
Հայաստանի երաժշտական գունապատկերն ամբողջական չէր լինի, եթե, թեկուզ սակավաթիվ, բայց չգործեին ռոք խմբեր: Բազմիցս անդրադարձել ենք հայկական ռոք երաժշտության պատմությանը, ավագ սերնդի երաժիշտների գործունեությանը, սերնդափոխությունը նույնպես մեր հաղորդաշարի ուշադրության կենտրոնում է:
«Սևագիր» նորաստեղծ ռոք խումբն արդեն հասցրել է ձայնագրել և թողարկել առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է «Քամիներ» և այս պահին աշխատում է երկրորդ սկավառակի վրա: «Մենք ունենք որոշակի սկզբունքներ, այն է՝ կատարում ենք բացառապես հեղինակային ստեղծագործություններ, ինքնուրույն գործիքավորում այն և փորձում հաստատել սեփական ոճը սակավաթիվ միջոցներով: Խմբում գործում են երեք երաժիշտ՝ կիթառահար և երգիչ Էմ Կալմուխյանը, բասկիթառահար Սահակ Ղազարյանը և հարվածային գործիքների կատարող Կորյուն Բոբիկյանը: Բոլոր երգերի խոսքերի և երաժշտության հեղինակը Էմ Կալմուխյանն է: Խումբը ձևավորվել է 2023-ի գարնանը»,-ասում է խմբի բասկիթառահար Սահակ Ղազարյանը: «Եթե փորձենք բնորոշել երաժշտական ոճը և ուղղվածությունը, այն ավելի մոտ է պրոգրեսիվ սիմֆոռոքին: Համենայնդեպս մենք ձգտում ենք այդ երաժշտական ձևաչափին, ինչի պատճառով մեր ստեղծագործությունների ստուդիական հնչողությունը տարբերվում է համերգայինից, որովհետև ստուդիայում մենք լրացնում ենք հնչյունային պատկերը, համակարգչային, սեմպլերային տեխնոլոգիաների շնորհիվ»,- շարունակում է խմբի թմբկահար Կորյուն Բոբիկյանը:
Մեր զրույցի ընթացքում նաև անդրադարձանք երիտասարդ և նորաստեղծ ռոք խմբերի արդյունավետ գործունեության և դրանց ճանաչելիության բազմաթիվ խնդիրներին, որոնցից առավել կարևորը և խնդրահարույցը բեմական հարթակների բացակայությունն է մայրաքաղաքում և մարզերում: Հեռուստատեսությունների և ռադիոկայանների գեղագիտական սանդղակը չի էլ ենթադրում ռոք երաժշտության առկայությունը եթերներում, քանի որ հանրային ճաշակի դրսևորումները սահմանափակվում են հիմնականում հայրենական պոպ և ռաբիս ենթամշակութային տարատեսակներով: Նման իրավիճակում միայն ներքին մղումով է պայմանավորված ռոք երաժշտությամբ զբաղվելը, քանի որ որևէ ակնկալիք, որ այն կստեղծի որոշակի նյութական ապահովություն, չի ենթադրվում: Այդ առումով Հայաստանի ռոք երաժիշտները բառիս բուն իմաստով ազատ են և ինքնազբաղ:
Գոյություն ունեցող մի քանի հարթակները հիմնականում փոքր ակումբներ են: Բնականաբար չեն կարող ապահովել լայն ճանաչելիություն, քանի որ այնտեղ ներկա են գտնվում 30-40 հոգի և այդ քանակով էլ սահմանափակվում է ռոք խմբերի երկրպագուների քանակը: Այս իրավիճակում յուրաքանչյուր ստեղծագործական ինքնադրսևորում արժևորման և խրախուսման կարիք ունի, քանի որ ի տարբերություն հանրամատչելի, ժամանցային տեսակների, ռոք երաժշտությունը բնութագրվում է բովանդակային ուղերձով և գեղագիտական հատկանիշներով:




