Իրանական ընկերությունը կամուրջ է կառուցել Հայաստանի Լոռու մարզում, որը վնասվել էր մայիսին տեղի ունեցած հորդառատ ջրհեղեղներից։
Կամուրջի բացումն այսօր տեղի ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի մասնակցությամբ։
Կամուրջը կառուցվել է Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում։
«Սանահին թաղամասը միակն էր աղետից հետո, որտեղ մեքենայով հասանելիություն չկար։ Իսկապես կարևոր իրադարձություն է և դրա համար և՛ Հայաստանի կառավարության անունից, և համայնքի բնակիչների անունից շնորհակալություն եմ հայտնում մեր բարեկամ Իրանին, պարոն դեսպանին իր անմիջական մասնակցության և աջակցության համար, շինարարներին, որ կարողացան շատ արագ ու կազմակերպված կերպով այս կամուրջը կառուցել։ Սա ոչ միայն օգնություն ու աջակցություն է, այլև խոսում է հայ–իրանական բարեկամական ջերմ հարաբերությունների մասին»,– ասել է նախարար Գնել Սանոսյանը ։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին էլ շեշտել է՝ շատ ուրախ է, որ իրանական ընկերությունը կարողացել է մասնակցել այս գործընթացին ։
Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը Հայաստանի հետ մեծ համագործակցություն է նախատեսում՝ մոտավորապես 3 միլիարդ դոլար ծավալով։
«Մենք երկու երկրների միջև համագործակցության շատ մեծ պոտենցիալ ունենք։ Այն ոլորտները, որոնցում արդեն ունենք համագործակցություն, կարող են շատ լավ հիմք դառնալ երկու երկրների միջև թե′ առևտրական, թե′ քաղաքական, և թե′ տնտեսական հարաբերությունների զարգացման համար»։




