
Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը հետմահու պարգևատրվել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարաջանովին ու ևս 10 անվանի անձանց բարձրագույն մրցանակը հանձնել է Ուկրաինայի անկախության օրվան ընդառաջ։ «Սա հարգանք է, պատիվ ու արժանապատվություն։ Ահա թե ինչպես է Ուկրաինայի պետությունը շնորհակալություն հայտնում իր ժողովրդին, իր հերոսներին, իր լեգենդներին, գնահատանքի արժանի մարդկանց, նաև նրանց, ովքեր, ցավոք, այլևս մեզ հետ չեն՝ ասել է Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինան Փարաջանովի երրորդ հայրենիքն էր, կամ այն երկիրը, որը ազատազրկելուց 50 տարի հետո արդարացրեց։
Ապրել, սիրել, սիրվել, հասնել մասնագիտական հաջողությունների, դատապարտվել ազատազրկվել ու արդարացվել։ Սերգեյ Փարաջանովին Ուկրաինայի հետ կապող պատմությունները շատ են, կինոռեժիսորն անգամ Ուկրաինան իր հայրենիքներից մեկն էր համարում։

Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկին Ուկրաինայի անկախության օրվան ընդառաջ Սերգել Փարաջանովին հետմահու «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակ է շնորհել։
Երբ Փարաջանովին իր հայրենիքի կամ ազգության մասին էին հարցնում, հպարտությամբ արձանագրում էր, որ միանգամից 3 հայրենիք ունի․
«Հայաստանը, Ուկրաինան ու Վրաստանը․ Վրաստանը այն երկիրն է, որտեղ ինքը ծնվել է, մեծացել ու ձևավորվել որպես անհատ, Ուկրաինան այն երկիրն է, որտեղ ինքը ձևավորվել ու կայացել է որպես կինոռեժիսոր և Հայաստանը՝ իր պատմական հայրենիքը, իր ծնողների հայրենիքը, որտեղ ինքը պատկերացնում էր իր կյանքի վերջին տարիները»։
Սերգեյ Փարաջանովի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարիաննա Մանուչարյանը հիշում է՝ Ուկրաինան Փարաջանովի կենսագրության ամենակարևոր կտորներից մեկն է․ Մոսկվայում համալսարանն ավարտելուց հետո, նրան, ինչպես սովետական տարիներին ընդունված էր, գործուղում են Կիևի կինոստուդիա։ Հենց այստեղ է սկսվում Փարաջանովի կյանքի ուկրաինական շրջանը։

«Սկզբնական շրջանում, ինչպես բոլոր կինոռեժիսորները, այնպես էլ Փարաջանովը, նկարահանում էր, այսպես ասած, պատվիրված ֆիլմեր, ինչպես ընդունված էր սովետական միությունում, ուր կար ցենզուրա, կար պատվեր ու պահանջներ, բայց դրանից հետո՝ 1963թ, Փարաջանովը նկարահանում է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը միջազգային մեծ արձագանք է ունենում ու նրան բերում մեծ ճանաչում»,-պատմում է թանգարանի գլխավոր ֆոնդապահը։
Փառքից ու տասնյակ մրցանակներից բացի՝ ուկրաինական էթնիկ խմբի մասին պատմող ֆիլմը Փարաջանովին նաև մեղադրանքներ է բերում։ Այն ժամանակաշրջանում, երբ Սովետական միությունը փորձում էր ստեղծել «մեկ ազգ, մեկ մշակույթ» գաղափարախոսությունը, Փարաջանովը համարձակվում է մեծ էկրան բարձրացնել ազգի, կրոնի, մշակույթի ու ծեսերի մասին պատմող ֆիլմ։ Փարաջանովն ասում էր՝ ես էլ սարեցի մարդ եմ ու նկարահանել եմ ֆիլմ սարերում ապրող ուկրաինացիների մասին։

«Փարաջանովն այն համարձակներից էր, ով ներկայացրեց գուցուլների մշակույթը, կրոնը, ավանդույթները, այսինքն դեմ գնաց սովետական ընդունված ստանդարտներին։ Դրանից հետո նա դարձավ ոչ այնքան սիրելի մարդ սովետական իշխանության համար»։
Հենց դրանից հետո էլ սկսվում են Փարաջանովի նկատմամբ հետապնդումները, նրան երկար տարիներ թույլ չեն տալիս դուրս գալ սովետական միության սահմաններից, մասնակցել միջազգային կինոփառատոնների։ 1973-ին հենց Ուկրաինայում Փարաջանովին ձերբակալում են, մեղադրում բռնաբարության ու համասեռամոլության մեջ։

«Այն ժամանակ սա մի մեղադրանք էր, որը մարդուն կվերացներ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, և հենց դրան էլ ձգտում էր Սովետական կառավարությունը, որովհետև բոլոր արգելքները Փարաջանովին չէին ստիպում հրաժարվել ազատ ստեղծագործելուց ու ազատ արտահայտվելուց»,-ասում է Մարիաննա Մանուչարյանը։
Կինոռեժիսորը ուկրաինական բանտում 4 տարի է անցկացնում։ Հարցազրույցներում ազատազրկված ու դրան հաջորդող տարիների մասին խորը ցավով ու ափսոսանքով է խոսում, շեշտում՝ իր անձնական ու ստեղծագործական կյանքից 15 տարի պարզապես խլել են։
Նույնիսկ անազատությունից հետո իր երրորդ հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը չի փոխում։ Փարաջանովին Ուկրաինայի հետ հավերժ կապում են նաև երկրորդ կինն ու որդին։ Չնայած բանտից հետո այլևս Ուկրաինա չի վերադառնում, բայց չի դադարում սիրել ու գնահատել այդ երկիրը։


«Փարաջանովի երկրորդ կինը՝ Սվետլանան, ուկրաինուհի էր։ Իհարկե, նրանց որդու ծնվելուց հետո նրանք բաժանվում են, բայց մինչև կյանքի վերջ մնում են լավ ընկերներ ու լավ բարեկամներ։ Ստացվում է, որ մասնագիտությունից բացի Ուկրաինայի հետ կապող ամենաամուր օղակը նրա կինն ու որդին էին, որոնք մինչև իրենց կյանքի վերջ ապրեցին Կիևում»։
Դատվելուց 50 տարի անց՝ ծննդյան 100-ամյակին ընդառաջ, Ուկրաինայի վերականգնման ազգային հանձնաժողովը 2024-ի տարեսկզբին արդարացրեց կինոռեժիսորին։ Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտը այս փաստը անգերազանցելի ու նշանակալի իրադարձություն որակեց։




