Երկրորդ շնչառություն

Արվեստը կատարյալ է ու հավերժ, իսկ կյանքը՝ կարճ․ Դանիել Երաժշտի կյանքի սիմֆոնիան․ «Երկրորդ շնչառություն»

Մեր հասարակությունը նման է լարից ընկած դաշնամուրի, որով եթե ամենատաղանդավոր երաժիշտն էլ նվագի, ֆալշ է ստացվելու: Նախ, հարկավոր է լարել գործիքը, որ ճիշտ հնչենք ու լսենք իրար:

Այս խոր փիլիսոփայությունը պատկանում է «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժշտին, ով, չնայած պատկառելի տարիքին, այսօր էլ բեղուն գործունեություն է ծավալում: Նա իրեն համարում է միջնադարյան Դանիել Երաժշտի հոգևոր ժառանգորդն ու թոռը:

«Մարդը նվագարան է Արարչի ձեռքում, իսկ երաժշտությունը ճիշտ լարում է մարդուն՝ որպեսզի լավ հնչի հասարակության մեջ: Այն մեզ օգնում է փոխհարաբերություններում ավելի բարեկամական լինել, ազատում է էգոիզմից և դիմացինին հասկանալու կարողություն է տալիս»,- խոսում է նա:

Երաժիշտն իրեն հարուստ է համարում հայ լինելու փաստով և հպարտությամբ է պատմում իր ուսուցիչներին, ումից ստացած դասերը շարունակում է սերտել ու կատարելագործել: Նա գիտի, թե ինչպես պետք է արժանանալ երաժշտությանը, ընդունել ուսուցիչներից սովորածը և կրկնապատկելով վերադարձնել սաներին:

«Երբ քնած չեմ, աշխատում եմ, իսկ քնի մեջ պատրաստվում եմ աշխատանքի: Երաժշտի մոտ աշխատանքը ենթագիտակցորեն է ընթանում — գլխում երաժշտությունը շարունակ հնչում է»,- կիսվում է նա՝ հայտնելով, որ այժմ գործունեություն է ծավալում Կոմիտասի տուն-թանգարանում:

Իրեն գենով տոհմիկ երաժիշտ համարող մտավորականը հպարտությամբ պատմում է իր ընտանիքի մասին: Նրանք 7 եղբայր-քույրեր էին, որից 5-ը՝ երաժիշտներ: Այնուհետև իր երկու դուստրերն էլ կլանվել են երաժշտությամբ, թոռները ջութակահարներ են, նույնիսկ նոր սերնդից մեկը դիրիժոր է, մեկն էլ՝ ավստրիական նվագախմբի առաջին ջութակ:

Նրա կարծիքով՝ բովանդակալից կյանքի գաղտնիքը ոչ թե տարիների քանակն է, այլ դրանց իմաստը: «Մոցարտը 35 տարի ապրեց, Շուբերտը՝ 31, Պերգոլեզին՝ 26, Դուրյանը՝ 19, բայց տեսեք, թե ինչեր ստեղծեցին: Կարևորը ոչ թե տարիքն է, այլ այն, թե ինչ ես արարում, ինչ ես լսում, ինչ ես փոխանցում»,- ասում է նա:

Դանիել Երաժշտի համոզմամբ՝ փոքր արժեքները պետք է ծառայեն մեծ նպատակներին, լինեն արձանի պատվանդան, այլ ոչ թե հակառակը: Նա արդեն կես դարից ավելի բուսակեր է և կատակում է, որ բուսակերները ավելի խնայողաբար են օգտագործում երկիրը և տիեզերքը:

«Երաժշտությունը, սերը և նպատակը՝ որպես տանող հրթիռ, կարող են մարդուն երկարակյաց դարձնել»,— եզրափակում է նա՝ հավատարիմ մնալով իր փիլիսոփայությանը. արվեստը կատարյալ է ու հավերժ, իսկ կյանքը՝ կարճ: Որքան մոտենում ես կատարելությանը, այնքան հեռու է թվում հորիզոնը:

Կարդացեք նաև

Back to top button