
Արշակ Ֆեթվաճյանի անկրկնելի ստեղծագործությունները կներկայացվեն «100 + 10 — Հայկական այլաբանություններ» Բեռլինի միջազգային փառատոնին։
Հայաստանի ազգայն պատկերասրահից տեղեկացնում են, որ Խորանաշատի, Անիի, Արցախի, Գանձակի ճարտարապետական փառահեղ կոթողների, եկեղեցիների ու տաճարների, բերդերի ու պարիսպների` վավերագրական ճշգրտությամբ արված Արշակ Ֆեթվաճյանի մատիտանկարները ապրիլի 24-ից մայիսի 31-ը կցուցադրվեն Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Ամստերդամից, Ստամբուլից և Գյոթեբորգից ժամանած շուրջ քառասուն արվեստագետների ավելի քան 80 աշխատանքների հետ համատեղ։



Միջազգային փառատոնը կնշանավորվի համաշխարհային պրեմիերաներով, ներկայացումներով, գրական և համերգային միջոցառումներով Բեռլինի ամենահին՝ Մաքսիմ Գորկու անվան թատրոնում և դրա շրջակայքում։
Այս ցուցահանդեսը հայկական մշակութային ժառանգության պահպանման և վերարժևորման ուղերձը կրող երկխոսություն է Հայաստանի սահմաններից դուրս, որով մեկնարկում է Հայաստանի ազգային պատկերասրահի 2025 թվականին նախատեսվող միջազգային ցուցահանդեսների շարքը։ Համադրող՝ Վիգեն Գալստյան:




