելու համար է։ Եթե պատրաստում ենք կրթական նյութ, դա գիտելիք փոխանցելու համար է»,-բացատրում է Սյուզին։ Նրանց ծրագրերից մեկը՝ «Օրինակ բոլորիս համար» տեսաշարը, պատմում է Հայաստանում ապրող իրական մարդկանց մասին՝ ներկայացնելով նրանց հաջողություններն ու մարտահրավերները։ Սյուզին համոզված է՝ քաղաքականությունը պառակտում է, ուստի հարթակը պահում են «ապաքաղաքական»,- քանի որ համախմբումը հնարավոր է միայն ընդհանուր նպատակների շուրջ։ «Պետք է հարգանքով խոսել նույնիսկ նրանց հետ, ում հետ համաձայն չես։ Միայն այդպես կարելի է կոտրել սառույցը»,- ասում է նա։

Կարդացեք նաև

Back to top button