
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանում հյուրատնային բիզնեսը մեծ հեռանկարներ ունի: Այսօր շատ է այս ոլորտում չօգտագործված ներուժը: Այս մասին մեր գործընկերոջ հետ զրույցում կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նույնանուն հյուրատան հիմնադիր-տնօրեն Յուրա Սարգսյանը:
Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բոլոր հնությունները Յուրա Սարգսյանը փորձում է դարձնել բրենդ՝ իր հիմնադրած «Ծաղկունք» հյուրատան զարգացումն ապահովելու համար: Նա հյուրատան հիմնադիր-տնօրենն է, համատեղությամբ՝ նաև ավագ խոհարարը:

Ընտանեկան բիզնեսն արդեն 8 տարվա պատմություն ունի: Հյուրերը Երեւանից են, տարբեր մարզերից , նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկներ են հյուրընկալվում: Արդեն ամփոփել են 2018 թվականի արդյունքները ու չեն դժգոհում:
Ինչո՞վ են կարողանում գրավել զբոսաշրջիկներին: Յուրա Սարգսյանի խոսքով՝ առաջին հերթին ճիշտ սնունդ մատուցելով: Գյուղական թարմ սնունդ, որը ստանում են հենց գյուղում՝ համագործակցելով նաեւ համագյուղացիների հետ:

Միայն գյուղական ուտեստներով, սակայն, չեն սահմանափակվել: Գյուղում օգնել են 13 ընտանիքի, որպեսզի նրանք զբաղվեն կարպետագործությամբ: Կարպետները գրավում են հատկապես արտասահմանյան զբոսաշրջիկներին. կա մեծ հետաքրքրություն , նրանք գնում են ու իրենց հետ գյուղից որպես հուշ տանում:
Լեռնային գյուղի այլ հնարավորություններ նույնպես հյուրատունը փորձել է դարձնել հյուրերին գրավելու միջոց: Օրինակ՝ ունեն սարերից հավաքված թեյերի տեսականի, որոնք առաջարկվում են:

Հյուրատան հնարավորություններով Յուրա Սարգսյանը մասնակցել է փառատոնների ու մրցույթների: Միջազգային խոհարարական մրցույթներից մեկից էլ վերադարձել է ոսկե մեդալով:
Յուրան ասում է, որ հյուրատնային բիզնեսը Հայաստանում լուրջ հաջողություններ ունի: Երբ 8 տարի առաջ մտածեց ու սկսեց գործը, գյուղում քչերն էին հավատում, որ ինչ-որ հաջողություն կարող է ունենալ: Այսօր արդեն հյուրատնային ասոցիացիայի խորհրդի անդամ է, իր հաջող փորձով կիսվում է մյուսների հետ, միաժամանակ օգտվում ուրիշների փորձից:




