
Այսօր մեկնարկում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Հայաստանի վարչապետը կհանդիպի վրաց գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, այնուհետև կանցկացվեն հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ։
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց և պատերազմից հետո տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում Փաշինյանն առաջին այցն է կատարում Թբիլիսի։ Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրում հստակ ամրագրել է՝ Երևանը կշարունակի ապահովել առանձնահատուկ եւ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը Թբիլիսիի հետ։
Թբիլիսիում Հայաստանի վարչապետի այցից հայ-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են ակնկալում։ Երկու երկրների իշխանությունները պատրաստակամություն են հայտնում հայ-վրացական տնտեսական համագործակցությունը էլ ավելի ակտիվացնել։ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի նոր կառավարության ծրագրում է, նշվում է՝ Թբիլիսիի հետ հաղորդակցական կապերի բարելավումը ռազմավարական նշանակություն ունի։ Վրացի քաղաքագետ Զազա Աբաշիձեն «Ռադիոլուրին» ասում է․
«Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները ջերմ են, բարեկամական, սակայն դա բավարար չէ․ մենք հատկապես առեւտրատնտեսական գործակցության հարցում լուրջ զարգացման ներուժ ունենք»։
Ըստ Աբաշիձեի, թբիլիսյան հանդիպումներում հատուկ անդրադարձ կլինի այս հարցին, հատկապես, որ այս տարի փոխադարձ արտահանման ու ներմուծման աննախադեպ աճ է գրանցվել։ Միայն այս տարվա հունվար մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից Վրաստան արտահանումն աճել է 17%–ով, Վրաստանից Հայաստան ներմուծումը՝ 38%-ով։
Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության տեսանկյունից հեռանկարային են համարվում տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ։
Փաշինյանի այցն այս անգամ, սակայն, ըստ նրա կտարբերվի քննարկվելիք հարցերի շրջանակից ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում բոլորովին նոր իրողություն է առաջ եկել, նոր մարտահրավերները․
«Քննարկվելիք հարցերը կվերաբերեն նաև անվտանգությանը, որը հատկապես ղարաբաղյան պատերազմից հետո օրակարգային է դարձել։ Մեր տարածաշրջանում ռուսական ներկայությունն է մեծացել, ինչն անհանգստացնում է Վրաստանին։ Կան անվտանգությանը վերաբերող հարցեր, որոնք կողմերը կընդունեն ընդհանուր սպառնալիք»։
Հարցերից մեկն էլ տրանսպորտային ենթակառուցվածքներին կվերաբերի։ Ի դեպ, Վրաստանում փորձագիտական շրջանակները հիմնականում մտահոգված են, որ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների հնարավոր ապաշրջափակումը կնվազեցնի Վրաստանի տարանցիկ դերը։
«Վրաց-եվրոպական ինստիտուտի» ղեկավար, վերլուծաբան Գիորգի Մելաշվիլի խոսքով․
«Կարծում եմ չի շրջանցվի նաև ավանդաբար քննարկվող հարցն աբխազական երկաթգծի վերագործարկման մասին, սակայն քաղաքական պատճառներից ելնելով, դժվար թե Թբիլիսին դրան լուծում տա»։
Վրաստանի իշխանությունները սակայն, ըստ նրա, պատրաստակամ են միջնորդի դեր խաղալ, առնվազն դերակատարություն ունենալ Ադրբեջանում պահվող բոլոր գերիների վերադարձի հարցում։
Վրաստանը ըստ նախկին դիվանագետ Գիա Ջափարիձեի, այս առումով պետք է և կարող է շարունակել իր դերը․ «Եւ մենք ապագայում կտեսնենք Վրաստանին որպես միջնորդ, որն ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կվերադարձնի պատմական այդ դերը»։
Հունիսին Վրաստանի միջնորդությամբ Հայաստան վերադարձավ 15 հայ ռազմագերի։





