
2017-ին Լիլիթ Վարդումյանը Մատենադարանում մանրանկարչության առաջին խմբակն է բացում։ Այսօր այն վերածվել է «Ծաղկելու արվեստը» ստուդիայի։ Գործում է երեք խումբ՝ երեխաների, պատանիների և մեծահասակների համար։ Ամենափոքր մասնակիցը 6 տարեկան է, ամենամեծը՝ 74։ Միջնադարյան մանրանկարչության տեխնիկան յուրացնելուց հետո սկսվում է ստեղծագործական փուլը։ Աշակերտներն ուսումնասիրում են արվեստի տարբեր ուղղություններ, ընտրում դրանցից մեկն ու համադրում մանրանկարչության հետ։ Օրինակ՝ Թորոս Ռոսլինի գունային գամման կիրառվել է «Խորհրդավոր ընթրիքը» ֆուտուրիզմի միջոցով ներկայացնելու համար։ Ստուդիայի սաները նաև թվային մանրանկարչություն են սովորում։ Վերջինը համակարգչային ծրագրերի միջոցով բուն մանրանկարչության վերարտադրումն է։
Սկզբում գիծն է։ Հետո գծանկարը տեղը զիջում է երանգներին։ Մանրանկարիչը փնտրում է պատկերագրության իր տեսակը։
«Այդ օրը հրաշալի հիշում եմ , որովհետև մայրիկիս հետ մտանք գրախանութ, մայրս իր մասնագիտական գրքերով էր զբաղված, ինձ էլ ասաց՝ մի գիրք ընտրի քեզ համար, կգնեմ, և ես մոտեցա գրախանութի հենց առաջին փեղկին, և այնտեղ շատ գեղեցիկ ցուցադրված էր Հրավարտ Հակոբյանի «Արցախ-Ուտիքի մանրանկարչությունը» գիրքը»։
Ամենը սկսվեց այս գրքից։ 12 տարեկանում Լիլիթ Վարդումյանն առաջին անգամ ձեռքը վերցրեց մանրանկարչության գիրքը։ Պատկերազարդ էջերը նոր աշխարհ բացեցին։ Այսօր արդեն այդ աշխարհն ինքն է բացում աշակերտների առջև։
«Գրավեց ինձ շատ-շատ, սկսեցի թերթել, մայրս իր գործերը վերջացրեց, իր գրքերն ընտրեց, ասաց՝ դե ինչ ընտրեցի՞ր, մի գիրք էլ քեզ համար վերցնենք, ասացի՝ ես սա եմ ուզում, զարմացավ ճիշտն ասած, ասաց՝ իսկապե՞ս։ Ասացի՝ այո, հենց սա եմ ուզում։ Շատ շնորհակալ եմ մայրիկին, որովհետև գնեց այդ գիրքն ինձ համար և դա դարձավ մանրանկարչության մասին իմ առաջին գիրքը։ Մինչ օրս ամենաշատ թերթվող գրեքերից մեկն է ինձ համար»։

Լիլիթ Վարդումյանը
Միջնադար։ Գրչության կենտրոնում եղեգնյա ղալամը ձեռքին՝ գրիչը, հայացքը կենտրոնացրել է հորթի կաշվի վրա։ Մտապատկերում ծնվող գիրքն է։ Ժամն է․ հիմա կգան ծաղկողը, կաշեգործը, կազմարարն ու արծաթագործը։ Կսկսվի գիրք ստեղծելու ծիսակարգը։
21-րդ դար։ Մատենադարանում 12 պատանի ծաղկող ու 15 թվային մանրանկարիչ ակտիվ քննարկում են։Որոշում ենգրքի բովանդակությունը, չափը, ֆորմատը, ծավալը և դիզայնը։ 15 ամիս անց ծնվում է Ներսես Շնորհալու հանելուկների ժողովածուն։
«Ես թվայնացրել եմ նկարները, օրինակ, այս հանելուկը՝ Ուր բուրաստան ու պարտեզ, Ուր ծաղիկներ կանաչ սեզ, Թռչում է նա օրնիբուն, Պոչը գույն-գույն, ինքը՝ հեզ։ Պատասխանը սիրամարգն էր, ես Աստղիկի աշխատանքն եմ վերարտադրել»։
Թվային մանրանկարչությունը համակարգչային ծրագրերի միջոցով բուն մանրանկարչության վերարտադրումն է։ Թվայնացնելն ավելի հեշտ է, իսկական մանրանկարչությունն՝ ավելի հետաքրքիր՝ նկատում է Էդուարդ Թամամյանը։

