«Թուրքիայի պատկերացած «փոքր» պետություն Հայասատանն այսօր Անկարայի համար անսպասելի հայտարարություններ է անում` «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արեւելագետ Հայկ Քոչարյանը։ Շեշտում է, որ մեր շահերը նախկինում սահմանափակվել են միայն Հարավային Կովկասով, իսկ այսօր, երբ հնչում են Հունաստանին եւ Կիպրոսին աջակցող հայտարարություններ` Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի հեռու գնացող ծրագրերի դեմ, Անկարայից հնչում է կոշտ պատասխան, որը բնական է։ «Նման հայտարարություններ կլինեն, պետք է սովորել»,- ասում է արեւելագետը։
Նա նշում է, որ Հայաստանը տարածաշրջանում ակտիվ խաղացողի հայտ է ներկայացնում:
ՀՀ- արաբական երկրներ հարաբերություններ
Մերձավորարևելյան զարգացումները հաշվի առնելով՝ Հայաստանը ակտիվացնում է կապերը արաբական աշխարհի հետ` նաև սեփական շահերն առաջ տանելու համար։ Օրերս արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եղավ Եգիպտոսում, ընդլայնված հանդիպումներ ունեցավ Կահիրեում: Կարող ենք այս այցը մեկնակետ ընդունել Մերձավոր Արեւելքում Հայաստանի համար նոր հնարավորութուններ ստեղծվելու տեսանկյունից: Մերձավոր Արեւելքը եղել եւ մնում է մեր անվտանգության միջավայրում։ Այդ դրույթն ամրագրված է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգում։
Արաբական երկրներ–Թուրքիա հարաբերություններ
Այս օրերին միջազգային լրահոսը Արեւելյան Միջերկրականում տեղի ունեցող զարգացումներին է հետեւում, եւ տարածաշրջանի 6 երկրներ՝ Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանանը, Իտալիան և Իսրայելը հիմնել են տարածաշրջանային գազային նոր ձևաչափ՝ Արևելյան Միջերկրածովյան գազային ֆորումի շրջանակներում` բացառելով Թուրքիայի մասնակցությունը: Զարգացումները Միջերկրական ջրերում միայն չի վերաբերում գազային խնդիրներին, Թուրքիան հետաքրքրված է նաեւ համաշխարհային օվկիանոսի այս հատվածով անցնող մայրցամայքներն իրար կապող ստորջրյա ինտերնետ մալուխների նկատմամբ վերահսկողությամբ։