
Գրականության դասագրքեր՝ նորարարական լուծումներով․ 7-րդ դասարանի գրականության այս դասագիրքը նման չէ նախորդներին, այս դասագրքին զուգահեռ՝ աշակերտի երկրորդ լավագույն ընկերը սմարթֆոնն է,-ասում է գրքի համահեղինակ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը․
«Մեր նպատակն էր ի սկզբանե այնպիսի նորարական դասագիրք ստեղծել, որը կներառի տեխնոլոգիական հնարավորությունները, և վերարժևորենք այդ հնարավորությունները, օրինակ, հենց սմարթֆոնի դերը։ Բոլորը կարծում են, որ այն խանգարում է աշակերտին, իսկ մեր նոր փորձարարական դասագրքի պարագայում սմարթֆոնը աշակերտի լավագույն ընկերն է»,-ասում է Արքմենիկ Նիկողոսյանը։
Գրականության և ևս 5 առարկայի դասագրքեր հրատարակվել են, յուրաքաչյուրը՝ 700 օրինակով։ Գաղափարը «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու» հիմնադրամինն է։ Դեռ մեկ տարի առաջ այստեղ ձևավորվել էր ուսուցիչների, մեթոդիստների, գործին առնչվող այլ մասնագետների համախմբող հարթակ, որտեղ քննարկվող կարևոր հարցը ՏՏ լուծմամբ դասագրքերի ստեղծումն էր։ Գրականության նոր դասագրքի համահեղինակը մանկավարժ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանն է․
«Որպես ուսուցիչ, մեթոդական առումով գրքում ներդրել եմ այն, ինչ ինքս փորձել եմ աշակերտների հետ։ Գրականության նոր դասագրքում մեխնիկական որևէ բան չկա, այսինքն, անգամ հարցերը կազմված են տրամաբանության վրա, ոչ թե, օրինակ, ի՞նչ է այս հերոսի անունը, քանի՛ տող ունի այս բանաստեղծությունը, ո՞ր թվականին է գրվել։ Նույնիսկ գրողի կենսագրությունը, որը ամենաձանձրալի թեման է եղել, այլ ոճով ենք գրել և տրամաբանական այլ շեշտադրումներ ենք արել»,-ասում է Արսեն Վարդանյանը։
Դեռ մեկ տարի առաջ փորձնական դասագրքի էլեկտրոնային տարբերակներն ուղարկվել են Հայաստանի բոլոր դպրոցներ, ուսուցիչները ուսումնասիրել են դրանք և կարծիքներ թողել։ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ ստացել են 112 կարծիք՝ դրական ու բացասական արձագանքներով, որոնք հեղինակները հաշվի են առել գիրքը հրատարակելիս․
«Բազմաթիվ դիտողություններ ենք ստացել, օրինակ, առաջադրանքների մասով։ Շատերը պնդում էին, որ տեսական հատվածը գրքում ավելի հասրտացնալու կարիք ունի, և մենք բոլորը հաշվի ենք առել»,-ասում է Արքմենիկ Նիկողոսյանը։

ՏՏ լուծմամբ դասագրքի յուրաքանչյուր էջին կան QR կոդեր, որոնք ուղղորդում են աշակերտին դեպի համապատասխան կայք, նյութ, կամ հղում, սա նաև աշակերտին զտված ինֆորմացիա տալու հնարավորություն է։ Արսեն Վարդանյան․
«Երեխան անմիջապես QR կոդի միջոցով կարող է լսել պատմվածքը կամ բանաստեղծությունը, համապատասխան երաժշտություն լսել տվյալ ստեղծագործության հիման վրա, թեմայի հետ կապ ունեցող ֆիլմեր դիտել, չէ՞ որ մեր կյանքը արագացել է, և կրթությունն է չպիտի հետ մնա»,-ասում է Արսեն Վարդանյանը։
Ժամանակակից՝ ՏՏ դասագրքերի հեղինակներն ասում են՝ մշակել են հատուկ ռազմավարություն՝ բանաստեղծության և պատմվածքի ընթերցանության ու քննարկումների համար, որպեսզի գրականության ուսումնասիրությունը չսահմանափակվի միայն ճանաչողությամբ։ Դասագիրքը եռաստիճան է՝ նախատեսված բարձր և միջին ունակությունների տեր երեխաների, անգամ գրականություն չսիրողների համար։ Դասագրքերի մի մասը այսօր կիրառվում է Վայոց ձորի և Տավուշի դպրոցներում, մյուս մասը հասանելի է Դասագրքեր շրջանառու հիմնադրամի էջում։ Դասագիրքը կազմված է գրականության հին չափորոշիչներով, նոր չափորոշիչները կրթական համակարգ կմտնեն հաջորդ տարվանից։ Զրուցակիցներս չեն բացառում, որ եթե դասագրքերի մրցույթ հայտարարվի, ՏՏ լուծմամբ գրականության փորձարարական դասագիրքը ևս մասնակցի դրան ու հաղթի։




