
Վիկտորյա Սարգսյան
Արցախի հանրային ռադիո
Հանրապետության գյուղատատեսական նշանակության տարածքների մի մասում աշխատելը դեռևս շարունակում է վտանգավոր մնալ։ Արցախում գյուղատնտեսական նշանակության 3600 հա տարածք վտանգավոր է մշակության համար, քանի որ գտնվում է հակառակորդի դիտարկման տակ։ Այս տարածքների անվտանգության ապահովման խնդիրը պատկան մարմինների ուշադրության կենտրոնում է։
Պատերազմի հետևանքով Արցախի հանրապետության ընդհանուր գյուղատնտեսական նշանակության տարածքների շուրջ 75%-ը մնացել է հակառակորդի հսկողության տակ։ 580 հազար հեկտարից մեր հսկողության տակ է մնացել 105 հազար հեկտարը։ Սակայն այստեղ էլ գարնանացան աշխատանքները ոչ բոլոր տարածքներում է հնարավոր կազմակերպել։ Էկոնոմիկայի և գյուղտնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի խոսքով՝ մոտ 3600 հա տարածք վտանգավոր է մշակության համար, քանի որ գտնվում է հակառակորդի դիտարկման տակ։
Ասկերանի շրջանի 17 համայնքներից գրեթե բոլորում այս խնդիրն առկա է։ Մշակության համար վտանգավոր տարածքների զգալի մասը Ամարասի հարակից հատվածում է։ Իսկ Մարտունու և Մարտակերտի շրջաններում հակառակորդի դիտարկման տակ է 8 համայնք։

Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակից Ռոբերտ Վանյանի խոսքով՝ Մարտունու շրջանում մշակության համար վտանգավոր են հիմնականում Կարմիր Շուկա, Հերհեր, Սոս և Ճարտար համայնքների խաղողի այգիները։
Վտանգավոր տարածքներում աշխատելու համար ձեռնարկվել են որոշ միջոցառումներ։ Անվտանգության ապահովման համար դիմել են ռուս խաղաղապահների օգնությանը։
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը քննարկումներ է սկսել ռուս խաղաղապահների հետ՝ այս տարածքներում անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ։ Բայց խնդրի վերջնական լուծումներ դեռևս չկան։




