ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կմահանա՞,  թե՞ կվերածնվի «Հայֆիլմը» Ակադեմիական քաղաքի կազմում

1 դար առաջ՝ 1924-ին, առաջին հայկական կինոնկարը արտադրած ու հայկական գեղարվեստական ֆիլմերի զարկերակը դարձած «Հայֆիլմ» կինոստուդիան գուցե կենդանության վերջին օրերն է ապրում։ Կառավարության որոշմամբ ստուդիայի տարածքը կներառվի «Ակադեմիական քաղաք»-ի մեջ։ Օրենքի նախագծի հիմնավորմամբ տրվել էր հանձնարարական՝ ներկայացնելու որոշման նախագիծ՝ Երևանի 17-րդ թաղամասը և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին փոխանցելու նպատակով։ «Ծրագրի իրականացման այս փուլում քաղաքի հիմնական տեղամասի սահմաններում ընդգրկված հողամասերի փոխանցումը Հայաստանի Հանրապետությանն ավելի նպատակահարմար է՝ ծրագրի գույքի արդյունավետ կառավարում իրականացնելու համար»-նշվում է հիմնավորման մեջ։ Ստեղծված իրավիճակում սա լավագույն լուծումն էր՝ ասում է կինոստուդիայի տնօրեն Գառնիկ Վարդանյանը։

«Երկար տարիների ընթացքում «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի հետ կապված որևէ տեսակի ներդրումներ չեն իրականացրել, և ինքը, ինչպես բոլոր տեխնոլոգիական ընկերությունները, հնանալու հատկություններ ունի և այսօր գտնվում է, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում, որովհետև չի կարող համաքայլ քայլել ժամանակի մյուս կինոարտադրողների հետ և, «Հայֆիլմ»-ը կինոարտադրություն  չունի, երկար տարիներ է, պարզապես տրամադրում է վարձով տաղավարներ, որպեսզի մյուս կինոարտադրողները ֆիլմեր նկարեն»։

Իսկ «Ակադեմիական քաղաք»-ի կազմում կինոստուդիան նոր շունչ կստանա, կծառայի ժամանակակից արվեստին, կինոյին ու թատրոնին` ասում է կինոստուդիայի տնօրենը։ Հենց դրա տարածքում է ստեղծվելու արվեստի կլաստերը։ Վարդանյանը կարծում է՝  ճիշտ ճանապարհին են․

«Պարզապես կոպիտ ասած, անունը կփոխվի և ներդրումներ կիրականացվեն, ու դրա արդյունքում ինքը երկրորդ կյանք կստանա, այդ իսկ պատճառով ես միանշանակ կողմ եմ իրականացվող նախագծին»։

Հանրային գերակա շահ ճանաչված տարածքների մոտավոր սահմանագիծը

«Հայֆիլմի» 30 հա տարածքից այսօր օգտագործվում է չնչին հատվածը։ Պահպանելով հին ու պիտանի հատվածները՝ ճիշտ ներդրումների և կառավարման միջոցով հնարավոր է ստանալ արվեստի նոր կենտրոն։

«Հիմա էնպես չի, որ «Հայֆիլմ»-ը հողին ենք հավասարեցնում և պետք է ստեղծենք ինչ-որ նոր բան։ Մենք կարող ենք հինը պահպանելով, նորացնելով ստեղծել  ավելին, և հնարավոր է վերականգնել նույնիսկ կինոարտադրությունը, եթե իրականացնեն են համապատասխան ներդրումներ»

«Հայֆիլմ» կինոստուդիայից բացի՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին անցան նաև Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի որոշ տարածքներ, որոնք հանրային գերակա շահ  ճանաչվեցին։ Հայֆիլմի 100 տոկոս բաժնետերը կառավարությունն է՝ հիշեցնում է տնօրենը, ուստի այն կփոխանցվի հիմնադրամին այլ ընթացակարգով՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցով։ Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվում 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, մինչև այդ հայկական առաջին կինոստուդիան շարունակելու է գործել․

«Մենք կշարունակենք հնարավորինս աշխատել, որպեսզի կինոստուդիան չգնա սնանկացման ճանապարհով, որովհետեւ ես պարզ ձեզ ասեմ, պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում «Հայֆիլմ»-ի համար։ Տաղավարները վարձով կտրամադրենք և գոյացած գումարներից կփորձենք շենքերի պահպանությունը որոշակիորեն ապահովել և կսպասենք հետագա ծրագրերին։ Նշեմ նաև, որ մեզ մոտ հիմա ունենք ստատիկ վարձակալներ, որոնց մի հատվածը երիտասարդական ժամանակակից արվեստի հետ է կապված և մեր, այսպես ասած, հանգած վիճակում և շատ վատ վիճակում գտնվող շենքի հատվածն իրենք վերցրել են, մաքրել են, վերանորոգել են, էդ հատվածում իրականացնում են էդ գործունեությունը»։

«Հայֆիլմ»-ն այս պահին մահացած չէ՝ ասում է Վարդանյանը։ Առաջկա տարիներին կմահանա՞, թե՞ կվերածնվի՝ կախված է որոշում կայացնողներից։

Կինոստուդիայի մասնավորեցման պատմությունը սկսվում է 2005-ից, երբ պետական գույքի կառավարման վարչությունում սեփականաշնորհման մրցույթին հայտ ներկայացրած միակ ընկերությունը՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ն հաղթեց և վերանվանվեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» -ի։ Պայմանագրով նախատեսվել էր 30 մլրդ դրամի ներդրում, որից առնվազն 10 մլրդ դրամը պարտավորվել է իրականացնել 10 տավա ընթացքում։

2006-2009 թվականներին կատարվել էր 748 մլն դրամի ներդրում ՝ խոստացված 10 մլրդ դրամի փոխարեն, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է հաշվետվություն, որը չի ունեցել պատշաճ հիմնավորումներ։ Նաև պատշաճ չի իրականացվել կինոարխիվի թվայնացումը. 460 ֆիլմից թվայնացվել են 319-ը, ընդ որում ՝ անորակ։ Արդյունքում, 2015-ին կառավարությունը լուծել է 2005–ին կնքված պայմանագիրը և «Հայֆիլմ»-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրանցել են որպես ՀՀ սեփականություն։

Կարդացեք նաև

Back to top button