ԿարևորՀասարակություն

Մրգաշատի պատմությունն ամփոփվում է ալբոմներում

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի գրադարանում պահվում են գյուղի պատմությունը  ամփոփող հաստափոր ալբոմներ, որի ժամանակագրությունը շարունակում է լրացնել Լարիսա Խաչատրյանը:  Ալբոմները հաճախ են հայտնվում ընթերցասերների ուշադրության ներքո, որոնք իրենց հուզող հարցերի պատասխանը ստանում են նայելով ժամանակագրությունն ու իրադարձությունը:  Լարիսա Խաչատրյանը ազատ ժամերին զբաղվում է նաև հայկական  տարազներով տիկնիկներ պատրաստելով:

Մրգաշատ գյուղի գրադարանի վարիչ  Լարիսա Խաչատրյանը 43 տարի հավատարիմ ու անմնացորդ ծառայում է իր գործին: Կարդում է, գրքի ընտրության հարցում խորհուրդ տալիս ընթերցողներին, իսկ ազատ ժամերին լրացնում գյուղի պատմության  ժամանակագրության ալբոմը, որը ժամանակ առ ժամանակ համալրվում է նոր լուսանկարներով:

«Երեք ալբոմ ունենք շարունակական, մեկը մյուսին լրացնող: (Բացում է ալբոմը) Էստեղ ովքեր են եղել 1929 թվականից Մրգաշատ գյուղի նախագահները, էսպես  թվականներով գալիս է: Ազգային թանգարանից եկան ամբողջ գյուղի տեղեկությունների  բնօրինակները տարան, սրանք նկարեցին, թողեցին մեզ: Էս, էն ժամանակ եղել է գյուղի խրճիթ գրադարան և  խանութը, 30-ական թվականներին, պատմելով՝ հենց  այստեղ է եղել (ցույց է տալիս մանկապարտեզի հատվածը)»:

Գյուղի պատմության ալբոմների հեղինակը գրադարանի նախկին վարիչ Գոհար Թովմասյանն է:  Նա որոշել էր պահպանել ու  սերունդներին փոխանցել համայնքի զարգացմանը նպաստող մարդկանց լուսանկարներն ու  իրադարձային պատմությունները: Մրգաշատը բնակեցվել է 1828-29 թվականներին.

«Գյուղը հիմնվել է Հասան և Սարդար խաների ժամանակ, բնակիչները եկել են Ջուղայից ու Բայազետից, հետո նաև Ալաշկերտից, Սուրմալուից՝ Արևմտյան Հայաստանից: Հետո Սարդար խանը հիմնել է Սարդարապատը, էնտեղ է նստել, Հասան խանը՝ էստեղ է  նստել, և էդ ժամանակվանից բնակչություն եղել է: Էս մայլան է, որը գտնվել է սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, որտեղ եկեղեցի, այնտեղ բնակչություն»:

Թերթելով ալբոմը Լարիսա Խաչատրյանը նշում է Հայրենական մեծ պատերազմի համագյուղացի վետերաններին, հիշում նրանց  ավանդը, որին համայնքը երախտահատույց է եղել՝ մեծարելով նրանց:

«Հայրենական մեծ պատերազմի վետերաններն են, 420 մարդ գյուղից գնացել է պատերազմ, 102-ը՝ զոհվել, հիմա ոչ ոք չկա»:

Խորհրդային տարիներին, աշխատողներին խրախուսելու նպատակով, լավագույններին արժանացրել են  «Սոցիալիստական աշխատանքի հերոս» բարձրագույն պարգևին: Նրանք  չորսն էին՝ Նատուշ Ավետիսյանը, Գարուշ Մարկոսյանը, Ջեմմա Երվանդյանն ու Ռուբիկ Թադևոսյանը: Ռուբիկ Թադևոսյանը կոլտնտեսության վարչության նախագահն է եղել և Գերագույն Խորհրդի պատգամավոր: Այնուհետև ժամանակագրությունը մեզ հասցնում է արցախյան պատերազմ և պատմությունը շարունակվում  մինչև մեր օրերը:  Լարիսան փակում է ալբոմն ու քայլերն ուղղում դեպի  մշակույթի տան դահլիճ: Սա այն բացառիկ դահլիճներից է, որը պահպանվել է գրեթե ամբողջությամբ, գրեթե, քանի որ առաստաղի խոնավությունից պոկվել էր միայն մեծ ջահը, իսկ  զարդաքանդակները պահպանվել են.

«Մեծ դերասաններ է տեսել էս դահլիճը՝ Ռաֆայել Քոթանջյան, Արմեն Խոստիկյան, էստեղ Արամ Խաչատրյանը համերգ է տվել, Արև Բաղդասարյանը, Ալբերտ Սարգսյանը, Մոսկվայի վարիետեն»:

Գրադարանի մի փոքրիկ անկյունում  Լարիսա Խաչատրյանի  պատրաստած տիկնիկներն են, որով սկսել է զբաղվել 5 տարի առաջ:  Անցած տարի պատրաստել էր Թումանյանի հերոսներին.

«Փորձել եմ նաև Համբոն ու Գիքորը, էս Նատոն է, ամենառաջին ստեղծագործությունս հենց ղարաբաղցին է, 2 հատ տիկնիկ էլ ուղարկել էի Ղարաբաղ՝ մրցանակաբաշխության, հաղթել էին, թողեցի իրենց նվեր»:

Լարիսան հետաքրքրվում է տարազներով, ուսումնասիրել է Վանի, Շատախի, Սասունի տարազներն ու ցույց տալիս տիկնիկը՝ ինքը Սասունի տարազով է: Տիկին Լարիսան  ձեռքի տակ ունեցած կտորներով ու նյութերով պատրաստում է տիկնիկը, ապա մտածում կերպարի մասին: Տիկնիկների մեծ մասն էլ նվիրել է, որոնք հայ տարագիրների նման տեղ են գտել օտար ափերում:

Կարդացեք նաև

Back to top button