Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության շրջանակում քննարկումները շարունակվում են։ Հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Սաուդյան Արաբիայում։ Հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ առաջվա պես հավատում է Ռուսաստանի նախագահ Պուտինին, և որ ռուսական կողմի հետ ավելի հեշտ է բանակցել, քան Կիևի։
Փետրվարի 28-ի Թրամփ-Զելենսկի վեճից հետո ամերիկյան և ուկրաինական կողմերը պատրաստվում են նոր բանակցությունների։ Հանդիպումը նախատեսված է մարտի 11-ին Էր Ռիադում։ Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթը։ Ուկրաինական կողմից հանդիպմանը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Այս մասին գրում է Fox News-ը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան էլ X-ում գրում է, որ արդեն ինքը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել և քննարկել առաջիկա հանդիպմանն առնչվող հարցեր։ Նա նշում է, որ խոսել են նաև երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան գրում է․
«Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, և կարևոր է ԱՄՆ–ի դերը տևական խաղաղություն հաստատելու համար»։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ վստահեցրել է, որ նախագահ Թրամփը վճռական է ուկրաինական պատերազմին վերջ տալու հարցում:
Ըստ Ռուբիոյի՝ բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն կայուն խաղաղություն ապահովելու համար։
Սաուդյան Արաբիայում նախատեսված Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների առաջիկա հանդիպմանն ընդառաջ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի բարդ է, քան Ռուսաստանի՝ հաղորդում է Reuters-ը։
«Անկեղծ ասած՝ Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի դժվար է։ Եվ նրանք խաղաքարտեր չունեն։ Ռուսաստանի հետ աշխատելը հեշտ է, քանի որ իր վարչակազմը փորձում է հասնել խաղաղության համաձայնագրի։ Կարծում եմ՝ նա (Պուտինը՝ խմբ․) անում է այն, ինչ իր փոխարեն կաներ յուրաքանչյուրը: Նա ցանկանում է ավարտել պատերազմը, բայց հատկապես հիմա ուժեղ հարվածներ է հասցնում որոշակի առավելություն ստանալու համար»։
Վաշինգտոնը փորձում է նաև ելք գտնել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելու համար, եթե Մոսկվան համաձայնի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։




