
ԿԳՄՍ նախարարության հայտարարած 66 անուն դասագրքի մրցույթի արդյունքում ներկայացվել է շուրջ 110 դասագիրք: Այս տարի նոր դասագրքերի մրցույթներ են հայտարարվել 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների, ինչպես նաև 2-րդ, 5-րդ և 10-րդ դասարանների համար, որոնց մրցույթներն անցած տարի չէին կայացել։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այն դասագրքերը, որոնք դեռ երաշխավորված չեն, գտնվում են փորձաքննության փուլում, իսկ երաշխավորվածները՝ տպագրության: Դասագրքեր էլ կան, որոնց մրցույթին նույնիսկ դիմող չի եղել, ասում է Սվաջյանը։ Խոսքը, մասնավորապես, 8-րդ և 10-րդ դասարանների Ռուսաց լեզվի դասագրքի մասին է։ Փոխնախարարը հավաստիացնում, որ դեռ ժամանակ կա, և բոլոր դասագրքերը կհասնեն դպրոց, սակայն կրթության փորձագետնը համոզված է՝ կլինեն առարկաներ, որոնցից դասագիրք չի լինի։
Ի տարբերություն անցած տարվա, դասագրքերի ստեղծման գործընթացին մասնակցությունն այս տարի բավականին ակտիվ էր, և շատ քիչ դասագրքեր կան, որոնց ստեղծման համար դիմողներ չեն եղել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած 66 անուն դասագրքի մրցույթին ներկայացվել է շուրջ 110 դասագիրք:Այս տարի նոր դասագրքերի մրցույթներ են հայտարարվել 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների, ինչպես նաև 2-րդ, 5-րդ և 10-րդ դասարանների համար, որոնց մրցույթներն անցած տարի չէին կայացել, ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
«Դասագրքերն արդեն փորձաքննվել են: Այս տարի դասագրքերի փորձաքննություն իրականացվել է բուհերի միջոցով: Ձևավորվել են փորձագիտական հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրել են համապատասխան ընթացակարգերով և գործիքակազմերով, որից հետո դասագրքերը ներկայացվել են նախարարություն»:

Թեև դասագրքերի մրցույթն այս տարի համեմատաբար շուտ հայտարարվեց, և թվում էր, թե գոնե այս ուսումնական տարին առանց դասագրքի չի մեկնարկի, զարգացումներն այլ ընթացք ստացան։ Դարձյալ ոչ բոլոր առարկաները նոր դասագրքեր կունենան, ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Ապրիլի 5-ին մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց հայտերը, հույս կար, որ ամեն ինչ ժամանակին կլինի, բայց արդեն 3,5 ամիս է անցել, բայց դեռ բազմաթիվ դասագրքերի գծով որևէ որոշում չկա։ Մի շարք դասագրքեր կրկնակի փորձաքննություններին, բողոքարկումների մեջ են։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ այս տարվա գործընթացը նույնպես ուներ բազմաթիվ թերություններ»։
66 անուն դասագրքերից 43-ն արդեն իսկ հաստատվել և երաշխավորվել է: Մի մասն էլ դեռևս փորձաքննության փուլում է, որովհետև եղել են դասագրքեր, որոնք բողոքարկման արդյունքում կրկնակի փորձաքննություն են անցնում։ Եղել են նաև դասագրքեր, որոնք չեն երաշխավորվել։ Փոխնախարարը, սակայն, լավատես է՝ դեռ կա ժամանակ։
«Նաև մրցույթ է հայտարարվել այն դասագրքերի համար, որոնք առաջին փուլում չեն ներկայացվել։ Նոր մրցույթ էինք հայտարարել և այդ դասագրքերը ևս ստացել ենք, և այժմ բոլոր դասարանների դասագրքերը, որոնք երաշխավորված չեն, արդեն փորձաքննության փուլում են»։
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ բոլոր այն դասագրքերը, որոնք դեռ երաշխավորված չեն, գտնվում են փորձաքննության փուլում, իսկ երաշխավորվածները՝ տպագրության: Դասագրքեր էլ կան, որոնց մրցույթին նույնիսկ դիմող չի եղել։ Խոսքը, մասնավորապես, 8-րդ և 10-րդ դասարանների «Ռուսաց լեզվի» դասագրքի մասին է։ Բացի այդ՝ առաջին փուլում չեն երաշխավորվել 10-րդ դասարանի «Քիմիա» և «Կենսաբանություն», 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկաների, իսկ որոշ դասարաններում՝ ֆրանսերենի դասագրքերը: Առաջիկայում դրանց համար կրկին մրցույթ կհայտարարվի: Հաջորդ տարվա համար էլ հայտարարված են 1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների նոր դասագրքերի մրցույթներ, որոնց արդյունքները կամփոփվեն 2025-ի փետրվարի 1-ին: Թեև անցած տարվա համեմատ այս տարի նոր դասագրքերի ստեղծման գործընթացը շատ ավելի սահուն է կազմակերպվել, փոխնախարարը չի բացառում, որ խնդիրներ կարող են լինել նաև նոր ստեղծվող դասագրքրերում։
«Մենք մասնագիտական ռեսուրսի խնդիր ունենք, թե դասագրքաստեղծ խմբերի, թե փորձաքննողների։ Բնականաբար, այս տարի ավելի արդյունավետ է կազմակերպվել, քան անցյալ տարի։ Որովհետև անցյալ տարի առաջին անգամ էր։ Թե գործիքն էր նոր, թե գործընթացը, և դա բավականին լուրջ փորձառություն էր մեզ համար։ Հաշվի առնելով անցյալ տարվա խնդիրները, այս տարի փորձել ենք այնպես կազմակերպել դասագրքերի գործընթացը, որ նախորդ տարի արձանագրված խնդիրները չլինեն: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի, թեև ինչպես նշեցի, որոշ դասագրքեր կրկնակի փորձաքննության փուլում են, որովհետև ահազանգեր ենք ստացել, որ դրանց փորձաքննությունը պատշաճ չի իրականացվել»։
Եթե անցած տարի դասագքրերի փորձաքննությունը իրականացնում էր նախարարության կողմից ընտրված փորձագիտական խումբը, ապա նոր դասագրքերի դեպքում կարգը փոխվել է։ Ավելի պատշաճ գործընթաց ապահովելու և ավելի լավ դասագիքր ունենալու համար փորձաքննությունը արդեն բուհերին են վստահել։ Սակայն կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը վստահ չէ, որ գնահատումը ճիշտ մասնագետների է վերապահված։
«Մենք լրջագույն խնդիր ունենք դասագիրք գնահատողների հետ։ Ունենք դասագրքեր, որոնք հանձնաժողովը սխալ է գնահատել, և ստիպված նոր հանձնաժողով են ստեղծել։ Կան դեպքեր, երբ համոզիչ չեն հիմնավորումները։ Օրինակ՝ նախարարը երաշխավորում է ուսուցչի ձեռնարկ, նայում ես այդ ձեռնարկը, բովանդակություն չկա։ Կա սուբյեկտիվիզմ, պրոցեսը քաոսային է, չկա բողոքարկման հստակ կարգ»։

Որքան էլ մեղքը փորձեն գցել դասագրքերի հեղինակների վրա, փորձագետը կարծում է, որ նախ կարողությունները պետք է ստեղծել, ապա նոր պահանջել։ Իսկ մինչ այդ կարողությունները կստեղծվեն, Սերոբ Խաչատրյանն արձանագրում է, որ երկրորդ տարին անընդմեջ դպրոցներում կլինեն առարկաներ, որոնք դասագիրք չեն ունենա։




