ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Նոր բանավեճ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ շահարկվում է «վերադարձի իրավունքը»

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման փուլը զուգորդվում է արցախցիների՝  իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի մասին քննարկումներով։ Այս թեման ուշադրության կենտրոնում են պահում թե Մոսկվան, թե Բրյուսելը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նախօրեին պնդել է, թե Բաքուն վերադարձի հնարավորություն արցախցիներին տվել է, և այդ հնարավորությունը  նաև հիմա է գործում։

Շվեյցարիայի խորհրդարանականները դիմել են կառավարությանը՝ կոչ անելով հնարավորինս շուտ՝ մեկ տարվա ընթացքում կազմակերպել խաղաղության միջազգային համաժողով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Միջազգային տարբեր ատյաններում և տարբեր երկրների խորհրդարաններում վերջերս շատ է խոսվում արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին։ Այս թեմայով հեռակա բանավեճ է սկսվել Հայաստանի և, որքան էլ զարմանալի է, ոչ թե Բաքվի, այլ Ռուսաստանի միջև։

Հայաստանում սուր է ընկալվել Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունը։ Չանդրադառնալով հնչած հարցին, որ Ադրբեջանն Արցախում սկսել է համատարած քանդել բնակելի՝ այդ թվում պատմամշակութային արժեք ունեցող շենքերը՝ դրանով, կարծես, վերջակետ դնելով արցախցիների վերադարձի հեռանկարին, Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչն, ըստ էության, արդարացրել է Ադրբեջանի գործողությունները։

Հիմնավորել է, թե տարածքը Ադրբեջանինն է, որտեղ գործում են այդ երկրի օրենքները և պնդել, թե Ադրբեջանը վերադարձի հնարավորություն տվել է, որը կա նաև այս պահին։ Ըստ Զախարովայի՝ հայկական կողմն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի անում։

Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում միջնորդի հավակնություններ ունեցող և հրադադարի հայտարարության կողմ հանդիսացող Ռուսաստանը համարում է, որ այս հարցում անելիք չունի:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունները «լկտիության նոր բարձունք» է համարել նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Համարում է, որ այդ հայտարարություններում կա նաև ինքնախոստովանական ցուցմունք։

Հանրային գործիչը ֆեյսբուքում գրել է․

«ՌԴ ԱԳՆ տիկինը լկտիությամբ պնդում է, որ «բազմիցս խոսել ենք եւ շեշտել Ադրբեջանի կառուցողական քայլերը իրենց տները լքած բնակչության վերադարձի համար» ու մեղադրում է ՀՀ իշխանություններին, այսինքն իրենք պահել էին Արցախի բնակչության անվտանգությունը, ՀՀ իշխանությունն էլ բռնի դուրս բերեց արցախցիներին ու հիմա էլ չի թողնում վերադառնան։ Սա իրապես ամենավերջին սանձարձակ պահվածքն է` խաղալով հարյուր հազարից ավելի արցախցիների անսփոփ ցավի ու ողբերգության հետ, հատկապես մի երկրի ներկայացուցչի կողմից, որը ստանձնել էր պարտավորություն պաշտպանելու արցախցիների անվտանգությունը»։

Թե որն էր Ռուսաստանի «գործը» Արցախում, որն այդպես էլ չարվեց, թերևս հստակ գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Թեև այս պահին Ռուսաստանը նախընտրում է խոսել փաստաթղթի միայն 9-րդ կետի մասին՝ հիմնավորելու ճանապարհները վերահսկելու իր հավակնությունները, բայց մինչ այդ կան նաև այլ կետեր, օրերս Ռուսաստանին հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ եռակողմ հայտարարությունը ունի 9 կետ։ Եկեք անդրադառնանք մնացած կետերին․ իսկ որտե՞ղ է հիմա Լաչինի միջանցքը, իսկ որտե՞ղ են հիմա խաղաղապահները, որոնք եռակողմ հայտարարության համաձայն պետք է տեղակայված լինեին ԼՂ-ում, իսկ որտե՞ղ է եռակողմ հայտարարության 7-դ կետը, որտեղ ասվում է՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Ինչո՞ւ այդ ամենը, ինչը տեղի չի ունենում։ Էլ չեմ ասում՝ «իրականացվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»։ Եթե մենք ուզում ենք անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ուրեմն պետք է գնանք սկսենք կարդալ վերնագրից և նախադասություն առ նախադասություն խոսենք դրա իրականացման մասին»։

Արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցը հայկական կողմի օրակարգում կարող է լինել, բայց ոչ հիմա՝ ասում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Կարծում է, որ հայերի՝ ԼՂ վերադարձի հարցին պետք է անդրադառնալ այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ կհաստատվեն։

«Իրատես պետք է լինենք և գնահատենք այն իրավիճակը, որում մենք հիմա կանք։ վերադարձը այսօր արդյո՞ք իրատեսական է, թե՝ ոչ։ Ի վերջո այնտեղ նաև շատ տարբեր գործոններ կան՝ անվտանգություն, որոշակի պայմաններ, որոնք արցախահայերի առջև կդրվեն։ Մենք պետք է շատ իրատես լինենք այդ հարցի լուծման ժամկետների, հնարավորությունների առումով։ Սա է խնդիրը նաև, որ մեզ խանգարում է որևէ հարց լուծել»։  

Քաղաքագետ Արթուր Ղազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում չի բացառել, որ 17 կետանոց «Խաղաղության պայմանագրում» չհամաձայնեցվող միակ կետը վերաբերում է հենց այս խնդրին։ Թեև չի բացառում նաև այլ տարբերակներ․

«Դա կարող է լինել արցախահայության իրավունքների հարցը՝ հետ վերադարձ դեպի Արցախ, օրինակ, ես ենթադրություն եմ անում, ինչ-որ մի միջանկյալ կարգավիճակով, անվտանգության ապահովմամբ»։

Այլ հարց է, թե ինչու է Ռուսաստանը այս պահին անդրադառնում վերադարձի թեմային։ Հայ վերլուծաբանները այստեղ կապ են տեսնում Վրաստանում տեղի ունեցող զարգացումների միջև։ Նախկին պատգամավոր Գայանե Աբրահամայնի կարծիքով՝ Զախարովայի անդրադարձը թեմային պատահական չէր։

Ֆեյսբուքում գրառմամբ նա զգոնության կոչ է արել․ «Սա շարունակությունն է Վրաստանում արդեն մեծ թափով տարածվող ռուսական նարատիվների, թե բա` Աբխազիան հետ կբերենք, եթե ԵՄ գնաք Ուկրաինա կդառնաք, սարսափելի նկարներով վախեցնելով բնակչությանը եւ այլն, նույնը Հայաստանում են անելու, նույն վախերի ու զգացմունքների վրա խաղալով, վերադարձի մասին խոսելով, գուցե անգամ կազմակերպելով ու հավաքագրելով վերադառնալ ցանկացողներին… սրանով լուծելու են մի քանի հարթության հարցեր»։

Քաղաքագետ Արթուր Ղազարյանի համար ռուս սահմանապահներին հայ սահմանապահներով հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին փոխարինելու համաձայնությունը անգամ հիմք չէ պնդելու, թե Ռուսաստանը հեշտությամբ հեռանալու է տարածաշրջանից։

«Նույնիսկ սա չի ենթադրում, որ ռուսական գործոնն ու ռուսական ազդեցությունը այստեղից հեռանալու են։ Որովհետև Ռուսաստանը կարող է «խաղալ» թե՛ ադրբեջանական ինչ-ինչ «խաղաքարտեր» ձեռքը օգտագործելով, իր ազդեցությունը Ադրբեջանում նա ունի, կարող է ազդել հայ-ադրբեջանական կարգավորումների վրա և նույնը՝ հայկական»։

Վերլուծաբանները ենթադրում են, որ Զախարովայի խոսքերը «վերադարձի իրավունքի» մասին, իրականում, վերաբերում են նաև այսպես ասենք Ռուսաստանի վերադարձի հնարավորություններին։ Ըստ վերլուծաբանների՝ Զախարովայի խոսքերը նաև հուշող կարող են լինել առ այն, թե առաջիկայում ռուսական հիմնական խոսույթը ինչ ուղղությամբ է լինելու, որը կարող է դառնալ նաև հաջորդ ընտրությունների քարոզարշավին ռուսական քաղաքական պրոքսիների բացահայտման հիմնական լակմուսի թուղթը։

Կարդացեք նաև

Back to top button