
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատել է ռուսական կողմի վճռականությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Նրա խոսքով, Մոսկվան հայ-ռուսական երկխոսության օրակարգում առաջնահերթ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։
«Ռուսաստանը վճռական է տրամադրել անհրաժեշտ օգնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի մշակման հարցում, ներառյալ՝ հավասարակշռված և փոխընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակումը, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Կոպիրկինը` ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Նա նշել է, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային տարրը մնում է երկու կողմերի համոզմունքը, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։ Կոպիրկինն աել է, որ այս մոտեցումը հաստատվել է հունվարի 21-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի բանակցություններում։
Հավելել է նաև, որ ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, և Ռուսաստանը հաստատակամորեն պահպանում է իր տեղը որպես Հայաստանի հիմնական արտաքին առևտրային և ներդրումային գործընկեր։
«Մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչը մնում են մշակութային և հումանիտար կապերը, փոխգործակցությունը կրթության ոլորտում և միջանձնային շփումները, որոնցում մեծ դեր են խաղում հայրենակիցների կազմակերպությունները», — ասել է Կոպիրկինը։




