

«Ընդերքը քանդել, արտահանել ենք արտերկիր ու ասում ենք, որ տնտեսական աճ ունենք». օրերս, անդրադառնալով նախորդ կառավարության գրանցած 7,7 տոկոս տնտեսական աճին, այսպես էր արձանագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփեց այս տարվա առաջին վեց ամիսների արդյունքները: Կառավարության ղեկավարը տնտեսական աճի կառուցվածքի փոփոխություն է ակնկալում:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վերլուծում է ԱՎԾ տվյալները:
Ունենալ ներառական տնտեսական աճ. սրա մասին խոսում էին նախկին ու ներկա կառավարությունները: Ավելի պարզ՝ այնպես անել, որ տնտեսական աճն իրենց վրա անմիջականորեն զգան շարքային քաղաքացիները: Նախորդ կառավարության արձանագրած 7,7 տոկոս աճը հույս չներշնչեց անգամ կառավարության ղեկավարի մոտ:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տրամադրած նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9.6 տոկոս: Հիմնական աճն ապահովել են ծառայությունների (21.2 տոկոս), գյուղատնտեսության (14 տոկոս), շինարարության (4.2 տոկոս), առևտրի ( 3.3 տոկոս) ոլորտները:
Արդյունաբերության ոլորտում աճը մոտ 5,5 տոկոս է կազմել: Չնայած գործադրվող ջանքերին, ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանմանը: Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ երկարաժամկետ հատվածում հնարավոր է խոսել ներմուծման և արտահանման ծավալների հավասարեցման մասին։ Մոտ ապագայում սա քիչ հավանական է։
Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքը պետք է փոխվի՝ կարծում է Նիկոլ Փաշինյանը:
Ներառական տնտեսական աճ արձանագրելու համար պետք է քրտնաջան աշխատել՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Նախ ինստիտուտների գործունեությունը պետք է արդյունավետ դարձնել, հետո նաև՝ բարձրացնել վերահսկողությունը:
Ինքը՝ Մանուկյանը, պատասխանատու հանքարդյունաբերության, խաղի հավասար կանոնների ապահովման կողմնակից է:




