
Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 20 վարակիչ հիվանդություն դարձել է կառավարելի: Մինչև մեկ տարեկան երեխաների 93 տոկոսը պատվաստված է․ այս տվյալները փոխանցել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ Թեև ցուցանիշը վատը չէ, Ստեփան Աթոյանը պարբերաբար իրազեկման և պատվաստումից հրաժարվող 7 տոկոսին ևս դրա բացակայության դեպքում հնարավոր ռիսկերի մասին պատմելու անհրաժեշտություն է տեսնում:
«Համապարփակ պատվաստումային գործընթացի շնորհիվ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների մասով՝ ինչպիսիք են կարմրուկը, կարմրախտը, բավականին հետընթաց է նկատվում։ Չեմ ուզում շատ կտրուկ տերմիններ օգտագործել, բայց ներկայումս կարծես թե մոռացել են այն ողջ բացասական ազդեցությունը, որ կարող են ունենալ այդ հիվանդությունները, բարդությունները, ընդհուպ մինչև մավան դեպքերը։ Եվ մեր առաքելությունն այն է, որ մշտապես զգոն ու իրազեկ պահենք մեր հասարակությանը, որ շարունակվի այն ձեռքբերումը, որ ունենք տարիների ընթացքում»։
Մոռացությունն ու հանգստությունն այս հարցում վտանգ են ծնում՝ ասում է Աթոյանը։ Կարմրուկի դեպքում, նրա խոսքով, վերջին տարիներին հենց այս իրավիճակին բախվեցինք։ Մարդիկ մոռացել էին՝ ինչպես է այն արտահայտվում, մտածում էին՝ իրենց շրջապատում բոլորը պատվաստած են, իրենց չպատվաստվելուց մեծ բան չի փոխվի։ Փոխվեց՝ ասում է ՀՎԿԱԿ-ի տնօրենը․
«2023 թվականի փետրվարի վերջից-մարտից սկսվեցին ու մինչև 2024 թվականի օգոստոսը շարունակվեցին կարմրուկի տեղական դեպքերը։ Առաջինը եղավ բերովի դեպք, հետո հրահրեց տեղական դեպքեր՝ կապված նրա հետ, որ մարդկանց ինչ-որ հատված կար, որ կոնկրետ կարմրուկի պատվաստում բաց էր թողել, և հենց էն մարդիկ վարակվեցին, որոնք չէին ունեցել համապատասխան պատվաստում։ 30 տոկոս կազմում էին մեծահասակները։ Նրանց համար ևս պատվաստումային գործընթաց սկսվեց»։

Հայաստանում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր չէին գրանցվել 2007-ից մինչև 2023-ը։ Այս տարիներին պատվաստանյութի շնորհիվ հեռացած վարակի պայմաններում դա հնարավոր դարձրած պատվաստանյութի մասին մոռացած մարդիկ վարակվեցին 2023-ին․ գրանցվեց 554, 2024-ին՝ ավելի շատ՝ 561 դեպք։ Ճգնաժամն այժմ հաղթահարված է՝ վստահեցնում են ՀՎԿԱԿ-ից, սակայն նոր խնդիրներից խուսափելու համար առաջարկում են շարունակել պատվաստումները՝ այս անգամ նաև ջրծաղիկի դեմ։ Պատվաստանյութն առաջարկվում է այս տարվա հունվարի 31-ից։ Այս պահին պատվաստվել է շահառուների 13 տոկոսը, իսկ թե ովքեր են շահառուները, Ստեփան Աթոյանն է պատմում․
«Ներկայում պատվաստումը հասանելի է 2023 թվականի նոյեմբերից ծնված՝ 1 տարին լրացած երեխաների, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար։ 2023 թվականի նոյեմբերից հետո ծնված երեխաների շրջանում պատվաստման ենթակա ազգաբնակչության 13 տոկոսն է ներկայումս պատվաստված, ու նախատեսում ենք արդեն առաջիկա զորակոչին ընդառաջ սկսել նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները։ Պարտադիր պատվաստում առհասարակ որևէ տարիքային խմբին չկա, բայց հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները, որ տարբեր տեղամասերից մեծ քանակով մարդիկ հավաքվում են մեկ փակ կոլեկտիվում, միանշանակ խրախուսվում է ոչ միայն ջրծաղիկի, այլև մյուս պատվաստանյութերը»։
Առաջին պատվաստանյութն ի հայտ է եկել 230 տարի առաջ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է առաջին հակապատվաստանյութային շարժումը՝ ասում է Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը։ Հայաստանում պատվաստումներից խուսափելու համար մի քանի պատճառ է նշում․

«Ինչպես ամբողջ աշխարհում Հայաստանում մարտարավերների շարքում առաջնահերթը պատվաստումների դիմակայությունն է՝ պատվաստումների նկատմամբ երկմտանքը, պատվաստումներից հրաժարումը։ Հաջորդ մարտահրավերը պատվաստանյութերի համահավասար ապահովումն է բոլոր համայնքներում, բոլոր անձանց համար։ Մյուս մարտարավերը կամ խնդիրը կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված որոշ բռնկումների կամ բարդացումների առաջացումն է, հիվանդությունների մասին մոռացությունն է և, իհարկե, անվստահությունը»։
Չվստահելը նորմալ է, եթե անտեղյակ ես՝ ասում է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան։ Անհրաժեշտ է, որ ծնողները հարցեր ունենան և այդ հարցերի ճիշտ հասցեատերերին գտնեն՝ բժիշկներին․
«Վերջին 50 տարում պատվաստանյութերի շնորհիվ մոտ 154 միլիոն մարդ է փրկվել դիֆտերիայից, կարմրուկից, կարմրախտից, կապույտ հազից և այլ վարակիչ հիվանդություններից։ Աշխարհում ամեն րոպե 6 մարդ է փրկվում այս հիվանդություններից։ Որոշների մասին ապագայում չենք էլ լսելու։ Բայց աշխարհում դեռ կան երկրներ, որտեղ ծնվող երեխային անուն չեն դնում մինչև, օրինակ, 5 տարեկանը, որովետև չգիտեն՝ կապրի, թե ոչ։ Սա է պատվաստանյութերի իմաստը՝ համոզվել, որ բոլոր երեխաները կապրեն։ Բայց հասկանում եմ նաև, որ մարդիկ կարող են պատվաստանյութերի մասին հարցեր ունենալ։ Նրանք պիտի որոշում կայացնեն։ Մենք ապրում ենք ինֆորմացիայով գերհագեցած աշխարհում և շատ կարևոր հարց ունենք ծնողներին․ ո՞ւմ եք դուք հավատում, ո՞ւմ եք տալիս ձեր հարցերը»։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակազմը հարցերի է սպասում՝ վստահեցնում են մասնագետները։ Նրանց նպատակը կոլեկտիվ իմունիտետի ձևավորումն է, ինչի համար անհրաժեշտ է, որ պատվաստումների գործընթացում առնվազն 95 տոկոս և բարձր ընդգրկվածության ցուցանիշ լինի։




