ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գիրքը նաև «Արևմտյան Ադրբեջանի» մասին թեզերի հերքումն է․ լույս է տեսել Ադրբեջանի ծագմանը նվիրված առաջին հայալեզու մենագրությունը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել պատմաբան–արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գիրքը։ Այն առաջին հայալեզու մենագրությունն է Ադրբեջանի և ադրբեջանցիների ծագման մասին։ Գրքում ներառված են նաև արխիվային մի շարք փաստաթղեր, որոնք առաջին անգամ են հրապարակվում։ Հեղինակն աշխատել է հայկական ու ռուսական արխիվների հետ և հիմնվել բացառապես սկզբնաղբյուր հանդիսացող նյութերի վրա։

Պատմաբան-արևելագետ Անուշ Հարությունյանը շուրջ 300 էջանոց մենագրությամբ երկու հարցերի է պատասխանել․ ինչպե՞ս է առաջացել Ադրբեջանը և ի՞նչ խնդիր ունեն ադրբեջանցիներն իբրև էթնոխումբ։ Այս կարճ հարցերի պատասխանները դժվար է ամփոփել մեկ-երկու պարբերությամբ՝ ասում է հեղինակը, բայց մի քանի իրադարձություններ հատկապես կարևոր են նաև ժամանակակից աշխարհաքաղաքական համատեքստում։ Անուշ Հարությունյանն ադրբեջանական պետության ստեղծման երկու գլոբալ նախադրյալ է նշում․

«Ադրբեջան պետության առաջացումը Արևելյան Այսրկովկասում գլոբալ առումով հետևանք էր 1917 թվականի ներռուսաստանյան իրադարձությունների։ Խոսքը 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության, ապա՝ Հոկտեմբերյան հեղաշրջման մասին է։ Դրանք չէին կարող չխթանել քաղաքական գործընթացներ կայսրության ծայրագավառնեում, ինչպիսին  Այսրկովկասն էր»։

Հաջորդ կարևոր հանգամանքը Օսմանյան կայսրության կովկասյան արշավանքն էր՝ մանրամասնում է պատմաբանը։ Այդ ժամանակաշրջանում՝ առաջին աշխարհամարտի պայմաններում Օսմանյան կայսրությունը լծվեց ծավալապաշտական պանթյուրքիզմ ծրագրի իրագործմանը, ինչի կարևոր մասն էր նաև Այսրկովկասի գրավումը։ Այսպես էլ առաջացավ Ադրբեջանը։

«Օսմանյան ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական մանևրի շնորհիվ կամ քաղաքական նպատակահարմարության արդյունքում Արաքս գետից հյուս գտնվող տարածքը, որտեղ այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը, պատմության մեջ  առաջին անգամ կոչվեց Ադրբեջան, մինչդեռ պատմականորեն Ադրբեջան կամ Ատրպատական երկրամասը գտնվում է Արաքս գետից հարավ ընկած տարածքում, որը այսօր Իրանի Իսլամական Հանրապետություն հյուսիսային շրջանն է, և այսօր Իրանի հյուսիսային հատվածում գտնվում են երկու վարչական միավորներ, երկու նահանգներ որոնք կրում  են արևելյան ադրբեջան և արևմտյան ադրբեջան անունները՝ համապատասխանաբար Թավրիզ և Ուրմիա կենտրոններով»։

Նախկինում երբևէ գոյություն չի ունեցել մի պետություն, որը կներառեր այն ամբողջ տարածքը, որը ստացավ Ադրբեջան անվանումը, այսինքն՝ չկար պատմական այնպիսի հենք, որը թույլ կտար նորաստեղծ պետությանը ունենալ պատմական լեգիտիմություն՝ բացատրում է Անուշ Հարությունյանը։ Գրքի երկրորդ հարցադրումը, հեղինակի խոսքով, ավելի բարդ ու բազմաշերտ է։ Ադրբեջանական պետության մեջ ներառված ժողովուրդը սկզբում ինքնության նույնականացման, հետո արդեն պատմության ու մշակույթի ստեղծման խնդիր ուներ։

«Տվյալ պարագայում՝ 19-րդ դարի սկզբում, 20-րդ դարի ընթացքում և շատ երկար ժամանակ ներկայիս Ադրբեջանի տարածքի բնակիչները, որոնք թյուրքախոս էին և մահմեդական, ունեին կրոնական ինքնագիտակցություն, որն արտահայտվում էր մահմեդական տերմինի միջոցով։ Այսինքն՝ երբ 19-րդ դարի վերջում կամ 20-րդ դարի սկզբում նրանց հարցնում են, թե դուք ո՞ր ազգի ներկայացուցիչ եք, պատասխանն էր՝ մահմեդական։ Մինչդեռ մենք գիտենք, որ մահմեդականը չի կարող լինել էթնանուն» ։

Ադրբեջանցի ժողովուրդ եզրույթն առաջին անգամ կիրառվեց 1937-ին՝ Խորհրդային Ադրբեջանի Սահմանադրության մեջ։ Պատճառը խորհրդային իշխանությունների՝ տարածքային բաժանման քաղաքականությունն էր՝ ասում է պատմաբանը․

