
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը առաջին անգամ դատարանում ցուցմունք է տվել։ Ողբերգական դեպքից մեկ տարի է անցել։ Դատարական նիստերն անցնում են լարված մթնոլորտում։ Առայսօր հայտնի չէ՝ ինչ է իրականում տեղի ունեցել հրդեհված կացարանում, ովքեր են մեղավորները։
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով 4-րդ դատական նիստը տեղի ունեցավ։ Այս նիստին ևս հարցաքննվեց 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով տուժող վկա Լևոն Խառատյանը։ Նա ողջ մնացած զինծառայողներից մեկն է: Խառատյանի հացեր ուղղեցին այս գործով գլխավոր մեղդրյալ Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ու նիստը նախագահող դատավոր Վարդան Հարությունյանը։ Խառատյանը պարբերաբար նշեց, որ ողբերգական դեպքից մանրամասներ չի հիշում, քանի որ ծանր վնասվածքներ էր ստացել ու մի շարք վիրահատություններ տարել։ Որոշ հարցերի դեպքում էլ հարցաքննվողը կցկտուր պատասխաններ տվեց։
«Որքանով, որ հիշում եմ՝ երբ ներս եմ մտել, հրդեհն արդեն կար։ Կրակը հիմնականում ննջարանի մուտքի դիմաց էր, կոնկրետ չեմ հիշում։ Որևէ ձայներ, կամ գոռոցներ չեմ հիշում։ Երբ ներս մտա, Եղիշեին տեսա, բայց կոնկրետ չեմ հիշում՝ որ մասում էր»։
Ըստ հանրային մեղադրողի՝ Լևոն Խառատյանի՝ նախաքննության ընթացքում և դատարանում ներկայացված ցուցմունքների բովանդակության միջև էական հակասություններ կան։ Դատախազը միջնորդություն ներկայացրեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքները։
«Հանրային մեղադրողը էական բնույթի երկու հակասություններ է տեսել։ Առաջինը պայմանավորված է հրդեհի պահին կացարան մուտք գործելիս կոնկրետ բուշլաթը միջացքից, թե զինանոցից վերցնելու հանգամանքի հետ։ Եկրորդ հակասությունը կապված է դեպքից անմիջապես հետո տուժողի՝ տվյալ վարույթի այս մասնակիցների հետ շփվելու և տեպքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ»։
Դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը, որից հետո հրապարակվեցին Լևոն Խառատյանի նախաքննական վկայությունները։
Առաջին անգամ դատարանում ցուցմունք տալու պատրաստակամություն հայնտեց այս գործով գլխավոր մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, որն, ըստ պաշտոնական վարկածի, փորձել էր բենզինով թեժացնել վառարանը։ Եղիշե Հակոբյանը նախ պատմեց՝ ինչպես առաջացավ կրակը։
«Երբ շիշը արդեն ձեռքիս էր ու ուզում էի վառարանը վառել, Լևոնն այդ պահին ներս է մտել։ Հետո բոցը տվեց դեմքիս, ու շիշը ձեռքիցս ընկավ։ Երբ շիշը շպրտել եմ դռան կողմը, կրակը սկսեց դեպի վերև բարձրանալ, ու դրսի դուռը սկսեց վառվել։ Այդ ժամակահատվածում Լևոնը 2 անգամ դուրս է եկել, միջանցքից բուշլաթ է բերել, որ կրակը հանգցնի։ Դրա համար ինքը ինձանից ավելի շատ վնասվածքներ է ստացել»։
Եղիշե հակոբյանն անդրադարձավ նաև զոհված զինծառայողների հետ իր փոխհարաբերություններին։ Նա նշեց, որ որևէ մեկի հետ տարաձայնություններ չի ունեցել։ Եղիշե Հակոբյանը խոստովանում է՝ հրդեհն իր մեղքով է առաջացել, բայց իրեն թվացել է, թե մյուսներին նույնպես հաջողվել է դուրս գալ հրդեհված կացարանից։
«Ես կրկին ասում եմ, որ հրդեհը իմ մեղքով, իմ սխալի պատճառով է առաջացել։ Բայց ես ու Լևոնը շատ ենք գոռացել, ասել, որ հրդեհ է սկսվել։ Ես, եթե իմանայի, որ տղաները չեն կարողացել լուսամուտներով դուրս գալ, ես էլ դուրս չէի գա։ Կրակը հանգցնելու ժամանակ ես դրսից եմ ձայներ լսել ու ինձ թվացել է, թե բոլորը դուրս են եկել, դրա համար ես էլ եմ դուրս եկել»։
Ազատի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքից արդեն մեկ տարի է անցել։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել հրդեհված կացարանում, ո՞վքեր են մեղավորները և ե՞րբ են պատասխնատվություն կրելու կատարվածի համար՝ հայտնի չէ։ Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։




