ԿարևորՀասարակությունՌեպորտաժներՏեսանյութեր

«Մի վախեցե՛ք, եկեք Ջերմուկ»․ Ջերմուկի փոխքաղաքապետ

Հայաստանի առողջարանային կենտրոն համարվող Ջերմուկում 2022-ի ադրբեջանական ագրեսիայից հետո քաղաքի զբոսաշրջային կյանքը կանգ էր առել։ Երկու տարի անց Ջերմուկը դանդաղ, բայց սկսում է վերականգնել իր երբեմնի ակտիվությունը։ Նախատեսվում է 2025-ի Համահայկական ձմեռային խաղերն անցկացնել Ջերմուկում։

Եգիպտոսում բնակվող Ահմեդ Իբրահիմը Ջերմուկի տաք ջրերի՝ գեյզերի մասին տեղեկացել է համացանցից։ Ասում է՝ շատերը նախընտրում են հանգստանալ Եգիպտոսում, ինքն իր ընտանիքի հետ ընտրել է Ջերմուկի սարերն ու բնությունը։

«Այս հրաշալի ու բուժիչ բնությունը Եգիպտոսում չկա, այս գեյզերները, որոնք ուղղակի հրաշալի են, իսկ դրանց հասնելու ճանապարհն ամբողջովին էքստրիմ է։ Օդը, ջուրը, հայրերի հյուրասիրությունn ուղղակի անպատմելի են, դե առողջարար լինելու մասին խոսք չկա»։

Մինչև սեպտեմբերյան ագրեսիան, Ջերմուկի այցեքարտ դարձած հանքային ջրերի ըմպելասրահի տարածքում ամռան այս ամիսներին ասեղ գցելու տեղ չկար։ Այս տարի զբոսաշրջիկների թվի աճ կա, բայց նախկին ակտիվությունը՝ դեռ ոչ։ Տեղի բնակիչներն ասում են՝ մարդիկ դեռ կասկածներ ունեն՝ անվտա՞նգ է Ջերմուկ այցելելը, թե՞ ոչ։

«Երևանում մարդկանց վախեցնում են, որ Ջերմուկը հանձնել են և այլն։ Հենց ընկերուհիս գնացել էր Երևան, տաքսիստն ասել էր՝ Ջերմուկը հանձել են, գիտե՞ք, ընկերուհիս ասել էր՝ ի՞նչ եք ասում, նոր ենք եկել Ջերմուկից»։

«Ռուսներին օդանավակայանից սկսած ասում են՝ Ջերմուկ մի գնացեք, վտանգավոր է ու ուղղորդում են Ծաղկաձոր, Դիլիջան, Իջևան։ Թե ովքեր են ուղղորդում, պարզ չէ։ Թող իզուր նման լուրեր չտարածեն, թե Ջերմուկը դարձել է սահմանամերձ, ուրեմն վտանգավոր է»։

Ջերմուկում մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան ոչ մի հյուրանոց, հյուրատուն կամ առողջարան ամռան սեզոնին  ազատ համար չի ունեցել, Ջերմուկի ակտիվության  հետ կարող էր համեմատվել միայն Երևանի կենտրոնը՝ ասում է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։

«Հիմա աստիճանաբար, ամսեամիս վերականգնվում է, բայց դեռ չենք հասել այն ցուցանիշներին, որոնք ունեինք մինչև ագրեսիան։ Այդ պահին, երբ տեղի ունեցավ հարձակումը, մեր մոտավոր հաշվարկներով 17-20 երկրներից տուրիստներ ունեինք»։

Փոխքաղաքապետը համակարծիք է բնակիչների հետ, որ ապատեղեկատվություն շատ է տարածվում։ Զարմանում է, թե ինչու պետք վախենալ Ջերմուկ այցելելուց։

«Ինչից վախենան, ամբողջ հանրապետությունը սահմանմերձ է կամ սահմանակից է։ Նոր իրականություն ունենք, որի հետ պետք է հաշտվենք ու ապրենք, ոչ մենք ենք հեռանալու այս տարածքից, ոչ իրենք։ Հիմա մեծ քաղաքականության հետ մենք գործ չունենք, բայց պետք է ճիշտ գնահատենք իրականությունը։ Իսկ վախենալու առումով այսօր Երևանի կենտրոն էլ է վախենալու»։

Ադրբեջանական ագրեսայից հետո քաղաքի ենթակառուցվածքները ամբողջովին վերականգնվել են՝ մասնավոր ու պետական կառույցները ակտիվ համագործակցում են, քաղաքը լուսավոր է ու մաքուր։ Սա նկատում են նաև առողջարանային քաղաքի այցելուները։

«Նման մաքրությունը ու լուսավորություն Հայաստանի շատ քաղաքներում չկան։ Իսկ հանգստանալու առումով ամենահետաքրքիր վայրն է, թե գնանք Տուապսե, Գելենջիկ ու էլ չգիտեմ որտեղ, ոչ մեկից հետ չի մնում։ Իսկ վտանգն է այստեղ մեկն է՝ պետք է գումար ունենաս»։

Ջերմուկում այսօր մատուցվող ծառայությունների գները նվազել են։ Մինչ ագրեսիան գնային քաղաքականությունն այլ էր՝ ասում է փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։

«Այսօր Ջերմուկը Հայաստանի ամենամատչելի վայրերից մեկն է դարձել, առողջարաններում գները տատանվում են 25-30 հազարի շրջակայքում, երեք անգամ սնունդով և բուժական պրոցեդուրաներով։ Եվ այն տեղեկատվությունը որ տարածում են, թե Ջերմուկում օրը 150 հազար է, ամբողջովին սուտ է»։

Քաղաքի զբոսաշրջային գրավչությունն ապահովում էր նաև ճոպանուղին, որը սեպտեմբերյան դեպքերի ժամանակ վնասվել է և դեռ չի գործում։

«Ճոպանի վերականգնելը այժմ տեխնիկական խնդիր է։ Ակնկալվում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել վերանորոգումը, քանի որ Ջերմուկում անցկացվելու են համահայկական ձմեռային խաղերը»։

Ի դեպ, դեպի Ջերմուկի խորհրդանիշ «Եղնիկ» տանող ճանապարհն ամբողջությամբ  ասֆալտապատվել ու լուսավորվել է, սպասում է Եղնիկին։ Իսկ «Եղնիկը» տուն կվերադառնա մինչև օգոստոս՝ ամբողջովին վերականգված ու զգեստափոխված։

Կարդացեք նաև

Back to top button