Էդուարդ Թամամյանը
Միջնադարյան մանրանկարչություն ու ֆուտուրիզմ․ ժամանակների մեջ միմյանց չհանդիպած ուղղությունները, 21-րդ դարում Մատենադարանի ստուդիայում են համադրվում։ «Խորհրդավոր ընթրիքը»՝ Թորոս Ռոսլինի գունային գամմայի ու ֆուտուրիզմի միջոցով։ Նկարի հեղինակը, միջնադարում կասեին Ծաղկողը, Կարինա Ասլանյանն է։
«Քրիստոսն է նստած սեղանի շուրջ ։ Հուդան է, մանրանկարչությունում Հուդային միշտ կիսադեմով էին պատկերում, որը վերցնում է իր պատառ հացը, ու նրա աշակերտներն են»։
Նկարչուհի դառնալըՄարինե Կոստիկյանի մանկության երազանքն էր։ Սակայն կյանքն այլ ընթացք ունեցավ։ Երազանքին մոտենալ հաջողվեց 2021-ին, երբ դարձավ ստուդիայի սաներից մեկը։ Մեկ անգամ նկարելով չէր բավարարվում․ ուզում էր հաշտ լինել կերպարների հետ, որ իրենից «չնեղանան»․
«Այս կերպարի համար շատ էի անհանգստանում, այնքան պատասխանատու էր, որ նկարեի։ Հիսուսի պատկերի համար շատ աղոթեցի, որ ստացվի։ Աղոթքով եմ նկարել»։

Անահիտ Գրիգորյանը
Գրաֆիկ դիզայներ Անահիտ Գրիգորյանն առաջին անգամ է ստուդիայում։ Նրան այստեղ է բերել տատիկի պատմությունը։ 82 տարեկանում Գրետա տատիկը սկսել է նկարել, ապա՝ վաճառել իր նկարները։ Փոխվել է նրա կենսակերպը, սկսել է ապրել ոչ միայն թոռների, այլև իր համար։ Անահիտ Գրիգորյան․
«Ես ոչ թե նախանձեցի, այլ ավելի շատ ուրախացնում էր այդ փաստը։ Առողջական խնդիրները բավականին կարգավորվեցին, քանի որ իր համար կոնկրետ աչքի տեսողությունը շատ կարևոր է, որ անպայման այդ գույները տարբերակի, տեսնի, որովհետև տեսողությունն իրեն պետք է, որ շարունակի նկարել»։
Վաղուց, շատ վաղուց մի պատանի էր ապրում, որն անընդհատ պահանջներ էր ներկայացնում մայրիկին։ Մի օր մայրը բարկանում է, թե ինչ է լինում իննամյա Մերի Հայրապետյանի նկարն է պատմում․
«Մայրն արդեն հոգնել էր և խմորեղեն պատրաստելուց, երբ պատանին նորից պահանջում էր, նա խմորեղենը գցեց պատանու դեմքին և պատանին թռավ վեր։ Այդպես նա դարձավ Լուսին և դեմքին խմորեղենի հետքեր մնացին»։

Վիկտորիա Պողոսյանը
Սա 9 ամյա Վիկտորիա Պողոսյանի երկրորդ այցն է Մատենադարան, սակայն արդեն հստակ որոշում է կայացրել։
«Առաջին անգամ, որ եկա Մատենադարան, արդեն ուզում եմ էստեղ լիքը տարիներ մնալ , դրանից հետո աշխատեմ այստեղ»։
Մանրանկարչության «ստաժավոր» մասնագետներն այստեղ պատանիներ են։ Խմբի ղեկավարը նրանց առանց վարանման «ամենակարողների» խումբ է անվանում։ Իսկ մեծահասակներինը ոչ թե խումբ է, այլ խմբավորում՝ կատակում է Լիլիթ Վարդումյանը։

Մերի Հայրապետյանը
Ստուդիայի նկարներում շարժումը կանգնել է, սակայն կերպարները հաղորդակցվում են հայացքով։ Նոր հայացքով՝ ավանդական թեմաներին։




