ԿարևորՀասարակություն

Գիշերով կառուցվածը գիշերով էլ քանդվեց․ ո՞ր պետական մարմիններն են «մասնակից» Երևանի ինքնակամ կառույցների խնդրին

Նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ։ Որոշ հասցեներում ինքնակամ կառույցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետերում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:  Մեր թղթակից Սոնա Հակոբյանն է շրջել ապամոնտաժված շինությունների տարածքում, զրուցել բնակիչների և ականատեսների հետ։

Աջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում կոտրված ապակիներն ու քարերը, նաև անցորդների հետաքրքրասեր հայացքները հուշում են, որ նախորդիվ ոստիկանները Երևանի քաղաքապետի կարգադրությամբ նաև այդ տարածքներով են անցել։ Հալաբյան, Մարգարյան, Բաշինջաղյան և Հասրաթյան փողոցներում ապամոնտաժվել են համայնքապատկան հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին, կառուցված ապօրինի կրպակները:

Ապամոնտաժման համար օգտագործվել է նաև ծանր տեխնիկա։ Բնակիչները «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում են՝ կարգազանց տնտեսվարողները տարածքի բնակիչներ են։ Մի քանիսն ասացին, որ հիմնականում աշխատանքերը կատարվել են գիշերային ժամերին՝ խանգարելով իրենց հանգիստը, որոշներն ասում էին, որ շենքի դիմացն է փակվել, և դա է անհարմարություն պատճառել։ Մյուսներն էլ պարզապես չեն հասկանում, թե ինչ սկզբունքով են այդ շինությունները քանդվել․ «ոչ ոքի չէին խանգարում»,-ասում են։ Իսկ եթե ապօրինի են կառուցվել, թող մյուս նմանատիպ շինություններն էլ ապամոնտաժեն, չտարանջատեն։

«Ես զարմացա, գիշերով դրել սարքել են։ Երևի մտածել են՝ իրենց էլ չեն խանգարի։ Մյուսներինն էլ է կանաչ գոտի, բայց այն մյուսներին ձեռք չեն տվել, այս մարդու շինությունն են քանդել միայն։ Եթե խախտում են օրենքը ,թող բոլորին վերաբերի, ոչ թե ով ծանոթ ունի, նրան ձեռք չեն տալիս, ով չունի, գիշերով քանդում են»։

«Չգիտենք, այստեղ չենք եղել, չենք տեսել»։

Բնակիչներից նաև պատմեցին՝ գիշերը քնելիս դեռ ոչինչ չի եղել տան դիմաց, սակայն արթնացել են ու տեսել պատրաստի շինություն։ Եվ դա կառուցվել է մեկ գիշերում։  Ապամոնտաժված  շինությունների մոտ հանդիպեցինք նաև Երևանի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանին, ով, ի դեպ, ավագանու նիստում հենց այդ հարցը բարձրացնողն էր։ Հերթով ապամոնտաժվում են բոլոր այն շինությունները, որոնք ապօրինի են կառուցվել՝ առանց որևէ թույլտվության՝ ասում է  ավագանու անդամը «Ռադիոլուրի» հետ զրույցում։ Իսկ թե ինչպես են հասել այս փուլին, դա էլ մի ուրիշ հնարամտություն է։

«Շատ պրոֆեսիոնալ ձևով են կարողանում դա անել։ Շինությունը դեռ չսարքած՝ թերի վիճակում, դիմում են քաղաքապետարան օրինականացման խնդրանքով ու զուգահեռ կառուցում են շինությունը։  Երբ ոստիկանությունը գալիս է քանդելու, դրան զուգահեռ դիմում են դատարան, իբրև իրենց զրկում ենք ապօրինի գույքի օրինականացման իրավունքից։  Խուլիգանական այլ արժեհամակարգ ունեցող փոքր բանդաներ են, օրենքի բացից են օգտվում»։

Հանցավոր խմբերի առկայության մասին նախօրեին քաղաքապետ Հայկ Մարությանն էր խոսել։ Ի՞նչ բանդաներ են, ի՞նչ կապ ունեն պատկան մարմինների հետ՝ հետաքրքվեցի  ավագանու անդամից։

«Այո, ինչ-որ տեղեր՝  թե քաղաքապետարանում, գուցե նաև այլ կառույցներում փոխկապակցված անձինք կան, որոնք մնացել են թե նախկինից, գուցե նաև ներկայում էլ կան։ Կան հստակ թելադրողներ այս մարդկանց  նույն թաղապետարաններում։ «Իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից ազատվելն այս ամենի հետ կապ ունի՞»՝ հարցին արձագանքում է․ «Մեր վարչական շրջանի ղեկավարի հետ առնչություն չեմ ունեցել, ոորվհետև, միևնույն է, որքան էլ ահազանգ լիներ,  շինությունը մնում էր տեղում։

Ոչ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարի, ոչ էլ  տնտեսվարողների հետ մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել։ Միայն համատիրությունից և հարևաններից ոմանք  մեզ հայտնեցին, որ տնտեսվարողներն այժմ դատական հարցերով են զբաղված։ Փաստաբան են վարձել և դատարան դիմել ընդդեմ ապամոնտաժողների։  Ի դեպ՝ ապօրինի շինությունների խնդիրն առկա է ոչ միայն Աջափնյակում, այլև ողջ Երևանում և ոչ միայն։ Այլ հարց է, թե որն ինչ հնչեղություն և լուծում է ստանում։  Քաղաքապետարանից հայտնում են, որ ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական շրջանում: 

Որոշ հասցեներում դրանց սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետեր սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները: Համայնքներում ինքնակամ կառույցները նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համար են ցավոտ թեմա, քանի որ դրանք հիմնականում նորմերի խախտումներով են կառուցված։

Միայն տեսչական շրջայցերի, թեժ գծով բողոքների միջոցով այս տարի ինքնակամ 159 կառույց է բացահայտվել, որից 51-ը՝ Երևանում, «Ռադիոլուրին» տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանը։

«Մենք հաղորդում ենք ներկայացրել համայնքի ղեկավարներին՝ հետևանքները վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու։ Օրենսդրական բացեր կան, մենք այժմ աջակցում ենք, որպեսզի ապօրինությունը վերանա։ Չնախատեսված վայրերում ապօրինի շինություն են կառուցում, որը խանգարում է տարբեր պատճառներով։ Նորմատիվներ կան, հրդեհային, քաղաքաշինական  միջտարածություններ կան, որոնք պետք է պարտադիր պահպանվեն»։

Ըստ Արտաշես Սարգսյանի՝ «Քաղաքացիական օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ լինելու դեպքում «ինքնակամ» եզրույթը դուրս կգա, իսկ դա ներկայում ամենավտանգավորն է քաղաքաշինության մեջ  անվտանգության նորմերը պահպանելու առումով։  Համայնքային նշանակության հողերում  պետք է օրենքով բացառվի «ինքնակամ» կառուցապատումը։

Կարդացեք նաև

Back to top button