«Յուրաքանչյուր վարչական միավոր՝ լիներ միութենական հանրապետություն, թե ինքնվար մարզ, այդ վարչական միավորի անվանումը պետք է կապվեր տեղի էթնիկ խմբի հետ։ Նման անհամապատասխանություն կար Ադրբեջանի պարագայում, երբ պետությունը կոչվում է Ադրբեջանական ԽՍՀ, սակայն այնտեղ բնակչության տեսակարար զանգվածը կազմում են թյուրքերը»։ 

Բայց նոր տերմինն ամբողջ խնդիրը չլուծեց։ Հարությունյանն ասում է՝ դեռևս պարզ չէր՝ ադրբեջանցի ժողովուրդ ձևակերպումը վերաբերում էր  Ադրբեջանի ողջ բնակչությանը, թե՞ դրա մի մասին։

«Այս խնդիրը լուծելու է գալիս 1939 թվականի մարդահամարը, որի ժամանակ առաջին անգամ առանձնացվում են ադրբեջանցիաները՝ որպես էթնիկ խումբ։ Այսիքն՝ ադրբեջանցի տերմինի առաջացումը մենք կարող ենք թվագրել միայն 1937-1939 թվականներով»։ 

Դրանից հետո սկսվեց տարածքի և տարածքում ապրող ժողովուրդների ադրբեջանականացման գործընթացը։ Ժամանակագրական առումով՝ ուսումնասիրությունը հասնում է մինչև 1930-ականների վերջ, սակայն դրանում կան նաև Ադրբեջանի իշխանությունների այսօրվա՝ Արևմտյան Ադրբեջանի մասին թեզերի հակափաստարկները։

«Կարևոր է ցույց տալ, թե ինչպես է ստեղծվել Ադրբեջանը, ինչպես է այդ պետության ժողովուրդը առաջացել։ Այս հարցերին պատասխանելով՝ մենք ավտոմատ ժխտում ենք այն բոլոր թեզերը, որոնք այսօր հնչում են Ադրբեջանի կողմից՝ ամենաբարձր մակարդակով»։ 

Հեղինակն աշխատել է բացառապես սկզբնաղբյուրների հետ և չի հիմնվել այլ հեղինակների կամ արդեն արված վերլուծությունների վրա։ Ուսումնասիրել է ինչպես Հայաստանի ազգային, այնպես էլ Ռուսաստանի պետական արխիվներում պահվող նյութերը։ Գրքում կան  փաստաթղթեր, որոնք հրապարակվում են առաջին անգամ։

«Այդ փաստթղթերը բավականին կարևոր տեղեկություններ են պարունակում, դրանք վերաբերում են ինչպես Ադրբեջանի խորհրդայնացման ընթացքին, այնպես էլ 1920-30-ական թվականներին Ադրբեջանում հակախորհրդային դրսևորումներին, որոնց թեև մենք գլոբալ առումով անվանում ենք հակախորհրդային դրսևորումներ, սակայն դրանք իրենց խորքում պարունակում և արտահայտում են ադրբեջանական հասարակության տարբեր շերտերի՝ ուսանողության, մտավորականների, գյուղացիության վերաբերմունքը առաջին հերթին իրենց հարևանների նկատմամբ»։

Թեև խորհրդային բոլոր պետություններին այդ շրջանում բնորոշ էր ժողովուրդների եղբայրության մասին խոսույթը,  սակայն արխիվային նյութերից պարզ է դառնում, որ այդ շղարշի տակ Ադրբեջանում առնվազն հարևաններին չհանդուրժող հասարակություն էր։

«Սա մի խնդրահարույց հասարակություն էր, որը փորձում էր գտնել իր տեղը մի միջավայրում, որտեղ արդեն իսկ գոյություն ունեին բազմադարյա քաղաքակրթական արժեքներ։ Նրան հարևան էին հայկական քաղաքակրթությանը, իրանական քաղաքակրթությանը և դժվար չէ նկատել, որ այս նոր-նոր կոնսոլիդացող հանրույթը խանդով էր վերաբերվում իր հարևաններին, որոնք ունեին մշակութային և պատմական առումով ամեն ինչ՝ ինքնաբավ ազգ լինելու համար»։

Հարությունյանը նկատում է՝ թեև թեման կարևոր ու անկյունաքարային է ժամանակակից պատմագիտության համար, նման աշխատությունները դեռ շատ չեն։ Նշում է՝ իր ուսումնասիրությունը վերաբերում է ադրբեջանական պետության ձևավորմանը։ Այդ պետության գոյության հաջորդ տասնամյակները պակաս հետաքրքիր, մինևնույն ժամանակ չուսումնասիրված չեն։ Գրքի շնորհանդեսը մարտի 6-ին է, այն սառաջիկայում կթարգմանվի  ռուսերեն ու անգլերեն։

Կարդացեք նաև

Back to top button