
ՀԱՖՆ մամլո քարտուղար Աստղիկ Դալլաքյանի հետ մեր զրույցի երկրորդ մասում անդրադարձանք հետևյալ թեմաներին․
Նոր հազարամյակ մուտք գործելով Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ` Ֆիլհարմոնիկը միտված է բարձրացնելու ունկնդրի երաժշտական պատրաստվածությունը կանոնավոր կերպով հանդես գալով դասական և ժամանակակից սիմֆոնիկ և օպերային երաժշտության համերգներով:
Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Ռենատո Բրուզոնը, Սթիվեն Իսերլիսը, Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Նատալյա Գուտմանը, Ջուզեպպե Ջակոմինին, Իզաբել Ֆաուստը, Յուլյա Ֆիշերը, Պինխաս Ցուկերմանը, Գիդոն Կրեմերը, Յուրի Բաշմետը, Պլաչիդո Դոմինգոն և այլ հրավիրյալ արտիստներ, ինչպես նաև հայ առաջատար մենակատարներ և երիտասարդ խոստումնալից երաժիշտներ:
Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը, Վալերի Գերգիևը և այլ մեծանուն դիրիժորներ: Վ. Գերգիևը հինգ տարի եղել է ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: ՀԱՖՆ-ի հետ սերտորեն համագործակցել են Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան, Ռոդիոն Շչեդրինը և այլ հայտնի կոմպոզիտորներ: Հեղինակային համերգներով հանդես են եկել Արամ Խաչատրյանը, Դմիտրի Կաբալևսկին, Քշիշտոֆ Պենդերեցկին և այլ կոմպոզիտորներ:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ և միջազգային հայտնի մենակատարների հետ համատեղ լավագույնս ներկայացնում է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի և շատ այլ անվանի հայ կոմպոզիտորների երաժշտությունը:
ՀԱՖՆ-ը նաև հայ երաժշտարվեստի յուրահատուկ դեսպանն է աշխարհում և մշտապես հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում: Նվագախմբի հետ ելույթ են ունենում հայ անվանի մենակատարներ Սերգեյ Բաբայանը, Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Խաչատրյանը, Իզաբել Բայրաքդարյանը, Քիմ Քաշքաշյանը և այլք:
1989-ից ՀԱՖՆ-ը ակտիվորեն շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում, Ճապոնիայում, Սլովակիայում, Իտալիայում, Լեհաստանում, Մեքսիկայում և սկանդինավյան երկրներում:
2016թ-ին նվագախումբը համերգ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում «Սպիտակ գիշերների աստղեր» հայտնի փառատոնի շրջանակում, 2017-ին նվագախումբը հյուրախաղերով մեկնեց Իսպանիա և Գերմանիա, 2018-ին մեծ հաջողությամբ հանդես եկավ Բեռլինի հեղինակավոր Konzerthaus համերգասրահում:
2019թ.-ի դեկտեմբերի 25-ից 2020թ.-ի հունվարի 10-ը կայացել են ՀԱՖՆ-ի հյուրախաղերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ ընդգրկելով 10 համերգ 9 քաղաքներում:
2007 թվականից յուրաքանչյուր աշնանը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացնում է Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը, որին մասնակցում են և վարպետության դասեր անցկացնում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
ՀԱՖՆ-ը թողարկել է ավելի քան 40 ձայնասկավառակ, որոնց թվում են «Հայկական ռապսոդիան» (2011թ. շվեդական BIS ֆիրմա), Մոցարտի դաշնամուրի կոնցերտները, «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Դոն Ժուան» օպերաների նախերգանքները (2014թ., գերմանական OEHMS Classics ֆիրմա): Ձայնասկավառակներն արժանացել են միջազգային քննադատների բարձր գնահատանքին: 2017-ին ԱՄՆ-ում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, հատուկ հրատարակությամբ թողարկվեց «Մոցարտ-Կոմիտաս-Խաչատրյան» ձայնասկավառակը 10 000 օրինակով:
2021 թվականի հունվարից «Բեթհովեն-250» ծրագրի շրջանակներում ՀԱՖՆ-ն իրականացրել է Լյուդվիգ վան Բեթհովենի ինը սիմֆոնիաներից վեցի աուդիո և վիդեո (4K որակի) ձայնագրություններ։
2023 թվականին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի տարում, ՀԱՖՆ-ն համերգներով հանդես է եկել Հունաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, և Չինաստանում։ Ընդանուր առմամբ 17 համերգ հեղինակավոր համերգասրահներում՝ աշխարհահռչակ մենակատարների մասնակցությամբ։
Հարկ է նշել համերգները Նյու Յորքի Carnegie Hall, Տորոնտոյի Roy Thomson Hall, Մոնրեալի La Maison Symphonique Hall, Boston Symphony Hall-ում՝ Սերգեյ Խաչատրյանի և Սերգեյ Բաբայանի հետ։
2025 թվականին համերգներ են նախատեսված Իսպանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Չեխիայում և ԱՄՆ-ում։ Բազմաթիվ հայտնի միջազգային մասնագետներ նշում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անընդհատ աճող կատարողական մակարդակը` ընդգծելով նրբագեղ հնչեղությունը, տպավորիչ լարային կազմը և խարիզմատիկ գեղարվեստական ղեկավարին։




