ԿարևորՔաղաքական

Ինչո՞ւ են սահմանային միջադեպերի մասին Ադրբեջանի կեղծ պնդումներն ավելի հաճախակի դարձել

Հայ-ադրբեջանական սահմանագծի այն հատվածը, որն առավել հանգիստ էր, հայտնվել է հակառակորդի ապատեղեկատվության թիրախում։  Վերջին շրջանում հրադադարը հայկական կողմից  խախտելու  մասին Ադրբեջանի կեղծ պնդումներն ավելի հաճախակի են դարձել։ Ռազմական փորձագետները կապ են տեսնում ապատեղեկատվության և ընթացող բանակցությունների միջև։ Դրանց ընթացքը և տեմպը, ամենայն հավանականությամբ, չի գոհացնում Բաքվին՝ ասում են։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը  երեք անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե հայկական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական  սահմանի արևելյան ուղղությամբ, վերջին 30 օրվա ընթացքում  նման տեղեկությունները շատ ավելի մեծ քանակով են եղել, դրանցից յուրաքանչյուրին հաջորդել է Հայաստանի ՊՆ-ի հերքումը։ Նման վերջին տեղեկությունը տարածվեց հուլիսի 14-ի գիշերը, դրան հաջորդեց  պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանի հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Ի՞նչու են հաճախացել  սահմանային ապատեղեկատվություն տարածելու Բաքվի փորձերը։ Ռազմական հարցերով փորձագետ Արեգ  Քոչինյանը երկու հավանական հանգամանք է տեսնում։

«Առաջինը՝ սա շանտաժ է Հայաստանին ուղղված, նաև ուժի գործադրման սպառնալիք կարելի է դիտարկել։ Բանակցություններն, ըստ էության, այն տեմպով չեն գնում, որը կխոստանար մոտալուտ կարգավորում, և Ադրբեջանը ուժի սպառնալիք է գործադրում՝ ստիպելու համար Հայաստանին գնալ այդ ուղղությամբ։ Եվ երկրորդ տարբերակն է՝ անկայունության օջախ պահպանել սահմանին ապագայում հնարավոր պատերազմը, այսպես ասած, ավելի մարսելի նորություն դարձնելու համար։   

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը տարածվող ապատեղեկատվության մեջ ուշադրություն է հրավիրում հատկապես տեղանքի վրա։ Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ իրավիճակը համեմատաբար  հանդարտ է եղել և այն, ինչ կատարվում է, նպատակադրված քաղաքականություն է՝ համոզված է փորձագետը։

«Խոսքը սահմանային այն հատվածի մասին է, որտեղ ավանդաբար  կրակոցներ չէր լինում, և այդտեղ հրադադարի ռեժիմի խախտման պատկերը գրեթե զրո էր։ Այս դեպքում մենք գործ ունենք նոր ռազմական քաղաքականության հետ, որը վարում է թշնամի պետությունը։ Այսինքն՝ նրանք փորձում են լեգիտիմացնել իրենց ռազմական գործողությունները, պատճառաբանելով, թե հայկական կողմն է առաջինը կրակ բացում։ Մյուս կողմից նրանք փորձ են կատարում  հնարավորինս ցույց տալ իրենց դիրքային առավելությունը այդ հատվածում, եթե ունեն, իհարկե, առավելություն եւ  դիվանագիտական ճանապարհներով տեղի ունեցող գործընթացների վրա այս կերպ ազդեցություն ունենան։ Խոսքը նախիջեւանյան հատվածի մասին է»։

ՄԽ-ի շրջանակում ընթացող գործընթացն այսօր, ըստ Արեգ Քոչինյանի, վերածվել է Արևմուտք-Ռուսաստան բանակցությունների։ Եթե Արևմուտքին, ավելի հստակ՝ Միացյալ Նահանգներին,  չհաջողվի Ռուսաստանին բերել բանակցային սեղանի շուրջ, ապա տարածաշրջանը կմնա ռուս-թուրքական ձևաչափի ներքո։ Սրա ապացույցներից մեկը «3+3» ձևաչափն ու դրա ներքո ընթացող  հանդիպումներն են։ Կարևորո՞ւմ է արդյոք ԱՄՆ-ն հարավկովկասյան տարածաշրջանն այնքան, որ շահագրգռված լինի Մոսկվային հրավիրել բանակցությունների․ այս հարցում Արեգ Քոչինյանը հստակ քայլեր է ակնկալում Վաշինգտոնից․

Եթե մենք մոտ ապագայում՝ 1-2 ամսում  տեսնենք ԱՄՆ-ի կողմից կոնկրետ գործողություններ, դիցուք՝  ԱՄՆ պետքարտուղարը հրավիրի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ներին ՄԽ-ի ձևաչափով քննարկումների՝ Վաշինգտոնում։ Այ սա կլինի ցուցիչ, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է մեր տարածաշրջանով, եթե չենք տեսնում նման բան, ուրեմն պետք է պատրաստվել, աշխատել և ապրել ռուս-թուրքական ձևաչափում»։

Ռազամական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Արևմուտքն ու  Ռուսաստանը հակված չեն սահմանների փոփոխության, սակայն Մոսկվան շահագրգռված է ապաշրջափակման և սահմանների բացման հարցում։

«Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական  սահմանի բացումը տեղավորվում է  Ռուսաստանի ազգային շահի տրամաբանության մեջ։ ՌԴ շրջանցում է տվյալ դեպքում Վրաստանին և կարողանում է Թուրքիայի միջոցով հաղորդակցություն ստանալ Հայաստան ու Ադրբեջան, սա է իր շահը։ Եվ կարողանում է այս տարածաշրջանում ամբողջությամբ տեղաշարժվել»։

Շատ փորձագետներ էլ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը վտանգավոր են համարում՝ գործընթացում լուրջ ռիսկեր տեսնելով։

Կարդացեք նաև

Back to top button