

Երեւանի Ադոնցի 6/1 հասցեում պետական բնակարանաշինական ծրագրի շահառուների եւ «Միկշին» ընկերության «հակամարտությունը» շարունակվում է։
«Ռադիոլուրի» անդրադարձն ու շահառու պետծառայողների բողոք-հայտը հասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
Այն ի գիտություն է ընդունել շահառուների բողոքն առ այն, որ կառուցապատող «Միկշին»-ը, օգտվելով իրենց խոցելի վիճակից, նրանց դրդում է մեկ այլ՝ «Ադոնց 6/1» անունով կազմակերպության հետ ստորագրել սպասարկման պայմանագիր, որում, սակայն, ծառայությունների դիմաց անհասկանալի բարձր գին է սահմանված՝ ամսական 24 հազար դրամ:
Ամենակարեւոր հարցերից է նաեւ «Միկշին»-ի եւ կոմունալ սպասարկում իրականացնող ընկերությունների փոխկապակցվածությունը:
Բնակիչները պնդում են, որ տարբեր անունների տակ նույն մարդիկ են, ինչը «Միկշինից» հերքում են: «Ռադիոլուրը» շարունակում է անդրադառնալ արդեն բարձրացված խնդիրներին:
Ադոնցի 6/1 հասցեում պետծրագրով պետծառայողների համար բնակարանաշինական ծրագրի շուրջ դժգոհությունները շարունակվում են:
«Ռադիոլուր»-ն արդեն մանրամասնել է, որ շենքի շահառուներից շուրջ 130-ը տունը ստացել է, բայց առանց հոսանքի, քանի որ շենքի մասնաշենքերից ոչ բոլորի համար է ենթակայան կառուցվել:
ՀԷՑ-«Միկշին» փոխադարձ մեղադրանքներից հետո սկսել են հստակեցվել ժամկետերը՝ ենթակայանը պատրաստ կլինի մինչեւ մարտ, իսկ դիմում գրող քաղաքացիներն, այդուհանդերձ, հոսանք ու իրենց տանն ապրելու հնարավորություն կունենան: Բայց հարցերի մի ողջ շղթա դեռ հարուցում է շահառուների տարակուսանքն ու վրդովմունքը:

«Միկշինը» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը եւ ստիպում իր հետ փոխկապակցված մեկ այլ ՝ «Ադոնցի 6/1 սպասարկող կազմակերպության» հետ կնքել չհիմնավորված գներով սպասարկման, ջեռուցման եւ տաք ջրի մատակարարման պայմանագրեր՝ պնդում են շահառուները:
«Ինչ հանգամանքներից ելնելով է «Միկշինը» որոշել, որ հենց այս կազմակերպությունը պետք է իրականացնի սպասարկումը՝ հետագայում այն շարունակելու համար: Պետք է սեփականատերերն իրենց ժողովով եւ 50+1 տոկոսից ավելիի ցանկությամբ համատիրություն կազմավորեն, ոչ թե «Միկշինը» որոշի, որ հենց այս կազմակերպությունը պետք է գա, ու հետո մենք շարունակենք դրա հետ»,- ասում է շահառուներից մեկը:
Բայց խնդիրներին գանք հերթով: Շենքը նոր է՝ համատիրություն չունի: Կառուցապատողն ինքն է կազմակերպություն հիմնել, հաշվել-հաշվարկել ու համատիրության գործը ստանձնելու իր գինն առաջարկել՝ ամսական 24 հազար դրամ: Ընդ որում՝ սա չի ներառում ոչ տաք ջրի, ոչ աղբահանության, ոչ ջեռուցման ծախսերը: Ի՞նչ տրամաբանությամբ եւ ի՞նչ ախորժակով է հաշվարկվել սակագինը:

Բնակիչների հարցը նաեւ ՏՄՊՊՀ անդամներին է հետաքրքրում: Կարեն Ղազարյանը, ով սպասարկող կազմակերպության ղեկավարն է ու, բնակիչների պնդմամբ, նաեւ «Միկշինի» վառ ներկայացուցիչը, հաշվարկման բանաձեւը չի ներկայացնում, չնայած հանձնաժողովը նախապես պահանջել էր:
Նա մանրամասները խոստանում է ավելի ուշ ներկայացնել, փոխարենը բացատրում է ու փաստորեն նաեւ խոստովանում՝
«Բնակիչների հետ փոխհարաբերություններում մենք սակագինը չենք հաշվել ըստ բնակարանի կամ բնակարանի քմ-ի: Մենք «Միկշին» ՍՊԸ-ի հետ ունենք պայմանագիր, որով մեկ բնակարանի համար հաշվարկել ենք 24 հազար դրամ՝ աշխատանք, նյութեր, հարկեր, եկամուտ՝ այսպիսի բյուջեի շրջանակներում:
Հանձնաժողովի անդամներից մեկի դիտարկմանը, թե կա քաղաքապետարանի որոշում, ըստ որի, եթե չկան այլ ծառայություններ, սպասարկման վճարը 1 քմ-ի համար 15 դրամ է, Կարեն Ղազարյանը արձագանքեց՝ դա համատիրությունների մասով է: Մենք համատիրություն չենք, ՍՊԸ ենք՝ շահույթ հետապնդող ու մենք ունենք մեր հաշվարկները»:
Բնակիչների համար նույն անհասկանալի հաշվարկներն են նաեւ տաք ջրի համար:
«Որոշել են՝ տաք ջրի գինը 1 խմ-ի համար պետք է լինի 2300 դրամ: Որն է սրա խելամտությունը: Այսպիսի գին ընդհանրապես գոյություն չունի»:
Շենքի տանիքն էլ է բնակիչներին պատկանում, զարմանում են հանձնաժողովում, ինչպե՞ս է «Միկշինը» առանց հարց ու պատասխանի բերել, արեւային տաքացուցիչներ տեղադրել ու պատրաստվում տաք ջուր վաճառել նույն բնակիչներին:

