
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը ՀԱՊԿ-ին կազմակերպությունն ընդունել է ի գիտություն, ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականին համապատասխան աշխատանքները շարունակվում են: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տրամադրած տեղեկություններմ ընդունվել են ի գիտություն: Աշխատանքները շարունակվում են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի տված հանձնարարականներն համապատասխան», — նշել է նա:
Զայնետդինովը հիշեցրել է, որ նախօրեին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է հրատապ միջոցառումների ձեռնարկում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև պետական սահմանի տվյալ հատվածում սահմանազատման և սահմանագծման աշխատաքների իրականացում։
Գործակալությունը հիշեցնում է, որ չորեքշաբթի օրը Փաշինյանը, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, հայտարարել է, որ հայկական կողմը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե ՀԱՊԿ-ի մեխանիզմները թույլ չտան լուծել այս խնդիրը:
Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ խնդրելով հանձնարարել անհապաղ ակտիվացնել արտակարգ խորհրդակցությունների մեխանիզմը ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և Սյունիքում առաջացած «անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիքների» վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:




