«Հարևաններս չեն բողոքում, այնպես եմ նվագում, որ հանկարծ չխանգարեմ, իսկ վերևինն ասում է, որ նվագս լսելուց հետո ավելի լավ է քնում»,-գոհունակությամբ անկեղծանում է Սիլվա Ալեքսանյանն ու հիշում 8-ամյա Սիլվիկի Թիֆլիսի անհոգ մանկությունը, երբ միակ մտածմունքն այն էր, որ թե ոնց շրջանցի երաժշտության գերմանուհի ուսուցչուհու ամեն օր պարապմունքի գալու պահանջը:
Հաստատ երաժիշտ կդառնար, եթե ստալինյան բռնաճնշումները չհասնեին իրենց ընտանիքին: Ալեքսանյանների ընտանիքը՝ հայր, մայր ու երեք դուստր, 1949-ին աքսորվեց Սիբիր: 13-ամյա Սիլվիկին էլ չխնայեցին՝ հնարավորություն տալով մնալ արդեն ընտանիք կազմած ու ազգանունը փոխած մեծ քրոջ մոտ: Պատճառ բերեցին, թե ծնողները թուրքահպատակ են եղել, բայց տիկին Սիլվան լավ է հիշում, որ 1924 թվականից հայրն արդեն կուսակցական էր, իրենք պիոներ և այլն:
Հայրն էլ, մայրն էլ վանեցիներ են, որ Եղեռնից մազապուրծ հանգրվանել էին Թիֆլիսում, ու, գաղթի ճամփի զրկանքներից ու տեսարաններից դեռ ուշքի չեկած, ապրանքային գնացքով մեկ ամիս պիտի գնային Սիբիր:


«Ոչնչով մեղավոր չէին, անմեղ տեղն աքսորեցին: Դե մի բան պիտի ասեին, իբր թե նախկինում թուրքահպատակ են եղել ծնողներս: Աքսորավայրում հիմնականում հայեր էին, հրեաներ, մերձբալթյան երկրներից շատերը կային, և ոչ մի վրացի չկար»,- հաստատ հիշում է զրուցակիցս:
Քրոջը՝ Արփենիկին առաջարկել էին համագործակցել, նույնն է թե մատնություններ գրել հայրենակիցների վրա, բայց 23-ամյա խիզախ օրիորդը չի համաձայնել ու ամենաշատը զրկանքները հենց նա է կրել: Ուշագրավ է Արփենիկի հնգամյա օրագիրը, որ հենց աքսորի օրերին է գրել ու այսօր հրատարակված գիրք է: Սիլվայի համար երաժշտությունն աքսորի օրերին էլ սփոփանք էր, այնտեղ էլ ակորդեոն է նվագել, ուրախացրել իրեն ու մյուսներին:
Փոքր որդին՝ Տիգրանն է դարձել մոր անկատար երազանքն իրականացնողը: Արդեն 30 տարի ապրում ու աշխատում է Շվեյցարիայում, պահանջված երաժիշտ է, նվագում է դաշնամուր, երգեհոն: Մեծ որդին հոր ուղով է գնացել՝ զինվորական է՝ արդեն պաշտոնաթող, բայց էլի օտարության մեջ՝ Ռուսաստանում: Համատեղ երջանիկ 60 տարին ամուսնու հետ սիրով է հիշում, կիրթ տղա էր, կարդացած, հավատարիմ ու լավ ամուսին, միասին 24 տարի Խարկովում ապրեցին, հետո վերջապես հաստատվեցին հայրենիքում:
Տարեց մարդն ամենաշատը շփման կարիք ունի, այսօր տիկին Սիլվան միայն մենակությունից է բողոքում, լսողությունն էլ հուզված պահերին կարծես դավաճանի, բայց երբ դաշնամուրի մոտ է, ամեն ինչ տեղն է գալիս՝ ձիգ կեցվածք, ճկուն մատներ ու սիրելի մեղեդիներ: Մի քանի օրից նա կդառնա 90 տարեկան ու հույս չունի, թե զավակները կամ թոռներն իր հետ կկիսեն այդ նշանակալի օրը, անբաժան ընկերն ու սփոփանքը դաշնամուրն է…։




