ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գործակարգավարական հաջորդ նիստը՝ դպրոցականների բարձրացրած խնդիրների լուծման հանձնարարականներով․ Հայաստանը նշում է ջրի համաշխարհային օրը

Լրագրողների փոխարեն Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին հարցեր են տալիս դպրոցականները։ Մինչև հարցուպատասխանին գալը՝ հավաքել են փաստեր, գտել անվիճարկելի հիմնավորումներ, արել սեփական փորձարկումները։ Վանաձորից Նելլին, օրինակ, Տանձուտ գետից նմուշառում է արել, հասկացել, որ ցուցանիշներերն արժանի են նախարարի հետ քննարկվելու․

«Պարոն նախարար, ի՞նչ միջոցառումներ են իրականացվում իմ համայնքի գետերը մաքուր պահելու նպատակով»։

Նախարարը հարցին պատասխանելու իրավունքը տալիս է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետ Հովհաննես Մարտիրոսյանին։

«Հիմնական խնդիրը  կենցաղային թափոններն են, որոնք համայնքի բնակիչները լցնում են գետի ափին, շատ դեպքերում՝ գետի մեջ, այսինքն՝ խոսքը ձեր համայնքի բնակիչների վարքագծի մասին է, էստեղ դուք էլ բան ունեք անելու՝ որպես էդ համայնքի բնակիչ,  այսինքն՝ դուք էլ՝ որպես ապագա ընտրողներ, առաջիկայում ձեր համայնքում ընտրություններ կլինի,  կարծում եմ առաջնահերթություն կտաք էն քաղաքական ուժին, որն էդ խնդրի լուծումը կառաջարկի»։

Ղուկասավանի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանցիներն էլ Հրազադան գետում են փորձարկումներ արել։ Պարզել են՝ աղտոտվածության հետևանքով վնասվել  է  գետի կենսաբազմազանությունը։ Գյուղի մեծահասակիներն էլ պատմել են՝ 1970-ականներին գետը լի էր կենդանիներով։  Նախարարից հետաքրքրվում են․

 «Հարգարժան նախարար, մենք կարո՞ղ ենք ունենալ այն մաքուր ու լի կենսաբազմազանությամբ Հրազդանը, որն ունեցել ենք նախկինում»։

Սիմիդյանը խոստովանում է՝ փորձում է պոզիտիվ պատասխաններ տալ, բայց երիտասարդների բարձրացրած հարցերը լուրջ են, ունեն ռիսկեր և լուծման լուրջ ջանքեր են պահանջում։

«Գործընկերներիս կոչ եմ անում եմ արձանագրումներ անել, հաջորդ գործակարգավարական նիստին խոսենք և հստակ հանձնարարականներով լուծումներ գտնենք»։ 

Հանդիպման առիթը Ջրի միջազգային օրն է։ Նախարարությունը ներկայացնում է ջրային ոլորտի խնդիրները, առաջիկա անելիքները։ Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը մանրամասնում է՝ ամենատարծվածը ապօրինի ջրօգտագործման խնդիրն է, նաև մոնիթորինգի խնդիր ունենք․

«Փորձում ենք կառավարման մեխանիզմներ կիրառել, որպեսզի նախ նրանց բերենք օրինական դաշտ, ապօրինի ջրօգտագործումներ չունենանք, դա ավելի կարգավորելի է, կառավարելի  պետության կողմից, և մենք փորձում  ենք թե կլիմայի փոփոխությունը հաշվի առնել, թե մոնտիորինգը հզորացնել, որովհետև եթե տվյալներ չունենք, չենք կարող ինչ-որ կառավարում իրականացնել դա հիմնական մեխն է։ Փորձում ենք շատ տվյալներ ունենալ, եթե ինչ-որ բան բյուջեով չի ստացվում, ներգրավել միջազգային կազմակերպությունններին, ունենք ջրավազանների կառավարման 6 պլան»։

Բնության խնդիրներով ավելի շատ հետաքրքրված են մարզերի երիտասարդները՝ շեշտում են կազմակերպիչները։ Դեռ երկու ամիս առաջ հայտարարված Ջրային խնդիրների մասին ինֆոգրաֆիկաների պատրաստման մրցույթի հաղթողները, որոնք նաև հարցեր ուղղեցին Սիմիդյանին, մարզերից են։ Պատճառը, ըստ «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիանա Մարգարյանի, անմիջական շփումն է բնության, ջրային ռեսուրսների հետ․

«Անցյալ տարի հանրային մոնիտորինգի արշավ ենք կազմակերպել, և 150 աշակերտն մասնակցել է այդ արշավին, իրենց տարածքից վերցրել ջրի նմուշներ։ Հետո տվյալները մեկ ընդհանուր քարտեզի ձևով բաց տեղադրել ենք, կիսվել նախարարության հետ։ Երեխաները նաև մոնիտորինգի կենտրոն էին այցելել, որ տեսնեն, թե մասնագիտական կառույցն ինչպես է այդ չափումները անում»։

Ոլորտի պատասխանատուները ներկայացրին  նաև նախորդ տարվա աշխատանքի արդյունքները։ Վերահսկողական աշխատանքների արդյունքում՝ 37 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են Ջրային օրենսգրքի նորմերի խախտման դեպքեր, որոնց համար ընդհանուր  նշանակվել է 9 մլն 900 հազար դրամի չափով վարչական տուգանք ։  Ապօրինի ջրառ իրականացնելու հետևանքով գործունեությունը կասեցնելու 21 որոշում է կայացվել։ Միջառման ավարտին երտասարդները ցուցադրեցին «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության արդի լուծումներ» թեմայով  իրենց պատրաստած թեմատիկ խաղերը, գործիքները, փոքր լաբորատորիաների նմուշները։

Կարդացեք նաև

Back to top button