ԼուրերԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պետություն-եկեղեցի «շփման գծի» իրավական ճակատը․ ո՞ւմ կողմից է Սահմանադրությունը

Տապալո՞ւմ են Հայաստանի սահմանադրական կարգը նրանք, ովքեր համացանցում կամ մամուլում քննարկում են եկեղեցականների այս կամ այն գործողությունը՝ հարցնում են լրագրողները արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին․

«Սահմանդրությամբ երբ որևէ մարմնի մասին, կամ անձի, այդ թվում՝ և իրավաբանական, ընդ որում, եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում»։

Գալյանը մանրամասնում է, որ սահմանադրական կարգի տապալումը քրեորեն հետապնդելի արարք է։ Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ սահմանադրական կարգի տապալում արձանագրվում է այն ժամանակ, երբ փաստացիորեն դադարում են գործել սահմանադրական կոնկրետ նորմեր։ Արդարադատության նախարարը թվարկում է դրանք․

«Խոսքը ՀՀ ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է, խոսքն այն մասին է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, խոսքն այն մասին է, որ մեր երկրում ընտրությունները կայանում են այն կերպ, ինչպես կայանում են։ Մի խոսքով, 1-ից 7-րդ հոդվածների մասին է և այդ նորմերի գործողության փաստացի դադարումն է նշանակում սահմանդրական կարգի տապալում»։

«Պետությունն իրավո՞ւնք ունի միջամտելու եկեղեցու գործերին» հարցին Գալյանը հարցով է պատասխանում․

«-Եկեղեցու գործերին միջամտելու իրավունք ո՞վ ունի։

-Պետությունը ունի՞։ Հարցնում եմ։

-Լավ։ Հարցը հետևյալ համատեքստում դիտարկենք՝ եկեղեցին սահմանադրական մարմի՞ն է, թե՞ ոչ։

-Ոչ․․․։

-Ես շարունակում եմ, մի րոպե․․․»։

Բայց նախարարը չի շարունակում՝ լրագրողներին հորդորելով  հարց տալուց հետո չընդհատել։

«Անհնար է ժողովորդ անկեղծ, ամեն անգամ։ Ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ արդարադատության նախարարություն՝ իրավական տեսանկյունից էթիկայի և իրավական կրթության հետ կապված երկխոսություն ունենալու»։

Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների մասին հանրային քննարկումները թեժացան վերջին շաբաթներին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ մի շարք եկեղեցիներ այնքան էլ բարվոք վիճակում չեն, ապա ֆեյսբուքյան գրառումներով կասկածի տակ դրեց կաթողիկոսի կուսակրոնության ուխտը և ակնարկեց կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու մասին։ Իրավաբան, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը հիշեցնում է, որ Սահմանադրության 2005 թ. փոփոխություններով Մայր օրենքում ամրագրվեց «Ազգային եկեղեցի» եզրույթը, միաժամանակ այն, որ պետության հետ հարաբերությունները պետք է  կարգավորվեն օրենքով։ Համապատասխան օրենքն ընդունվեց 2007-ին։ Նրա խոսքով՝ պետություն-եկեղեցի առճակատման հիմքում ընկած առնվազն երկու թեզ հատուկ քննակման առարկա պետք է դառնա։

«2 թեզեր, այնուամենայնիվ, ես կուզենայի այստեղ հնչեր։  Հաճախ հնչում է, որ իսկապես, եկեղեցականները զբաղվում են քաղաքական գործունեությամբ, ինչը արգելված է իբրև թե օրենքով, և ըստ այդմ էլ՝ առաջ են քաշում այն, որ եթե օրենքով արգելված գործունեությամբ են զբաղվում, պետք է դրան լինի որևէ հակադարձում, սա մի խնդիր։ Եվ 2-րդ խնդիրն այն է, որ պայքարը անձերի դեմ է ուղղված, ոչ թե եկեղեցու»։

Սահմանադրությամբ ամրագրված չէ «քաղաքականությամբ զբաղվելու» օրենսդրական բնորոշումը՝ ասում է իրավաբանը, հետևաբար յուրաքանչյուրն ազատ է՝ ընտրելու՝ այս կամ այն գործողությունը քաղաքականությամբ զբաղվել է, թե ոչ․

«Օրենսդրությամբ այդ բնորոշումը չկա, իսկ սա նշանակում է, որ մենք ամեն դեպքում կարող ենք ազատ դրան բնորոշումներ տալ, բովանդակություն հաղորդել և մեղադրանքներ առաջադրել։ Այս խնդիրն ինձ համար արդիական էր համարվել դեռ 2022 թ-ին, երբ մի հոդված պատրաստեցի, բայց դատավորների մասին։Դատական օրենսգրքով՝ իրենք 5-րդ հոդվածի համաձայն պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն, չեզոքություն, բայց ի՞նչ բան է քաղաքական զսպվածությունը, չեզոքությունը, կոնկրետ, իրավական կտրվածքով ի՞նչ բովանդակություն ունի, որովհետև, դա բացված չի։ Եվ արդյունքում էլ մենք, բնականաբար, ցանկացած պահի դատավորի որևէ հայտարարություն կարող ենք և գնահատում ենք որպես իբրև թե սկզբունքի խախտում  դրանից բխող հետևանքներով»։ 

Պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորող օրենքի 2–րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Նույն հոդվածում նշվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում: Այսինքն՝ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնակառավարումը, ինչը ենթադրում է նաև հոգևոր առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։

Մինչդեռ, հիշեցնում է արդարադատության նախկին նախարարը,  վարչապետը գրառումներից մեկում նշել էր,  թե ճիշտ է համարում, որ Հայաստանի Հանրապետությունը վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Թե ինչպես պետք է դրսևորվի այդ վճռորոշ ձայնը, դեռ պարզ չէ, բայց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն բացառում, որ հարցը քննարկման առարկա կդառնա առաջիկա ընտրությունների և Սահմանադրության փոփոխությունների համատեքստում։

Կարդացեք նաև

Back to top button