
Փետրվարի 5-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտնում միգրացիոն քաղաքականության երկու փոփոխություն, ինչը ենթադրում է միգրանտների արտաքսման ռեժիմ։
Փորձագետները կարծում են, որ ահաբեկչության ու իսլամիզացման ֆոնին տարվող ՌԴ միգրացիոն քաղաքականությունը ազդեցություն կունենա նաև Ռուսաստանում անօրինական գտնվող հայերի վրա և վիճակը կբարդանա։
Մոտավոր հաշվարկներով օրենքը կարող է կիրառվել մի քանի տասնյակ հազար ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
Անօրինական միգրանտների արտաքսում, վարչական պատասխանատվության սահմանում ՌԴ մուտք գործելու կամ երկրից դուրս գալու կանոնները խախտելու համար․ սրանք այն հետևանքներն են, որոնք հնարավոր են ՌԴ միգրացիոն քաղաքականության երկու փոփոխությունների ներդրմամբ։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է, որ այս փոփոխություններն ուժի մեջ են մտնում փետրվարի 5-ից։ Ըստ այդմ՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկված միգրանտին արգելված ծառայություններ մատուցելու համար:
Սպասվում է, որ ՌԴ միգրացիոն քաղաքականության օրենսդրական փոփոխություններն ուղիղ ազդեցություն կունենան նաև ՌԴ-ում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիների վրա՝ ասում է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ մանրամասնելով՝ ՌԴ սահմանապահը կարող է հենց իր որոշմամբ օդանավակայանից կամ սահմանից հետ ուղարկել մարդուն։
«Հիմա, երբ արտաքսման ռեժիմն ուժի մեջ մտնի փետրվարի հինգից, մինչև ՌԴ նախագահի տված ապրիլի 30-ը, այսինքն՝ այն ժամկետը, որը սահմանված է, որպեսզի անօրինական գտնվողներն օրինականացնեն իրենց այդ երկրում գտնվելը կամ լքեն երկրի տարածքը, վստահաբար կարելի է ասել, որ մինչև այդ ժամկետը նրանց թիվն ավելի մեծ կլինի, քան այս պահին է։ Ես այդպիսի կանխատեսում արդեն ունեմ և ուզում եմ միանգամից ասել մեր քաղաքացիներին, որ թյուրըմբռնում չլինի՝ ով անօրինական է գտնվում ՌԴ-ում և մտածում է, որ մինչև ապրիլ 30-ը կկարողանա օրինականացնել ՌԴ-ում իր գտնվելը, կարող են օրինականացնել։ Իսկ կարող են օրինականացնել միայն նրանք, ովքեր ունեն ՌԴ քաղաքացի ընտանիքի անդամ՝ ծնող, կին, ամուսին, զավակ։ Մնացած բոլորի դեպքում հենց հայտնվեցին ներքին գործերի նախարարության տարածքային մարմինների, միգրացիոն ծառայության թիրախում, կգնան ուղիղ միգրացիոն բանտ և այնտեղից կարտաքսվեն իրենց քաղաքացիության երկրներ։ Դրա փորձն արդեն կա»։
Ըստ ՌԴ-ում գործող կարգավորումների՝ եթե անձի միգրացիոն հաշվառման ժամկետից անցել է 30 օր կամ ավելի, ապա այ երկրում անօրինական գտնվող այլ երկրի քաղաքացին կունենա մուտքի արգելք և չի կարողանա օրինականացնել ՌԴ-ում իր գտնվելը։ Բացի այդ, երբ վերադառնա իր երկիր, 3-10 տարի ժամկետով ՌԴ մուտքի արգելքն ուժի մեջ է մտնելու՝ բացատրում է փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
«Եվ ես վստահորեն կարող եմ ասել, որ այս ընթացքում արտաքսումների թիվն ավելի փոքր կլինի, իսկ ապրիլի 30-ից՝ շատ ավելի մեծ, երբ սկսեն լայն մասշտաբով կիրառել օտարերկրացիների նկատմամբ նախագահի այս որոշումը, ինչին մենք, ի դեպ, պատրաստ չենք»:
Ոստիկանության աշխատակիցները պետական վերահսկողության շրջանակում իրավունք կունենան մուտք գործել արտաքսման ենթակա ներգաղթյալների բնակարաններ և այլ տարածքներ։ Ըստ ТАСС-ի՝ այս կանոնակարգը ևս ամրագրված է օրենքում, որն ուժի մեջ կմտնի մարտի 5-ից:
Բացի դրանից, ոստիկանության իրավունք կվերապահվի Ռուսաստանի պետական մարմիններից և օտար պետությունների իշխանություններից պետական վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկություն և փաստաթղթեր, դրանց թվում՝ առևտրային, բանկային, հարկային և օրենքով պաշտպանված այլ գաղտնիքներ պահանջել, ինչպես նաև բանկերից տեղեկություններ ստանալ արտաքսման ռեժիմում գտնվող օտարերկրացու բանկային հաշիվների առկայության և թվերի, նման հաշիվներով դրամական միջոցների շարժի մասին:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն այս առումով նկատում է, որ ՌԴ-ն խստացնում է իր միգրացիոն քաղաքականությունը՝ ահաբեկչության ու միգրանտների իսլամիզացման միտումների դեմ պայքարի շրջանակներում։
«Հասկանում ենք, որ Հայաստանից միգրանտների նկատմամբ նման մտավախություններն էականորեն ավելի ցածր են, բացի դրանից՝ ամեն դեպքում Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է։ Իհարկե, թղթաբանական առումով Հայաստանից մեկնած միգրանտների կյանքը դժվարանալու է Ռուսաստանում, անշուշտ, բայց այս պահի դրությամբ, քանի դեռ չկա քաղաքական որոշում՝ Հայաստանի վրա այս թեմայով ճնշում գործադրելու, և նաև չկա Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, Հայաստանից միգրանտները համեմատաբար լավ վիճակում են լինելու, այսինքն՝ իրենց նկատմամբ վտանգները շատ-շատ ավելի քիչ կլինեն, քան, օրինակ, Տաջիկստանից ու Ուզբեկստանից։ Կան իհարկե ռիսկեր, այն մարդիկ որոնց իրավական կարգավիճակը Ռուսաստանում թույլ է՝ ստիպված լինեն Հայաստան վերադառնալ, դա կարող է լինել մեծ ալիք, պայմանական ասած մի 20-30 հազար, բայց զանգվածային գաղթ դեպի Հայաստան հայաստանցիների դեռ չեմ ակնկալում»։
Միգրացիոն քաղաքականության խստացման են գնում ոչ միայն Ռուսաստանը, այլև ԱՄՆ-ը, Միջինասիական երկրները, Գերմանիան․ քանի որ, ըստ Հրանտ Միքայելյանի, աշխարհում միգրացիոն հոսքերի արագընթաց աճ է նկատվում։ Նման պայմաններում երկրները փորձում են ֆիլտրել իրենց երկրներ միգրանտների հոսքը։