Ընդ որում՝ վաճառքի հարցերը կրկին անցնում են «Ադոնցի 6/1» անվամբ ՍՊԸ-ին, որի ղեկավար Կարեն Ղազարյանի վստահեցմամբ՝ «Միկշինի» հետ պայմանագիրն է թույլ տալիս: Նույն պայմանագրով ենթադրվում է նաեւ կաթսայատան շահագործումը, որը եւս պատկանում է բնակիչներին: Շահույթ հետապնդող կազմակերպության կազմած պայմանագիրը պարտադրվում է շահառուներին՝ պնդում են վերջիններս:
Սպասարկման այս պայմանագիրը որեւէ կապ չունի տաք ջրի ու հոսանքի հետ, սակայն այն չստորագրողներին «Միկշինը» կամայաբար տաք ջուր ու հոսանք չի տրամադրում, ցանկացած ժամանակ էլ անջատում է, ավելին՝ սպառնում՝ «կհանդիպենք» ջեռուցման շրջանում, «սեւ ցուցակով»:
Իրենց պարտադրվում է ամեն ինչ՝ սպասարկող վարկատու բանկն՝ իրենց ուզածը, նոտարն՝ իրենց ուզածը, ապահովագրողն՝ իրենց ուզածը, սպասարկողն՝ իրենց ուզածը: Անգամ կապի օպերատորն է միայն իրենց ուզածը:
Ընտրության ոչ մի հնարավորություն, հարյուրավոր շահառուների անունից պնդում է նրանցից մեկը:
« Միանշանակ, սա գերիշխող դիրքի չարաշահում է: Մարդն իր ընդհանուր կոմունալ ծախսերը պետք է վճարի միջինը 70 հազար դրամ, դա էլ առանց ջեռուցման: Գազ չունենք, ամեն ինչը հոսանքով է, հոսանքի վրա ավելի շատ պիտի ծախսենք,ջրի փող ու 24 հազար դրամ՝ Միկշինին»: Բա երեխաների հարցերը ո՞նց լուծենք: Խելամտությունը ո՞րն է մեր երկրի այս պայմաններում: Կամ էլ պետք է մեկին գտնենք, տունը վաճառենք, թողնենք գնանք: Անունով էլ պետական ծառայող ենք, ու պետությունը մեզ լավություն է արել: Լավությունն այստեղ ո՞րն է»:

«Միկշին» ընկերության իրավաբան Դավիթ Կարապետյանը նկատում է՝ սպասարկման պայմանագիր կնքել է արդեն ավելի քան 100 շահառու: Բայց եթե ոչ բոլորը ստորագրեն պայմանագիրը, մնացած 100-ն էլ առոչինչ կհամարվեն, շարունակում է սպասարկող կազմակերպության ղեկավար Կարեն Ղազարյանը: Մի նրբություն էլ կա: «Միկշինն» ու սպասարկող կազմակերպությունը խոստանում են, որ վճարովի սպասարկումը սկսվելու է եկող մարտի մեկից: Մինչ այդ լինելու է անվճար: ՏՄՊՊ հանձնաժողովականները հարց են ուղղում այս կազմակերպություններին՝ այդ դեպքում ինչու եք հիմիկվանից ստիպում պայմանագիր կնքել, այն դեպքում, երբ դրանք մի օր կարող են առոչինչ համարվել:
«Բնակիչներին երբեւէ չի պարտադրվել, անկախ նրանից, թե ոնց են իրենք դա մեկնաբանում: Մենք փորձել ենք բնակիչ-«Միկշին» եւ «Միկշին»-«Ադոնցի 6/1» սպասարկողի միջից «Միկշինին» հանել: Սպասարկողը թող կապի մեջ լինի միանգամից շահառուի հետ»,- ասում է Կարեն Ղազարյանը:
Այս խառը փոխհարաբերություններում ով ով է, առաջին հայացքից դժվար է հասկանալ: Բնակիչները պնդում են՝ տարբեր անունների տակ նույն մարդիկ են՝ միկշինցիները, ինչը «Միկշինից» հերքում են ու այդպիսով ավելի մեծ վրդովմունք հարուցում: Բայց լուծումն, այնուամենայնիվ, նշմարվում է՝ ստեղծել սեփական համատիրություն:
Ովքեր արդեն կնքել են «թանկարժեք» սպասարկման պայմանագիրը, ամեն օր կարող են այն լուծել՝ միանալով սեփական համատիրությանը ու մասնակցելով գրպանին մոտիկ սակագնի ձեւավորմանը: «Միկշինից» խոստանում են չխանգարել դրան:




