
Մինչ Հայաստանը թույլատրում է իր օդային տարածքով թուրքական ինքնաթիռների թռիչքները, անգամ եթե դրանք Ադրբեջան են ուղղվում, նույն ընթացքում Թուրքիան մերժում է հայկական գրանցմամբ բոլոր օդանավերի հայտերը՝ թռիչքներն իրականացնելու իր երկնքով։ Թուրքիայի կողմից արգելքը գործում է արդեն մեկ տարի։ Ինչո՞ւ է ստեղծվել այս անհամաչափ վիճակը, եւ ի՞նչ երկակի խաղ է խաղում Թուրքիան այս առումով։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Ռադիոլուր»-ին պարզաբանել են՝ թուրքական կողմը որեւէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու է արգելում, մինչդեռ փորձագիտական դաշտում պնդում են, որ Թուրքիան հայկական օդանավերի համար փակել է օդային տարածքը՝ ընդունելով Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության աուդիտի տվյալները։
Ինչո՞ւ է Թուրքիան արգելում հայկական օդանավերի մուտքն իր օդային տարածք, եթե Հայաստանը նույն կերպ արգելքներ չի սահմանում։ Համարժե՞ք են հայկական կողմի քայլերը․ այս առումով պաշտոնական ու փորձագիտական պատասխաններն ու հիմնավորումները տարբեր են։ Ամեն դեպքում հստակ են ավիաընկերությունների հաշվակները, եթե Թուրքիայի վրայով ուղիղ թռիչք չի իրականացվում, այլ օդային տարածքով թռիչքն ավելի երկար է տեւում, ավելի մեծ է ավիավառելիքի ծախսը, բնականաբար, թանկանում են նաև ավիատոմսերը։ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն,կոմերցիոն տնօրեն Գևորգ Խաչատրյանը «Ռադիոլուր»-ին պատասխանում է՝ վերջին անգամ Թուրքիայի օդային տարածքով թռիչքային ծրագիր ներկայացրել են այս տարվա գարնանն ու մերժվել․
«Օրինակ, Եգիպտոսի դեպքում եթե չվերթն իրականացնեինք Թուրքիայի օդային տարածքով, կոնկրետ Հուրգադայի չվերթը երկու ուղղությամբ կկրճատվեր 35-45 րոպեով։ Սա իր հերթին բերում է լրացուցիչ ծախսեր, ինչն էլ ազդում է տոմսերի գների վրա։ Թե որքան՝ հստակ չեմ կարող ասել։ Բայց եթե Թուրքիայի օդային տարածքով անցնում ենք միայն այդ երկրի տարածքով, ապա այլընտրանքային ուղով անցնում ենք Իրանով, Իրաքով, Սաուդյան Արաբիայով»։
Հայկական օդանավերը Թուրքիայի օդային տարածքով արդեն շուրջ 1 տարի թռչել չեն կարողանում։ Քաղավիացիայի կոմիտեից «Ռադիոլուր»-ին պարզաբանում են՝ազգային նիշով օդանավի վերջին թույլտվությունը տրվել է 2020թվականի օգոստոսի 29-ին, որից հետո հայկական բոլոր օդանավ շահագործողների թռիչքներ իրականացնելու հարցումները մերժվել են, ընդ որում՝ առանց հիմնավորումների։ Բայց արտառոցն այն է, որ Թուրքիան նաեւ պաշտոնապես որեւէ արգելք կամ սահմանափակում չի հրապարակել, որպեսզի ըստ այդմ Հայաստանը Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը դիմի համահավասարության սկզբունքը խախտելու բողոքով։
Քաղավիացիայից նշում են․ «Համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝օդային տարածքի արգելքի կամ սահմանափակման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է տվյալ պետության աէորոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով,սակայն Թուրքիայի ավիացիոն իշխանությունների կողմից պաշտոնապես որևէ արգելք կամ սահմանափակումների վերաբերյալ հիմնավորում չի ներկայացվել»։
Ավիացիոն հարցերով փորձագետ Հակոբ Ճաղարյանը հստակեցնում է՝ Թուրքիան հայկական օդանավերի մուտքն արգելում է՝ հիմք ընդունելով Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության աուդիտի տվյալները։ Հիշեցնում է՝ հայկական օդանավերը հայտնվել են «սև ցուցակում»։ Մեջբերում է տվյալներն ու հետևություններ անում՝ երբ Հայաստանը դուրս գա «սև ցուցակից», խնդիրը կլուծվի, միայն թե այդ ուղղությամբ հստակ քայլեր չի նկատում․
«Հայաստանը, որպես օդանավ շահագործող երկիր, ի վիճակի չէ վերահսկել թռիչքային անվտանգությունը և օդանավերի տեխնիկական թռիչքային պիտանելիության հավաստագրումը՝ համաձայն միջազգային կանոնների, այդ իսկ պատճառով ԵՄ հայկական գրանցմամբ օդանավերին արգելում է մուտք գործել ԵՄ տարածք։ Թուրքիան 1․5 տարի հետո հայկական գրանցմամբ օդանավերին արգելում է իր տարածքն օգտագործել։ Թուրքերը հիմնավորում ունեն՝ ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության աուդիտն է»։
Սակայն այս պարագայում փորձագետը մատնանշում է նաեւ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի դրույթները՝ պարտադիր բոլորի համար․ օդային տարածքների սահմանափակում չպետք է լինի։ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն նույնպես հղում է անում կոնվենցիայի 9-րդ հոդվածին եւ դրանով հիմնավորում, թե ինչու չի արգելում թուրքական օդանավերի թռիչքները իր օդային տարածքով, ընդ որում՝ նաեւ Ադրբեջան մեկնողներինը։
«Քաղավիացիայի կոմիտեի կողմից թուրքական և ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածք օգտագործման որևէ արգելքներ չեն սահմանվել՝ ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով առ այն, որ քաղաքացիական ավիացիան չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ։ ՔԱԿ-ը թուրքական օդանավերի մուտքը դեպի ՀՀ օդային տարածք չի արգելել»։
Հայկական եւ ադրբեջանական ավիացիոն իշխանություններն իրար հանդեպ օդային տարածքների օգտագործման արգելքներ չեն սահմանել, բայց միաժամանակ նաեւ թռիչքներ չեն իրականացնում։ Ադրբեջանական օդանավ հայկական երկնքով վերջին անգամ անցել է 2014-ին, իսկ հայկական գրանցումով օդանավեր Ադրբեջանի օդային տարածք չեն մտնում, քանի որ տվյալ ուղղությամբ չվերթերի պահանջարկ չկա՝ բացատրում են ավիացիայից։
Վերադառնալով Թուրքիայի այսպես ասած օդային քաղաքականությանը․ պաշտոնական պարզաբանումից հստակ է դառնում, որ այդ երկիրն այս առումով երկակի ստանդարտներ է կիրառում․ իր օդով թռիչքների փաստացի մերժումներին զուգահեռ խուսափում է հրապարակավ խոսել իր սահմանած արգելքների մասին, մինչդեռ համահավասար մոտեցման խախտումն արդեն հակասում է միջազգային կոնվենցիայի դրույթներին։





