
Կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանն այսօր նշում է 73-ամյակը։ Այս առիթով «Ռադիոլուրը» առավոտյան «անհանգստացրել» է սիրելի Մաեստրոյին։
«Առավոտյան զարթնեցի ու տեսա, որ արդեն 73 է, ու հասկացա, որ պիտի պատրաստվեմ 75-ին»:
Ծննդյան օրը Մաեստրոյի տրամադրությունը վատ չէր։ Զրույցի ընթացքում էլ ավելի անկեղծացավ․
«70-ը որ անցավ, ես հասկացա, որ պետք է հանրագումարի բերել ամեն օրը, որովհետև երկար պլաններ արդեն դժվար է կառուցել, և մարդու կյանքի ամեն օրը հիմա շատ ավելի կարևոր է ինձ համար։ Դրա համար էլ շատ վատ եմ զգում, որ այս կորոնավիրուսի պատճառով ժամանակ ենք կորցնում»։

Կորցրած չէ երաժշտությանը նվիրած կյանքի ճանապարհը։ Ինձ միշտ թվացել է, որ արվեստի, հատկապես երաժշտության ճանապարհն ընտրած մարդու կյանքի որակը բոլորովին այլ է, անկախ դժվարություններից։ Մաեստրոն, կարծեք, համաձայն է․
«Գիտեք ինչ, երևի հա, որովհետև երաժիշտը դա ուրիշ մարդ է։ Երբ մարդն ընկնում է դժվար վիճակի մեջ, սկսում է աշխատանք փնտրել, և մեծ նշանակություն չունի՝ ինչ է անելու։ Բայց երաժշտի առանձնահատկությունն այն է, որ չի կարող ապրել առանց երաժշտության։ Եթե նա երաժշտությամբ չզբաղվեց, ամեն ինչ կորցրած մարդ է դառնում»։
Այն, ինչ ծննդյան օրը անձամբ իրեն ու բոլորիս կմաղթեր Երվանդ Երզնկյանը․
«Համբերություն»
Համբերությանը գումարենք առողջություն ու նաև երկար տարիների կյանք մաղթենք մեր ավագ ու սիրելի գործընկերոջը՝ Մաեստրո Երվանդ Երզնկյանին։




