ԿարևորՔաղաքական

Խաղաղության գործընթացի լավ և վատ լուրերը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր վաղ առավոտվանից  մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը․ այն առաջին անգամ է կայանում Հայաստանում: Համաժողովն ընթանում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Ուշագրավ է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն մասնակցում նստաշրջանին։ Համաժողովը բավականին ներկայացուցչական է, ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու նպատակով  Հայաստան են ժամանել կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: Քննարկման առանցքում Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցերն են: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն մինչը նոյեմբերի 20–ը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի անցկացումը Երևանում, ընդգծեց, որ այն տեղի է ունենում չափազանց բարդ ժամանակաշրջանում, երբ վերջին տասնամյակներում գոյություն ունեցած համաշխարհային կարգը ճաքեր է տալիս՝ քայքայման հավաստի նախանշաններ ցույց տալով:

Վարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ Աֆղանստանի, Ուկրաինայի, Գազայի ճգնաժամերից, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո աշխարհը նույնը չի լինելու։

Երեկ չկարողացանք ամբարտակներ կառուցել հեղեղները կանխելու համար, այսօր պետք է կառուցենք այդ ամբարտակները՝ վաղվա հեղեղները հանդարտեցնելու նպատակով՝ նշեց ՀՀ վարչապետը՝ տեղեկացնելով ԵԱՀԿ ԽՎ 300 պատվիարակներին աշխարհի  57 երկրից,  որ Հայաստան-Ադրբեջան «խաղաղ գործընթացում»  կան լավ և վատ լուերեր։ Լավն այն է, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ կայացած հանդիպմուների ժամանակ։

«Այդ համաձայնություններն արձանագրված են եռակողմ հանդիպումների արդյունքներով՝ Շառլ Միշելի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարությունների մեջ: Խաղաղության առաջին սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր: Առաջին սկզբունքը կոնկրետացնելու համար է երկրորդ սկզբունքը, որը հետևյալն է. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է:»։

Ըստ արդմ՝ ԽՄ հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Այս հենքի վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն  ԽՄ ԶՈՒ ԳՇ 1974-1990 թթ-ի քարտեզները՝ հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը։

«Նաև կա ըմբռնմում, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պատրաստ են ստանձնել իրավական պրտավորություն ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ։ Ահա նաև այս ըմբռնումն է պատճառը, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ ԽՄ ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ, անկլավների հարցերը»։

Վարչապետը նկատեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենը, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո:

Վարչապետը կարևոր է համարում նաև այն սկզբունքը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքի հիմա վրա։

Վատ լուրն,  ըստ վարչապետի այն է, որ Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով և շատ հաճախ չեն հասկանում իրար։

«Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել արդեն համաձայնեցված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը։ Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմանյանն էլ, խոսելով սեպտեմբերի 19-ին Արցախի  դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների մասին, նշեց, որ ինքն ու իր գործընկերներն այդ մասին  ահազանգել են միջազգային հանրությանը։

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի Վանկուվերի հռչակագրում դուք, հարգելի՛ գործընկերներ, շատ հստակ եւ աներկբա ամրագրել էիք ձեր դիրքորոշումը, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, սակայն հռչակագրի ընդունումից հետո տարածաշրջանում անվտանգային իրավիճակը վատթարացել է:

Այս տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման եւ էթնիկ զտումների հետեւանքով մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100.000 հայ ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղը: Ես և իմ մի շարք գործընկերներ երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո: Սակայն միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, եւ մենք ունենք այն, ինչ ունենք այսօր»։

Մինչև նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման նշեց, թե տպավորություն ունի, որ Ադրբեջանն արդեն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների։ 

«Մինչև այստեղ ՝ Հայաստան գալը, ես հնարավորություն ունեցա երկու օրով այցելել Ադրբեջան, և ինձ մոտ տպավորություն էր, որ նրանք արդեն պատրաստ են խաղաղ բանակցությունների։ Համենայն դեպս, դա այն ուղերձն է, որը նրանք ցանկանում են փոխանցել: Եվ, իհարկե, ես ուզում եմ հավատալ վերջնական համաձայնության հասնելու հնարավորությանը։ Հուսով եմ ՝ այն արդեն տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում»։

ԵԱՀԿ-ն կոչ է անում երկու կողմերին շարունակել բանակցությունները և փնտրել նոր հնարավորություններ, որտեղ նրանք կարող են համաձայնության գալ։

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Վեհաժողովի աշնանային նստաշրջանն առավելապես քննարկումների հարթակ է, փաստաթղթեր ու բանաձևեր չեն ընդունվում։

Նա դժվարացավ պատասխանել, թե ինչու նստաշրջանի աշխատանքներին Ռուսաստանը չի մասնակցում, պարզապես նշեց, որ  այդ մասին ՌԴ-ն նամակով տեղեկացրել է կառույցին։

«ՀԱՊԿ նիստը գործադիր է, որին վարչապետը չի մասնակցելու, իսկ սա խորհրդարանական է։ Եվ մյուս խորհրդարանական հարթակները որում Հայաստանը ներկայացված է, օրինակ ԱՊՀ ԽՎ, Հայաստանը ներկայացված է և մեր պատվիարակությունը մասնակցում էր Բիշկեքում ԱՊՀ ԽՎ աշխատանքներին։ Իսկապես չգիտեմ որն է պատճառը, որ ՌԴ  պատվիարակությունը չի եկել, որովհետև չեմ տեսնում պատճառներ դրա համար։ Եվ եթե հարկ համարեն, գուցե հետագայում որևէ պարզաբանում տան»։

Թուրքիայի ու Ադրբեջանի բացակայության առնչությամբ Խանդանյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Հայաստանում  Ադրբեջանի պատվիրակները մասնակցել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին և անվտանգության ապահովման առումով խնդիրներ չեն առաջացել։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը՝ նրանք մի քանի անգամ հարց են բարձրացրել տարբեր ձևաչափերով Հայաստանում իրենց անվտանգության հետ կապված։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին արձագանքել է, որ Ազգային ժողովը պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան։ Ինչ վերաբերվում է Թուրքիայի պատվիրակության չմասնակցելուն,  այդ մասով որևէ տեղեկություն չունենք»։

Խանդանյանը հիշեցնում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն արևմտյան հարթակ չէ, այն ներառում է Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ ընկած տարածքը  և աշխարհի տարածաշրջնային ամենամեծ կազմակերպությունն է։

Կարդացեք նաև

Back to top button