
Կորոնավիրուսով պայմանավորված` ԱԺ-ն չեղարկել է օտարերկրյա բոլոր գործուղումները, որոնք նախատեսված էին մինչ այս տարվա հունիս ամիսը: Միջազգային կառույցները չեղարկել են բոլոր վեհաժողովները և տարեկան նիստերը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է, որ գործուղումների չեղարկումների արդյունքում որոշակի գումար կտնտեսվի: Թե որքան՝ դեռ հաշվարկներ արված չեն:
Այսօր «Ռադիոլուրը» վիրտուալ շրջել է մի շարք պատգամավորների ֆեյսբուքյան էջերով՝ հասկանալու՝ ինչով են նրանք զբաղված կարանտինի պայմաններում և ինչ նյութերով են կիսվում:
Պատգամավորների ցանկացած գրառում այս կամ այն կերպ կապված է կորոնավիուսի հետ: Հիմնականում տեղեկացնում են, թե ինչ միջոցառումներ են կիրառվում արտակարգ դրության հետ կապված և իշխանության հետագա անելիքները: Շատերը փորձում են հասկանալ՝ ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո:
Պատգամավոր Հարություն Բաբայանը տարածել է հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը ռուսական РБК-ին:

Այն ձևաչափը, որով ապրում էր աշխարհը մինչև կորոնավիրուսը, այլևս չի վերադառնա, կարծում է գործարարը: Նա պնդում է, որ պետությունների կառավարությունները պետք է օգնության ձեռք մեկնեն մանր բիզնեսին՝ ստանձնեն հիմնական սպառողի և պատվիրատուի կարգավիճակը, որ գոյություն ունեցող համակարգը չփլուզվի: Արժեքների վերանայում է տեղի ունենալու ոչ միայն բիզնեսում, այլև՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութաբանական և որպես հետևանք՝ վարքագծային:
Ի դեպ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ՖԲ էջով տեղեկացրել է. «Ավրորան» իր նպաստը կբերի համաճարակի դեմ պայքարին Հայաստանում՝ #AraratChallenge շարժման հանգանակությամբ հիվանդանոցներին տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք՝ այս գրառման տակ հատուկ նշելով Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին:

Ինչպես Ֆեյսբուքում, այնպես էլ առանձին յութուբյան ալիքով զրույցների ձևաչափ են առաջարկում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները: Վերջին զրույցներից մեկը նույնպես վերաբերել է աշխարհի վերափոխմանը:
Թեմայի մասին զրուցել են Էդմոն Մարուքյանն ու Տարոն Սիմոնյանը.
«Իրականում մենք կանգնած ենք շատ լուրջ փոփոխությունների առջև: Չնայած այս աղետը բնածին է, բայց լուրջ փոփոխություններ է ենթադրում գլոբալ պետությունների հարաբերություններում, միջազգային տնտեսական հարաբերություններում, կառավարման ասպարեզում և ընդհանրապես, միջանձնային հարաբերություններում: Աշխարհի փոխկապակցվածության կապերը դիտավորյալ թուլանալու են»,- ասում է Տարոն Սիմոնյանը։
Ինչ պետք է անի Հայաստանը կորոնավիրուսային իրականության պայմաններում՝ Էդմոն Մարուքյանը խորհուրդ է տալիս օրինակ վերցնել Գլենդելի քաղաքապետից, որը խոսում է նոր ընդունված օրենքների մասին:
« Եթե վարձակալը չի կարող վճարել վարձը կորոնավիրուսի պատճառով, տանտերը չի կարող նրան վտարել: Վարձակալները 6 ամիս ժամանակ ունեն իրենց վարձը վճարելու: Վճարովի ավտոկայանատեղիներն առաջին 20 րոպեն անվճար են, որպեսզի կարողանանք կայանել, մտնել խանութ, գնումներ անել և դուրս գալ: Նրանք, ովքեր չեն կարող վճարել ջրի և հոսանքի վարձը, մենք չենք անջատի դրանք»,- նշում է Էդմոն Մարուքյանը։

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը իր այսօրվա հրապարակումով տեղեկացնում է, որ որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ երկու օր է ինչ քաղաքացիներից նամակներ է ստանում կապված օրավարձով աշխատողների,Varks.am -ի ու մի քանի այլ խնդիրների մասին:
Պատգամավորը իր հետևորդների համար հստակեցնում է, օրինակ, թե անչափահաս երեխաներ ունեցողները որ դեպքում են պետությունից ստանալու աջակցություն.
« Այսօր ինձ արդեն բազմաթիվ քաղաքացիներ են զանգել և ասել են, որ մենք ունենք անչափահաս երեխա: Ես խնդրում եմ կարդալ նաև որոշման հաջորդ պարբերությունները, երբ առկա են այս հանգամանքները, այսինքն՝ երկու ծնողները ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 3 — 25 ընկած ժամանակահատվածում, եթե նաև ծնողներից մեկը ազատվել է աշխատանքից մարտի 13- 25 ընկած ժամանակահատվածում, ծնողներից մեկը ազատվել է աշխատանքից նույն ժամանակահատվածում, իսկ մյուսը՝ մահացած է կամ անհետ կորած»,- նշում է Զոհրաբյանը:
ԲՀԿ-ականները մշտապես խոսում են նաև վարկային համաներման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա պոպուլիզմ չէ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տարածել է իր հարցազրույցներից մեկը, որի ընթացքում նշում է. «Չի լինելու ճգնաժամից տուժած, դժվարությունների մեջ հայտնված որևէ մարդ կամ ընկերություն, որին աջակցելու միջոցառումներ չլինեն»:
Առաջիկա օրերին կհայտարարվի սոցիալական և տնտեսական աջակցության նոր միջոցառումների մասին, նշել է Թունյանը.

«Սրանով չենք սահմանափակվելու, կլինեն նաև նոր միջոցառումներ, որոնցով կլուծվի առանձին, արդեն տարբեր սեգմենտների խնդիրը, որովհետև մեկ միջոցառմամբ ու մեկ գործիքով հնարավոր չէ միաժամանակ լուծել թե սոցիալական, թե տնտեսական, թե առողջապահական բնույթի խնդիրներ: Վերլուծվել են բոլոր տեսակետներն, ու առաջարկները հաշվի են առնվել: Իհարկե, շատ խորքային վերլուծություն այս պահին հնարավոր չէ իրականացնել, որովհետև մենք ունենք արագության ու ժամանակի խնդիր: Եթե մեկ ամիս վերլուծեինք, հնարավոր է ավելի ճիշտ գործիքներ կիրառեինք, բայց այդ մեկ ամսվա ընթացքում տնտեսությունը կարող էր այնպիսի վիճակում հայտնվեր, որ անիմաստ կլիներ ինչ- որ բան անել»,- ասում է Թունյանը:
Պատգամավորներն իրենց հետևորդներին թարմ տեղեկատվություն տրամադրելուց բացի նաև շարունակում են հորդորել բոլորին։ Համաճարակը հաղթելու միակ տարբերակը տանը մնալն է: Քանի որ Աժ լիագումար նիստը ավարտվել է մեկ օր առաջ, պատգամավորները դեռ չեն հասցրել ինքնամեկուսացվել երկար ժամանակով: Բայց ամեն դեպքում արդեն իրենք էլ կիսվում են գրառումներով՝ ինչ չգիտեին կամ չէին կարող անել կորոնավիրուսից առաջ և ինչ արդեն սովորել են անել:




