ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հոսանքի ազակատանացումը արդյունք տալիս է․ ջուրը, օրինակ, չի թանկացել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2023-ին ուսումնասիրել է էլեկտրաէներգիայի ոլորտը։ Հիմնական նպատակը՝ ազատականացված շուկան ուսումնասիրելն էր, հասկանալը՝ ինչ խնդիրներ կան։ Ուսումնասիրության արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցային կանոններում ընդգծվել են դրույթներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են ազդեցություն ունենալ շուկայում մրցակցային իրավիճակի վրա:

Ումի՞ց գնել հոսանք և ի՞նչ գնով․ սա գործարար աշխարհին հուզող հարցերից է, հատկապես նրանց, ում արտադրանքի ինքնարժեքում էլեկտրաէներգիայի բաղադրիչը մեծ է։ Այս ընկերություններին հնարավորություն է տրվել ՀԷՑ-ից բացի գտնել ավելի ցածր գին առաջարկող մատակարարի։ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի մենաշնորհը վերացված է, դաշտը՝ ազատականացված։ Ազատականացումը ենթադրում է, որ դաշտում հայտնվում են հոսանքի այլ մատակարարներ՝ ստեղծելով մրցակցային դաշտ։

Սպառողը հանգիստ կարող է ընտրել ամենաէժան մատակարարին, կնքել պայմանագիր ու ձեռք բերել հոսանք։ 2022-ի գարնանից «Վեոլիա ջուր» ընկերությունը էլեկտրաէներգիայի ազատակաանցված շուկայում է։ Այն ընկերությանը հնարավորւթյուն է տվել ձեռք բերել էժան հոսանք՝ խմբում ներառելով փոքր ՀԷԿ-եր։

Դա վերջնական արդյունքում ազդում է խմելու ջրի սակագնի վրա, հատկապես, որ էլեկտրաէներգիան «Վեոլիա ջուր» ընկերության գնագոյացման ամենամեծ բաժինն է կազմում՝ ասում է «Վեոլիա ջուր» ընկերության էներգավերահսկողության բաժնի պետ Կարեն Գիշյանը․

«Տարեկան կտրվածքով ասեմ՝ մոտ 370 մլն դրամի օգուտ է տվել նախկինում ձեռք բերած էլեկտրաէներգիայի համեմատ՝ 2023-ին։ Կցանկանայի, որ ավելի շատ մասնակիցներ լինեն, այս դեպքում շուկան ավելի ճկուն կաշխատեր։ Ինձ թվում է՝ շատ մասնակիցների դեպքում սակագինն ավելի կիջնի»։

Ընկերությունն իր խմբում արտադրողներ ունի՝ փոքր ՀԷԿ-երի հետ են պայմանագիր կնքել։ Եթե պայմանագրի կետերը փոխվեն, կարող են փոխել արտադրողին՝ բացատրում է ընկերության ներկայացուցիչը․

«Նոր ՀԷԿ-եր կարող ենք ձեք բերել։ Պարտադիր չէ, որ ամեն տարի նույն մարդուց ձեռք բերենք։ Իսկ շուկայի մնացած հատվածներում չենք տեսնում՝ ումից ենք ձեռք բերում էլեկտրաէներգիա»

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2023-ին ուսումնասիրել է էլեկտրաէներգիայի ոլորտը։ Հիմնական նպատակը ազատականացված շուկան ուսումնասիրելն էր, հասկանալը՝ ինչ խնդիրներ կան։

ՄՊՀ շուկաների վերլուծության մասնագետ Արմենուհի Հարությունյանը նշում է․ «Հիմնական խնդիրերը վերաբերում են օրենսդրական բացերին՝ որպես նոր գործարկված շուկա և առհասարակ մենաշնորհային ոլորտ անցումից հետո մրցակային շուկա, որպես նոր ոլորտ՝ բնականաբար կարող են օրենսդրական բացեր լինել, որոնք շուկայի գործարկման արդյունքում ընդհանուր կարգավորումների անհրաժեշտություն են ունենում»։

Ուսումնասիրության արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցային կանոններում ընդգծվել են դրույթներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են ազդեցություն ունենալ շուկայում մրցակցային իրավիճակի վրա:

«Բարդության առումով խնդիր չի բարձրաձայնվել։ Ուղղակի ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ դեռևս մեր ազատականացված հատվածի էլեկտրաէներգիան պակասուրդային է, այսինքն՝ էլեկտրաէներգիայի այն քանակը չի առաջարկվում, որն անհրաժեշտ է տնտեսվարողներին ձեռքբերման և իրենց սպառողների շրջանակի գտնելու համար։ Առհասարակ այստեղ բարդությունը կայանում է նրանում, որ ցանկացած մատակարարի համար սպառողի շրջանակի ընտրությունն է բարդ»։

Էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզիա ունի 20 կազմակերպություն,  մեծածախ առևտրի լիցենզիա է ստացել վեցը։ Հայաստանում էլեկտրաէներգիայի ազատական շուկայի մոդելի ձևավորման ժամանակ Հայաստանում կիրառվում է աստիճանական անցման մոդելը։ Սա հնարավորություն է տալիս անցումային փուլում շուկան զերծ պահել ցնցումներից։ Նոր մոդելի համաձայն, էլեկտրաէներգետիկական շուկայում արտադրող կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի ձեռքբերում կարող են իրականացնել մատակարարները, որակավորված սպառողները, մեծածախ առևտուր իրականացնողները։

Խոշոր սպառողների համար մատակարարներից հոսանք գնելը պարտադիր է դարձել 2023թ փետրվարի 1-ից։ Մասնագետները բացատրում են՝ նախկինում բոլորն էլ հոսանքը վաճառում էին նույն միջինացված գնով։ Ազատականացված շուկայում այդպես չէ։ Նոր խաղացողները ավելի շահավետ առաջարկներ են ներկայացնում սպառողին։ Վերջիններս երաշխավորված մատակարարողից՝ ՀԷՑ-ից կարող են հրաժարվել և ընտրել իրենց մատակարարին:

ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ էլեկտարէներգիայի շուկայի ազատականացումըփուլ առ փուլ կբերի նրան, որ բոլոր սպառողները կվճարեն այնքան, որքան էլեկտրաէներգիան կարժենա սպառման կետում։Օրինակները բազմաթիվ են, բերում է միայն մեկը․

«Գարնան ամիսներին, երբ  խորքային հորերը, ջրային տնտեսությունները ավելի շատ են էլեկտրաէներգիա սպառում, այդ ամիսներին աշխատում են ՀԷԿ-երը, որոնք արտադրում են ավելի էժան էլեկտրաէներգիա։ Այս ընկերությունները, սակայն, վճարում են միջինացված գին։ Այժմ նրանք կարող են ավելի ցածր գին վճարել, մյուսները՝ ավելի բարձր»։

Այս փուլում բնակիչ-բաժանորդները դեռ չեն օգտվում շուկայի ազատականացված մոդելից։

Կարդացեք նաև

Back to top button