
Մեծ իրադարձության նախօրեին բնորոշ ակտիվությամբ ՊԵԿ-ը կազմակերպում է վերջին տեխնիկական աշխատանքները՝ երկար քննարկված ու թունդ քննադատված՝ ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգը հասարակությանը ներկայացնելու համար։ Խոստանում են՝ մինչև մարտի վերջը հասանելի կլինի համակարգի web տարբերակը, որով այս փուլում իրենց եկամուտները հայտարարգրելու պարտավորություն ունեցող քաղաքացիները կպատմեն պետությանը իրենց եկամուտների մասին։ Դա անելու համար նրանց մինչև մայիսի 1-ը ժամանակ կտրվի։
«Համատարած հայտարարգրման համակարգի շրջանակում ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել ամբողջովին նոր համակարգ՝ միայն ֆիզիկական անձանց համար։ Համակարգի ներդրման պատասխանուն ՊԵԿ-ն է, բայց պետք է համագործակցել «Ես եմ» հարթակի հետ, որովհետև ՀՀ–ում հիմա անձանց նույնականացումն իրականացվում է «Ես եմ» համակարգի միջոցով, և հայտարարագրման համակարգի մուտքը նույնպես իրականացվելու է այդ համակարգ միջոցով»,- մանրամասնում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը։
Քաղաքացիներին համակարգ մուտք գործելու երկու տարբերակ է առաջարկվելու։ Առաջինը նույնականացման քարտով է, որը պարտադիր պետք է չիպ ունենա։ Այս տարբերակն ընտրելու դեպքում անձը պետք է նաև ID քարտը կարդացող սարք ունենա։ Երկրորդ տարբերակն ընտրելու դեպքում անձը պետք է նույնականացման քարտով ներկայանա ցանկացած բջջային օպերատորի, ստանա SIM քարտ, և դրանով մուտք գործի համակարգ։
«Մինչև համակարգի գործարկելը հորդորում ենք մեր բոլոր քաղաքացիներին անցնեն անձի նույնականացում։ Համակարգում, բացի նույնականացումից, կիրառվում է էլեկտրոնային ստորագրություն և էլեկտրոնային ստորագրության համար անհրաժեշտ է, որ պետք է ID քարտից բացի նաև վճարել սպասարկման գումարը, որ էլեկտրոնային ստորագրությունը ակտիվանա»։

Ավելի ուշ համակարգն ունենալու է նաև հեռախոսային հավելված։ ՊԵԿ ներկայացուցիչները վստահեցնում են՝ տվյալները լրացնելը դժվար չի լինելու, հիմանկան ինֆորմացիան արդեն նախալրացված է լինելու համակարգում։ Քաղաքացին լրացնելու է միայն այն եկամուտները, որոնց հարկումը գործատուի կողմից չի կազմակերպվում։
Իսկ ովքե՞ր են այն քաղաքացիները, որոնք այս գործողությունները մինչև մայիսի մեկն անելու պարտավորություն ունեն։ ՊԵԿ վարչարարության մեթեդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Աշոտ Սեմերջյանն է պատասխանում․
«2023-ի համար այդպիսի պարտավորություն են կրում այն ֆիզիկական անձինք, որոնք 2023-ի դեկտեմբրի 31-ի դրությամբ զբաղեցնում են կամ զբաղեցրել են պետական ծառայություն, համայնքային ծառայություն և հանրային ծառայություն, այսինքն՝ պետական պաշտոններ։ Նաև այն քաղաքացիները, որոնք հանդիսացել են կամ հանդիսանում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու, նաև ովքեր հանդիսացել են ՀՀ ռեզիդենտ այն կազմակերպությունների մասնակիցներ, որոնք 2022-ի արդյունքներով հայտարարագրել են մեկ միլիարդ և ավելի համախառն եկամուտ։ Այն ֆիզիկական անձինք, ովքեր 23-ի ընթացքում ստացել են 20 միլիարդ և ավելի փոխառություններ»։
Հաջորդ տարի այս ցանկին միանալու են բոլոր վարձու աշխատողները, իսկ հաջորդիվ արդեն բոլոր քաղաքացիները՝ անկախ աշխատանքային կարգավիճակից։ Խոսքը նաև թոշակառուներին է վերաբերում։ Անչափահասներից բացի, մյուս բացառության մասին Աշոտ Սեմերջյանն է նշում․
«Բացառություն են կազմում այն անձինք, որոնց տվյալենրը համարվում են սահամանափակ օգտագործման՝ գաղտնի տվյալներ, և նրանք այդ գաղտնի տվյալների մասով կարող են հայտարարագիր չներկայացնել։ Ուժային կառույցների ծառայողները՝ ՆԳՆ, ԱԱԾ, ՊՆ»։
Այս տարի ՊԵԿ-ում մոտ 120 հազար մարդու տվյալների են սպասում։ Ժամկետները խախտելու դեպքում քաղաքացին նախազգուշացվելու է, ապա՝ ենթարկվելու է վարչական տույժի։




