
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում կփորձեն Քովիդ-19-ի դեմ ակտիվ դեղանյութեր ստանալ։ Ծրագիրն իրականացվելու է միջազգային գիտատեխնիկական կենտրոնի 500 000 դոլար դրամաշնորհով։
Դրամաշնորհի ղեկավարը Ֆարմացիայի ինստիտուտի նախկին տնօրեն, այժմ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Աշոտ Սաղյանն է․
«Կան նախադրյալներ, որոնք հուշում են՝ ծրագրի ավարտին հակաբակտերային, հակավիրուսային դեղանյութերի ուղղությամբ լուրջ առաջարկություններ կներկայացնենք, մեր դեղագործական ընկերությունները հետագայում՝ կլինիկական, նախակլինիկական հետազոտություն իրականացնելուց հետո, կկարողանան անցնել դեղերի արտադրությանը»։
Ինստիտուտի՝ տարիներ շարունակ կատարված հետազոտությունները Սաղյանին թույլ են տալիս վստահեցնել, որ հայ մասնագետները կկարողանան ստեղծել հակավիրուսային, մասնավորապես, Քովիդ 19 վիրուսի շտամի ակտիվությունը ճնշող դեղանյութ․
«Դրամաշնորհը 3 ինստիտուտների միջև է բաշխված, ամեն ինստիտուտ ունի իր ֆունկցիաները, բայց գլխավոր կազմակերպությունը ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտն է,-Ֆարմացիայի ինստիտուտի գիտության և ներդրումային հարցերով փոխտնօրեն Աննա Մկրտչյան,-«Այստեղ իրականացվելու են կենսաբանորեն ակտիվ ամինաթթուների, պեպտիդների ստացում, այնուհետև կենսաբանական հետազոտություններ են իրականացվելու «Հայ կենսատեխնոլոգիայի ինստիտուտ»-ում, իսկ Վրաստանը՝ մեր գործընկերը, մեր ստացած ամինաթթուների և պեպտիդների հիման վրա ստանալու է նանոմասնիկներ և պոլիմերներ»։
Սա Հայաստանում քովիդին հակազդելու առաջին փորձը չէ․ «Լիկվոր» դեղագործական ձեռնարկությունն, օրինակ, արդեն արտադրում է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը։ Այն սկզբանական շրջանում կիրառելի կլինի որպես խթանիչ՝ 3-րդ դեղաչափ։ Լիկվորի տնօրեն Սերգեյ Մաթևոսյան․
«Վերամշակում ենք սուբստանցիան, որը ստանում ենք ռուսական արտադրական կողմից։ Այն անցնում է վերամշակման տեխնոլոգիական պրոցեսս, առաջնային, երկրորդային փաթեթավորում և սառնարանային ռեժիմի տակ պահպանում։ Մեր ընկերությունը 3 աշխատանքային օրում կարող է Հայաստանի 1 տարվա պահանջարկն ապահովել»։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատվաստանյութը ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում կիրառելու հնարավորություն և անհրաժեշտություն է տեսնում։ Ասում է՝ արտահանման պայմանագրեր դեռ չկան, բայց քննարկումներն ընթանում են․
«Բնականաբար գործընթացը սկսելիս նկատի ենք ունեցել նաև արտահանման հնարավորությունները, որը կբազմապատկի արտադրանքի ծավալները, քանի որ ՀՀ շուկան ինքնին բավական փոքր է սպառման անհրաժեշտ ծավալն ապահովելու համար։ Հիմա արդեն Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ բանակցություններ են ընթանում, նաև քննարկվում է որոշ Աֆրիկյան երկրների հետ»։

Դեղարտադրության ի՞նչ ներուժ ունի Հայաստանը․ ԳԱԱ նախագահն այս ոլորտի զարգացումների մասին ոգևորությամբ խոսել չի կարող։ Նշում է՝ խորհրդային տարիներին հզոր դեղարտադրություն ունեինք, բայց տարիները փոխել են պատկերը։
«Սովետական միության վերջին տարիներին մենք ունեին 2-3 հզոր գործարան, որոնք, որպես այդպիսին, այլևս չկան։ Այն ժամանակ՝ 90-ականների վերջին, մենք մի շարք կարևոր նյութեր էինք արտադրում՝ ամինաթթուներ, որոնց հիման վրա պատրաստվում է պոլիամին դեղապատրաստուկը։ Դա արյան արհեստական փոխարինող է, դա ռազմական նշանակության աշխատանք էր․ պատերազմի դաշտում, վիրավորին առաջին օգնություն ցույց տալու, արյան կարգը չորոշելու, համապատասխան արյուն չփնտրելու համար միանգամից տալիս են արհեստական արյուն»։
Արյան արհեստական փոխարինիչ պատրաստելու համար օգտագործվել է 13 ամինաթթու։ Բոլորի արտադրությունը կազմակերպված էր, անցել էին կլինիկական անհրաժեշտ հետազոտությունները, բայց գործընթացն այժմ դադարել է։ Երկրի գլխավոր գիտական կառույցի ղեկավարը, որպես համեմատություն, նկատում է․
«Այսօր մեր դեղագործության իրական պատկերը հետևյալն է՝ դեղեր են արտադրում դրսից ներմուծված բաղադրիչների հենքի վրա։ Նկատի ունեմ սպիտակուցային ամինաթթուները, որոնց հենքի վրա կառուցվում են տարբեր տեսակի դեղեր, և դրանք այսօր չկան, մերոնք գնում են Պարսկաստանից կամ Չինաստանից»։
Հայաստանում 2019 թվականից գործում է Դեղ արտադրողների միությունը, որը դեղագործական ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացող։ Միության տվյալներով՝ 2011-2020 թթ Հայաստանում դեղերի արտադրությունը գրանցել է 184 տոկոս, իսկ արտահանումը՝ 215 տոկոս աճ։ Հայաստանում արտադրված դեղորայքային միջոցների 50 տոկոսից ավելին արտահանվում է ԱՊՀ երկրներ։ Հայաստանի Դեղ արտադրողների միության ղեկավարը հրաժարվեց պարզաբանել այս տվյալների և ԳԱԱ նախագահի դիտարկումները տարբերությունները։




